«Ո՞ւր են իմ պետության աչքերը, խի՞, խի՞ են մեզ սենց տանջում: Ու հետն էլ ասում են՝ վա՜յ, գնացին Թուրքիա ու հիմա Թուրքիայում եսիմ ինչեր են անում: Արի, տես ինչե՞ր եմ անում: Արի, տես ու ապացուցի: Էսօր ես խի՞ եմ էսքան տանջվում, իմ էրեխից հեռու, ու իմ սիրտը մղկտում ա, որ ես չեմ կարողանում իմ էրեխին հասնեմ, գոնե տանեմ բժշկի: Ու ես եկել եմ Աստծու դուռն, Աստծուց եմ խնդրում: Խի՞, խի՞ չպիտի աշխատանք լիներ, ես գնայի աշխատեի: Ես հավաքարար էլ կաշխատեի, բայց էդ էլ չկար, էդ էլ չկար»,- մեզ հետ զրույցի ընթացքում Արմինեն արտասվում էր:
Արդեն 5 տարի է՝ աշխատում է Թուրքիայում որպես ծերերի խնամակալ: Որդուն առողջական խնդիրներով Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան, իսկ ինքը չի կարողանում մեկնել՝ տեսակցության: Արմինեին հանդիպեցինք Ստամբուլի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում:
Թուրքիայում աշխատելու մեկնած հայաստանցիներն ազատ օրերին այստեղ են հավաքվում: Նրանք հիմնականում Վանաձորից են եւ Գյումրիից: Կանայք մեծ մասամբ աշխատում են թուրքերի եւ հարուստ պոլսահայերի ընտանիքներում: Ճաշ եփելը, տուն մաքրելը եւ ծերերին ու երեխաներին խնամելն է նրանց հիմնական պարտականությունը:

Կարինեն արդեն մի քանի ընտանիք է փոխել. չի կարողանում աշխատել այն տներում, որտեղ իր արժանապատվությունը ոտնահարում են: Միայնությունն ու աշխատանքային դժվարությունները հաղթահարելու միակ ձեւը հայ ընկերուհու հետ խոսելն է:

«Իրենք եթե տեսնում են դու խելոք, նվիրված աշխատում ես, մի քսան գործ էլ ավել գլխիդ լցնում են: Եթե էսօր պետք չի պատուհանը մաքրել, կասեն՝ մաքրի: Հանգստյան օրս կտրում էին, չէին տալիս։ Ի՞նչ անպայման ա հանգստի գնաս, ո՞վ ունես ստեղ, ինչի՞ ես գնում: 24 ժամ մեզ հասնում ա, պիտի հանգստանաս, բայց նա քեզ տալիս ա երկու ժամ: Ասում ա՝ գնա մի հատ Հայաստան զանգի արի»,- ասում է Կարինեն:

Հայերը մեծ մասամբ ձգտում են ընտանիքով տեղափոխվել Թուրքիա: Ամենասկզբում ընտանիքի անդամներից մեկն է մեկնում: Ապրելու վայր եւ վաստակելու մի փոքր միջոց գտնելուն պես իր մոտ է կանչում մյուսներին: Նրանք Ստամբուլ են բերում նաեւ երեխաներին, ովքեր հիմնականում դառնում են աշխատանքային թրաֆիկինգի զոհեր:

13-ամյա Մամուկան աշխատավայրում ամենասիրվածն է: Մամուկան Հրազդանից է, արդեն 4 տարի է՝ աշխատում է Ստամբուլի Կումկափի թաղամասի կոշիկի արտադրամասերից մեկում: Օրվա ընթացքում բոլոր մանր գործերը բաժին են ընկնում նրան: Հեշտությամբ հաղորդակցվում է թուրքերենով, սակայն դպրոց չի հաճախում:

«Հայաստան վերադառնալ հեչ չեմ ուզում։ Ստեղ լավ ա։ Լավ ընկերներ ունեմ, լավ «մեջք» ունեմ»,- ասում է Մամուկան։
Նրա մայրը՝ Կարինե, Ստամբուլ է եկել իր երկու որդիների հետ: Մեկը՝ կոշկակարություն, մյուսը վարսավիրություն է սովորում: Ամենափոքր տղային Կարինեն թողել է Հրազդանում՝ մոր խնամակալության ներքո:

- Ես արդեն Հայաստան չեմ էլ ուզում գամ. մենակ ես չէ, բոլորը։
-Չե՞ք կարոտում:
-Իհարկե, կարոտում եմ, ո՞նց չեմ կարոտում: Էրեխա ունեմ, մեր ունեմ, հողս եմ կարոտում: Հիմա ես չէ՞ի ուզենա իմ էրեխու մոտ լինեի: Իմ էրեխեն սեպտեմբերի մեկին դպրոց ա գնում, առաջին դասարան, ես չեմ կարում գնամ:

-Ձեր երեխաների ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:
-Իրենց արդեն ի՞նչ ապագա, պիտի աշխատեն, իրենց պահեն: Հայաստանում լինեի, կմտածեի ապագայի մասին, որ դպրոց գնային, համալսարան ընդունվեին, սովորեին…ապագան ստեղ էս ա՝ կոշիկ կարել պիտի սովորեն, ուրիշ ոչ մի բան:

