
Կիլինկարովի սպանության գործով դատավարությունը շարունակվում է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, նախօրեին շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Կիլինկարովի սպանության գործով դատաքննությունը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վասիլ Շահվերդյանը նախկինում իրեն սպառնալիքներ տալու և հայհոյելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթներով Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաշենիքի դիմաց հանդիպել է Գագիկ Կիլինկարովին և նրա ընկեր Արմեն Կոստանդյանին:
«Շատերի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ , 2011 թ. ապրիլին ապօրինի կերպով ձեռք բերված և դեպքի պահին իր մոտ գտնվող, հրազեն հանդիսացող, ինքնաշեն եղանակով պատրաստած 9 մմ տրամաչափի «Իժ-79-8» մոդելի, գազայինից մարտականի վերափոխված ատրճանակով Վասիլ Շահվերդյանը 7 կրակոցներ է արձակել Գագիկ Կիլինկարովի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մարմնի տարբեր մասերում և գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Իսկ նրա հետ քայլող, նույն վայրում փողոցը հատող Արմեն Կոստանդյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք»,- նշված է մեղադրականում:
Դատարան չէին եկել տուժող Արմեն Կոստանդյանը, Գագիկ Կիլինկարովի իրավահաջորդ Ալվարդ Էվոյանը (սպանվածի մայրն է), գործով վկա, սպանվածի հորաքույր Անժելա Կիլինկարովը եւ վկա Կարեն Հարությունյանը: Տուժող Արմեն Կոստանդյանը դիմում է ներկայացրել դատարանին, որ գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ չի կարող ներկայանալ:
Անցած նիստին հարցաքննվեցին վկաներ Թերեզա Հանեսյանը եւ Սուսաննա Հարությունյան:
Վկա Թերեզա Հանիսյանը դատարանին հայտնեց, Գագիկ Կիլինկարովի սպանության վայրը իր խանութից գտնվում է 40 մետր հեռավորության վրա: Դեպքի պահին նա եղել է խանութի ներսում, որտեղ եղել են նաեւ հաճախորդներ: Հանկարծ ձայներ է լսել, եւ իրեն թվացել է, թե երեխաների ձեռքի պայթուցիկների ձայներ են, որոնք լսվել են 4 կամ 5 անգամ: Սակայն 5 րոպե անց նկատել է, որ բոլորը վազում են:
Խանութի առաջ գտնվող կոշիկի վերանորգման փոքրիկ տնակից դուրս է եկել թաղամասի բնակչուհի Անժիկ Կիլինկարովը, ով Գագիկ Կիլինկարովի հորաքույրն է: Վերջինս մոտեցել է վկայի խանութի դռանը և հարցրել է. «Չգիտես՝ էս ի՞նչ է պատահել»: Հետո դեպքի վայրին մոտեցել են բնակիչներ, իսկ ավտոմեքենայի մոտ տեսել է սպանվածին՝ գետնին ընկած: Վկան նշեց, որ խանութից դուրս չի եկել եւ որեւէ վիրավորի չի տեսել, բայց լսել է, որ կա նաեւ վիրավոր:
Իսկ վկա Սուսանա Հարությունյանը պատմեց, որ աշխատավայրում, լսելով կրակոցի ձայներ, բացել է պատուհանը եւ տեսել հրապարակի ծաղկի խանութի առջևով անցնող մի երիտասարդի՝ «գլխին հագած կապիշոնով»:
«Նրա ձեռքին կար առաջ պարզած սև գույնի ատրճանակ»,- ասաց Ս. Հարությունյանը:
Դատավարությունը կշարունակվի փետրվարի 4-ին:
Մեկնաբանել