
Վճիռ հօգուտ մամուլի, բայց արդյո՞ք հանուն արդարադատության
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց զրպարտության և վիրավորանքի համար «Կենտրոն» հեռուստաընկերության դեմ ներկայացված երկու հայց:
Աշոտ Հարությունյանն ընդդեմ «Կենտրոն» հ/ը-ն և Գևորգ Հայրապետյանն ընդդեմ նույն լրատվամիջոցի հայցերով առաջին ատյանի քրեական դատարանի վճռով մեղադրվող անձինք պահանջում էին հերքել իրենց մասին տեսանյութում հրապարակված տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, շփոթմունք են առաջացնում հասարակության շրջանում: Փաստաբանի պնդմամբ, այդ հրապարակումները միտված են ամրապնդելու համոզմունք, որ այդ անձանց դեմ առաջադրվող մեղադրանքները լուրջ հիմքեր ունեն:
Մասնավորապես, վիճարկվում էին «Հետաքննություն» հաղորդաշարի ընթացքում ցուցադրված գեղարվեստական կադրերը, որոնք դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ նկարահանումները կատարվել են հանցագործության կատարման պահին:
Դատավոր Արթուր Սմբատյանը կարդաց վճիռները, սակայն ներկա հայցվոր կողմին տեղեկացրեց, որ դրանք կողմերին կտրամադրվեն երկուշաբթի:
Երկու հայցվորների փաստաբան Սեդա Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօր եւս մեկ անգամ ապացուցվեց` Հայաստանում դատավճիռները այլ հարթության վրա են ընդունվում:
«Նույն ուժերը, որոնք դեր խաղացին Գևորգ Հայրապետյանի ու Աշոտ Հարությունյանի դատավարությունների ժամանակ, կարողացան ազդեցություն ունենալ այստեղ, - ասաց փաստաբանը, - սրանք դատարանի անկախ ու անկաշառ վճիռներ չէին»:
Ս. Սաֆարյանը ափսոսում է, որ ներպետական դատարանները չկարողացան ինքնուրույնություն դրսևորել ու արդյունավետ պաշտպանել այս անձանց շահերը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ ընթացակարգային խախտումների մասին հաղորդագրություն ստանալուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է Գևորգ Հայրապետյանի դատավճիռները թե′ այս գործով և թե′ հայրենիքի դավաճանության համար քրեական գործով, եւ փաստաբանը պատրաստվում է դրանք ուղարկել ՄԻԵԴ:
«Ներպետական դատարանները չկարողացան արդյունավետ պաշտպանություն ապահովել, - նշեց Ս. Սաֆարյանը, - այժմ ստիպված ենք հույս դնել Եվրադատարանի վրա»:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազությանը մատնացույց էր արել որպես վիճարկվող հաղորդումների պատվիրատու, վճռի հրապարակմանը ներկա չէր, սակայն հեռախոսազրույցի ընթացքում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
Մեկնաբանել