-Քանի՞ ժամ են օրական աշխատում երեխաները:
Առավոտ 7-ին արթնանում են, գալիս են գործի: Մինչեւ երեկոյան 7-8-ը աշխատում են, նորից տուն, տնից գործի, էդ ա: Հլա իմ էրեխեն ինձ մոտ ա աշխատում, իմ ձեռի տակ ա աշխատում: Մնացածների էրեխեքը ուրիշների մոտ են. մեկը գոռում ա, մյուսը խփում ա: Հազվագյուտ մարդիկ կան, որ էրեխեքին լավ են նայում:

Ստամբուլում աշխատող երեխաներն արդեն վարժ խոսում են թուրքերեն, իսկ հայկական դպրոց նրանք չեն հաճախում: Այստեղ բնակություն հաստատած հայերը վերադարձի մասին անգամ չեն մտածում: Ստամբուլը նրանց տունն է եւ ընտանիքը:

70-ամյա տիկին Անահիտը 15 տարուց ավելի է, ինչ Ստամբուլում է: Արմատներով գյումրեցի է, բայց ապրել է Երեւանում: Անահիտը միայնակ է ապրում, բայց գրեթե բոլոր ստամբուլահայերը ճանաչում են նրան՝ Կումկափիի նեղլիկ փողոցում ռուսական մթերք վաճառող Անոյին:

«Հայաստանում դու կարայի՞ր սենց սեղանիկ դնեիր, առանց ոչ մի կոպեկի առեւտուր անեիր: Չէին թողնի, չէ՞: Որ գնացի Հայաստան, եթե ես չելնիմ դուրսը նստեմ, առեւտուր չանեմ, ես կմեռնեմ, ուզում ես մեռնե՞մ»,- ասում է Անահիտը։

-Երեխաներ ունե՞ք։
-Ունեմ, էրեխա ունեմ: Ռուսաստան են սաղ էրեխեքս, նրանք ամենքը ընտանիք ունեն: Հնարավոր չի ստեղ ապրես, ուղղակի յոլա եմ գնում:

-Հոգնել եք, փաստորեն:
-Կյանքից եմ հոգնել, բալա ջան, կյանքից: 15 տարվա հետ խա՞ղ ես անում:
Հայաստանից ժամանած հայերը գրեթե չեն մասնակցում Թուրքիայի ներքին կյանքին: Պետության կողմից նրանք դիտարկվում են միայն որպես աշխատուժ: Թուրքիայի կառավարությունը չի արտաքսում նույնիսկ անօրինական ճանապարհով այնտեղ ապրող հայերին, քանի որ նրանք համարվում են ամենալավ վարպետները ոսկերչության, կոշկակարության եւ այլ արհեստների գծով:

Արտաշը հենց այդ վարպետներից մեկն է: Ստամբուլ է ժամանել մոր եւ քրոջ հետ: Իմանալով, որ Հայաստանից ենք, գյումրեցու հյուրընկալությամբ հրավիրեց մեզ Կումկափիում վարձած իրենց բնակարան:

-Ինչո՞ւ որոշեցիր Ստամբուլ գալ:
-Դե, ամենաէժան տոմսը ստեղ էր:
-Չե՞ք վերադառնալու Հայաստան:
-Առայժմ չէ, տուն առնեմ, նոր:
![]() |
![]() |
-Չես ամուսնանո՞ւմ:
-Դե, առանց տուն ի՞նչ ամուսնանալ:
-Կարողանո՞ւմ եք փող հետ գցել:
-Եթե մենակ ես լինեի, չէ: Քույրս էլ ա աշխատում, մայրս էլ: Ես իմ աշխատածով հազիվ տան հարցերն եմ լուծում:
Արտաշի մայրը՝ Զինան, չի դժգոհում Թուրքիայի կյանքից, սակայն համակերպվել չի կարողանում երկիրը լքելու իրենց որոշման հետ։ Նա համարում է, որ իր ընտանիքը ստիպված է եղել նման քայլի դիմել:
«Ժողովուրդը հիմա լրիվ դուրսն է, ինչի՞ համար է դուրսը, որ իրենց գոյությունը պահեն: Եթե չքանդեին, ժողովուրդն ինչի՞ պիտի դուրս էլներ: Թուրքի տուն կաշխատեմ, ինձ հարազատի պես կընդունեն, բայց ինչի՞ պիտի ես թուրքի տուն աշխատեի, քանի դեռ իմ հող ու ջուրը կար: Ինչի՞ պիտի ես իմ գործին չլինեի, գայի Թուրքիա հասնեի, իմ էրեխեքին բերեի ստեղ: Ինչի՞ պիտի բերեի: Իմ էրեխեքը ուսումները կիսատ թողին, տուն չունեինք, իմ 3 էրեխին որբ պահի, մեծացրի, որ հիմա գայի հասնեի Թուրքիա, ինչի՞: Չնայած դժգոհ չեմ, բայց էս մեր տեղը չէր գալու»,- ասում է Զինան:
Թուրքիայի տնտեսության աճին համընթաց ավելանում է նաեւ Հայաստանից Ստամբուլ արտագաղթողների թիվը: Օրեցօր նոր ողբերգական պատմություններ են հայտնվում մեգապոլիսի նեղ փողոցներում:
Հերոսներից ոմանց անունները փոխված են։
Անի Հովհաննիսյան
Էդիկ Բաղդասարյան
Սարո Բաղդասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել