HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը արդարանում ու մեղադրում է, ծուղակ է լարում, սպառնում եւ առաջարկում է-2

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Քոչարյանը ծուղակ է լարում, սպառնում եւ առաջարկում է… 

Ռոբերտ Քոչարյանի՝ բավական լավ մշակված ու մտածված հարցազրույցում չեն կարող աչքից վրիպել մի քանի բառեր, որոնք նա օգտագործել է: Դրանցից ամենաակնառուն «ղարաբաղցիներ» բառն է, որը տվյալ համատեքստում գրեթե հնչում է իբրեւ առանձին ազգություն: Սա օգտագործում է մի մարդ, ում նախագահության տարիներին երբեք չմոռացան, որ 1998թ. հեռացող նախագահ Տեր-Պետրոսյանը իր հրաժարականի տեքստում ղարաբաղցիներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի ու նրանց հետ համակարծիք հայաստանյան քաղաքական ուժերի եւ գործիչների համար օգտագործել էր «պատերազմի կուսակցություն», իր «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում` «մաքսիմալիստ» եզրերը, իսկ իր «հայաստանածին» քաղաքական թիմի համար օգտագործել էր համապատասխանաբար «խաղաղության կուսակցություն» եւ «մինիմալիստ» բառեզրերը:

«Ղարաբաղցիներ» բառը ասում է մի գործիչ, որն իր քաղաքական թիմով Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին մեղադրում էր այդ կերպ ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ սեպ խրելու մեջ, բայց այժմ ինքն է ավելի կոպիտ եղանակով իր եւ Սերժ Սարգսյանի համար օգտագործում «ղարաբաղցիներ» եզրը: Սա ոչ այլ ինչ է, քան ղարաբաղցի-հայաստանցի մշտարթուն կոնֆլիկտը արթնացնելու, ավելի կոնկրետ` նախընտրական այս փուլում հակաղարաբաղցիական տրամադրությունները Սերժ Սարգսյանի դեմ ուղղորդելու հնարք եւ ծուղակ:  

Հարցազրույցում առավել քան երկիմաստ վիճակ է ստեղծում Քոչարյանի այն ձեւակերպումը, թե Սերժ Սարգսյանը եւ ինքը «վաղեմի գործընկերներ» են: Անգամ 2008թ. նախագահական ընտրություններից ու մարտի 1-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հրապարակային ելույթներից մեկում դիմելով Սերժ Սարգսյանին, նրան «ընկեր» անվանեց: Ռոբերտ Քոչարյանի համար, պարզվում է, Սերժ Սարգսյանը ընդամենը «հայրենակից ղարաբաղցի է», «գործընկեր է», այն էլ` «վաղեմի»: Դեհ, եթե նրանք «վաղեմի գործընկերներ են», իսկ Քոչարյանն էլ այժմ գործ չունի, կարելի է եզրակացնել, որ նրանք այլեւս գործընկեր չեն, իսկ «վաղեմի»-ն էլ տվյալ համատեքստում նշանակում է ոչ թե հին, այլ երբեմնի գործընկեր: Սա Սարգսյանի ու իր միջեւ հերթական սահմանագիծն անցկացնելու բավականին նուրբ ու քողարկված ձեւ է:      

Որքան էլ հարցազրույցում առանձնացրած ոչ հիմնական գործոնների պատճառով Ռոբերտ Քոչարյանը իր «անհետաքրքրությունն» է հայտնում քաղաքական իրավիճակի հանդեպ եւ Սերժ Սարգսյանին հավաստիացնում, թե թվարկված պատճառներով «ձեռնպահ է մնում ակտիվ քաղաքականություն վերադառնալուց» եւ չի ցանկանում իր «ժամանակը, գիտելիքներն ու փորձը» ծախսել «մանրածախ քաղաքական առետրի» վրա, այդուհանդերձ, երկրորդ հարցի ներքո նա չի թաքցնում, որ իր համար պահպանվում են քաղաքականություն վերադառնալու հիմնական գործոնները: Մասնավորապես, նախկին հարցազրույցներում Քոչարյանի հիշատակած հիմնական գործոնների՝ «արտագաղթի, տնտեսական իրավիճակի եւ քաղաքական մրցակցության» մասին խոսելիս երկրորդ նախագահը նշում է. «Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, եւ սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության եւ ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում»: 

Փոխաբերական եզրաբանությամբ գնահատական տալով երկրի ներկայիս վիճակին՝ Քոչարյանն ուղղակի ասում է, որ երկրի սիրտը` կառավարման համակարգը, այն է՝ իշխանությունը հիվանդ է, եւ իրավացիորեն հիշատակված ցուցանիշները համարում է կարդիոգրամմա: Չբավարարվելով գնահատական տալով՝ նա ցուցանում է իր տարբերություններն ու համեմատական առավելությունները Սերժ Սարգսյանից, ով վերջին 5 տարիներին ինքն էր փորձում դրականորեն առանձնանալ ու զատվել Քոչարյանից. «Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, եւ որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ)»: 

Հակիրճ, Քոչարյանը հայտարարում է, որ հիմնական գործոնների առումով ժամանակի ընթացքում առավելությունները լինելու են իր օգտին: Հարց է ծագում՝ նա դա ասում է ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանների ու զրուցակիցների համար. միաժամանակ երկուսն էլ հնարավոր են: Մի բան չափազանց հստակ է. նրա հաջորդող նախադասությունը ոչ միայն կարող է դիտվել որպես երկրի զարգացման հեռանկարի հուշում, այլեւ՝ առաջարկ. «Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո»: Իսկ Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունը խորհրդարանական ընտրություններով իշխանափոխությունն է, ավելի ստույգ` վարչապետի ու կառավարության փոփոխությունը, որի մասին էր նաեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ տանդեմի ռազմավարությունը` Ռ. Քոչարյանի ստվերային դիրիժորությամբ:

Բացի այն, որ 2009թ. Հայաստանի արեւմտյան՝ հայ-թուրքական սահմանի բացումը քննադատած Քոչարյանը այժմ խրախուսում է Ռուսաստանի հետ Հայաստանի հաղորդակցության վերականգնման հեռանկարը վրացա-աբխազական սահմանի բացման արդյունքում, բացառել չի կարելի, որ Քոչարյանը ակնարկում է իր կարողությունները այդ առանձնացված միակ խնդիրը լուծելու առումով: Հասկանալիորեն՝ իբրեւ վարչապետ:  

Դրա վկայությունն է նաեւ այն, որ հաջորդիվ շարունակելով քննադատություն հնչեցնել ու մտահոգություն արտահայտել երկրի տնտեսական քաղաքականության առնչությամբ՝ Քոչարյանն ակնհայտորեն իր օրակարգում է պահում վարչապետի պաշտոնի կապակցությամբ սեփական հավակնությունը, որն անկատար մնաց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ տանդեմի համատեղ ռազմավարության ձախողման արդյունքում:

Հարցազրույցի վերջին պարբերության մեջ նա վերստին քննադատում է Սերժ Սարգսյանին` նրան մեղադրելով քաղաքական դաշտի տիկնիկավարը լինելու մեջ, ինչպես նաեւ` ետքայլ կատարած քաղաքական ուժերին, ովքեր հրաժարվեցին մրցակցությունից ու պայքարից. «Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին եւ անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեեւ հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում»: 

Եւ վերջապես, այս ամենի ակորդն է դառնում նրա հարցազրույցի ամենավերջին նախադասությունը. «Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի եւ կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «հանգիստ ու հանդարտ ջանքեր գործադրող» կառավարությունը «ավելի շատին ձգտող» կառավարությամբ փոխելու հուշում: Ըստ այդմ` մնում է եզրակացնել, որ այդ պաշտոնում Քոչարյանը դժվար թե իրենից բացի որեւէ այլ մեկին տեսնի, որի համար էլ նրբորեն ինքնաառաջադրվում ու ակնարկում է Սերժ Սարգսյանին: Կամ էլ այն հետընտրկան շրջանում հայցում է իր համար վստահելի մեկի համար, հատկապես, երբ ճանաչում է Սերժ Սարգսյանի վերընտրվելու իրավունքը եւ սպասում 2018թ. մեծ վերադարձին... 

Ռ. Քոչարյանի կողմից առաջարկն այնպես է արվում, որ մերժվելու դեպքում նա այլընտրանք ունի` նախագահական ընտրություններից հետո քաղաքական նոր մրցակցության սաստկացումը մինչեւ 2018թ.՝ հանուն «ժողովրդի լավ ապրելու», իշխանությանը զրկելով «հանգիստ քնից»: Վերջին հաշվով, քաղաքականություն վերադառնալու կամ դրանից ձեռնպահ չմնալու հիմնական գործոնները` «ցածր ծնելիության եւ ծերացող բնակչության պարագայում» «երկրից բնակչության արտահոսքը» ու դրա միտումները, որոնց վրա Քոչարյանը «կցանկանար ծախսել իր ժամանակը, գիտելիքներն ու փորձը», իր համար ուժի մեջ են մնում՝ ի տարբերություն ոչ հիմնական գործոնների` քաղաքական մանրածախ առեւտրով զբաղված քաղաքական ուժերի: 

Մի բան հստակ փոխվել է Քոչարյանի պլաններում. «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» օպերացիան վերափոխվել է «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուք Սերժ Սարգսյանի հետ» օպերացիայի: Այդ համատեքստում էլ ՀՀ երկրորդ նախագահը գործող նախագահ Սերժ Սարգսյանին նրբորեն ակնարկում է թե վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պահպանվող հավակնության մասին, թե սպառնում է, որ մերժելու դեպքում ինքն այլընտրանք ունի. երկրի վատթարացող իրողությունների պայմաններում կազմավորել երեք նախագահների ձեւաչափը, ինչը իբրեւ թե երբեք չի արել նախկինում… 

Այդպիսով, 2012թ. ընթացքում տարբեր հնարքներով նախեւառաջ ԲՀԿ-ին, ապա ՀԱԿ-ին հանելով Քոչարյանի Մեծ խաղից՝ Սերժ Սարգսյանը փաստացի դադար է տվել դիմակայությանը, բայց չի լուծել հիմնական կոնֆլիկտը երկրորդ նախագահի եւ նրա գաղտնի կամ բացահայտ դաշնակիցների հետ, եւ դա սրվելու է նախագահական ընտրություններից հետո՝ մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ: Ճանաչելով Սերժ Սարգսյանի վերընտրվելու իրավունքի «լեգիտիմությունը», հիշեցնելով իր իշխանությունը նրան փոխանցելու մասին՝ Քոչարյանն ակնարկում է այն ամենաուշը 2018թ. ետ ստանալու պահանջի մասին, եթե մինչ այդ Սերժ Սարգսյանը իրեն չնշանակի «ավելի շատին ձգտող» կառավարության գլուխ: 

Հենց այս իրավիճակում է, որ խաղաքարտեր է խառնում «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հանգամանքների ու իր հեղինակության բերումով դարձել է Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը եւ կարող է Քոչարյանի ձեռքից խլել ոչ միայն առաջինի (հաղթելու դեպքում), այլեւ անգամ երկրորդի (երկրորդ տեղ զբաղեցնելու դեպքում) կոչումը: Եւ պատահական չէ, որ ընտրություններում առաջադրված որոշ թեկնածուներ իրենց հիմնական թիրախն են դարձրել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այդ գիծն են սպասարկում նաեւ քոչարյանամերձ վերլուծական շրջանակները, ովքեր նրա հանգույն Սերժ Սարգսյանին մեղադրում են բոլորի, այդ թվում՝ «Ժառանգության» տիկնիկավարը լինելու մեջ, թեպետ իրենք էլ վստահ են, որ այդ մեղադրանքի հիմքում ընկած է պարզապես քաղաքական կյանքում երկրորդ ծանրակշիռ գործոնի կոչումից զրկվելու վախն ու քաղաքական խանդը: Ոչ ավելին: Նման հեռանկարը միգուցե ցանկալի է նաեւ Սերժ Սարգսյանի համար, որպեսզի նա վերջնականապես ազատվի իրեն ստվերի նման ուղեկցող, քննադատող ու առաջարկներ անող երկրորդ նախագահի գործոնից: Սակայն «Ժառանգության» թեկնածուն հավասարապես անկանխատեսելի ու վտանգավոր է ընկալվում ոչ միայն քոչարյանական դաշտի, այլեւ Սերժ Սարգսյանի համար: 

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մասամբ հանձնվող գործչի հարցազրույց էր, ով Սերժ Սարգսյանին պարտվել էր 2011-2012թթ.: Այն նաեւ Սերժ Սարգսյանի հետ զինադադար կնքելու հարցազրույց էր՝ նրա վերընտրության իրավունքը ճանաչելու, բայց դրա դիմաց կառավարության սիրտը ստանալու գործարք-առաջարկով: Այն արդարանալու հարցազրույց էր՝ խաղից դուրս եկած կամ բերված քաղաքական դաշնակիցներին ու զինակիցներին մեղադրելու գնով: Սակայն, այն նաեւ հարցազրույց էր ընտրություններից հետո պայքարը շարունակելու մասին՝ դրա հիմքում դնելով երկրի վատթարացող իրավիճակի անխնա քննադատությունը: 

Ակնհայտորեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում տեսանելի սպասումներից մեկն այն է, որ Մեծ խաղի տապալումից ու իր արդարացումներից հետո նա կնշանակվի վարչապետ կամ կստանա վարչապետի պաշտոնը վստահելի մեկի համար, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը ցանկանա կոտրել երկրի համար վտանգավոր միտումներն ու ձեւավորել «ավելի շատին ձգտող» կառավարություն: Այդ պաշտոնը ստանալու երկրորդ տարբերակ Քոչարյանի համար կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան օրավուր սրվող մրցակցությունը, եթե Սարգսյանը իշխանությունը պահելու համար կրկին մնա Քոչարյանի հույսին՝ ինչպես 2008թ. փետրվարին ու մարտին:

Եւ վերջապես, երրորդ հնարավորություն է մնում ընտրություններից հետո քաղաքական մրցակցության խթանումը «ժողովրդի անտարբերության վերացման, հավատ ներշնչելու, մոբիլիզացիայի ու գործողությունների դրդելու» միջոցով, եթե ԲՀԿ-ն համաձայնի վերսկսել ընդհատված պայքարը: Իսկ եթե նա չհամաձայնի, ապա այդ դեպքում Քոչարյանը ստիպված կլինի պայքարի նոր հենարան ստեղծել Վարդան Օսկանյանի ու այլոց հետ: Վերջինս այս տարեմուտի իր անդրանիկ ֆեյսբուքյան գրառման մեջ պայքարը շարունակելու կամ լքելու մասին Հիրշմանի խոսքերի վկայակոչմամբ արդեն իսկ ակնարկել է թե՛ ԲՀԿ-ի հետ, թե՛ առանց նրա պայքարելու իր պատրաստակամության մասին: 

Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, եւ կոնկրետ ո՞ր դիպաշարը կգործարկի երկրորդ նախագահը, ցույց կտա ժամանակը: Մի բան ակնհայտ է. իր հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը նոր ինտրիգ է մտցնում պասիվացած քաղաքական կյանքում՝ ռիսկեր զգալով բոլորից, բայց նաեւ ռիսկեր ստեղծելով բոլորի համար:          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter