
Նախագահի էպոսագետ թեկնածու. արտաքին քաղաքականություն, քարոզարշավ…
«Ի՞նչ լուրջ հարցեր կարող էին ծագել Վրաստանի և Հայաստանի միջև, որ Վրաստանի վարչապետ պարոն Իվանիշվիլին հենց այս պահին՝ նախագահի ընտրություններից առաջ, պետք է պաշտոնական այցով գար մեր երկիր: Ո՞վ կասի, թե Սերժիկ Ազատի Սարգսյանը որպես ինչ է ներկայանալու Վրաստանի վարչապետին՝ որպես նախագահ, թե որպես նախագահի թեկնածու: Ես, լինելով նախագահի թեկնածու, բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ դառնալուց հետո ճանաչելու եմ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և Իվանիշվիլու այցը սխալ եմ համարում նաև այս համատեքստում:
Կոչ եմ անում Վրաստանի վարչապետին հրաժարվել հունվարի 17-ին իր պաշտոնական այցից Հայաստան, քանի որ դա մեր բոլորի կողմից կարող է դիտվել որպես միջամտություն մեր երկրի ներքին քաղաքական կյանքին»,- հայտարարեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ասուլիսի ժամանակ:
Էպոսագետը Հայաստանի ներքին կյանքին միջամտելու փորձ է համարում նաև ՌԴ նախագահի հունվարին սպասվելիք այցը Հայաստան, քանի որ հենց Վլադիմիր Պուտինն է 2008 թվականին Սերժ Սարգսյանին նշանակել Հայաստանի նախագահ:
«Կոչ եմ անում ընկեր Վլադիմիր Պուտինին զերծ մնալ իր հունվարյան այցից Հայաստան: Նա կարող է գալ մեր երկիր ընտրություններից հետո»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը:
Շարունակելով արտաքին քաղաքանության թեման՝ Վարդան Սեդրակյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասաց նաև, որ նախագահ դառնալուց հետո ճանաչելու է ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի անկախությունը:
Խոսելով մոտակա քարոզարշավի մասին՝ Վարդան Սեդրակյանը «հիասթափեցրեց հանդիսատեսին». էպոսագետին հանդիպելու և նրա հետ մոտիկից շփվելու հնարավորություն կունենան միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, քանի որ նա իր քարոզարշավը սահմանափակելու է ասուլիսներ տալով և, բնականաբար, օգտագործելու է իրեն՝ որպես նախագահի թեկնածուի, տրամադրված եթերաժամանակը: Լրագրողների այն հարցին, թե ինչու Վարդան Սեդրակյանը չի ցանկանում իր քարոզարշավի ժամանակ անձամբ հանդիպել ժողովրդի հետ և, ինչու չէ, սեղմել տատիկների ձեռքերը, նախագահի թեկնածուն պատասխանեց, որ հիմա դրսում ցուրտ եղանակ է, բացի այդ՝ արդեն կա մեկը, ով այդ հարցում մասնագիտացած է, և ինքը չի պատրաստվում կրկնել ուրիշի գործողությունները:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել