HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերջնագրերն անթույլատրելի են». Սերժ Սարգսյանի արձագանքը ընդդիմության հետ երկխոսության շուրջ

Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ  ուժերի համար:  Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով:  Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:

Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ:

Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:

Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:

Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ:

Մեկնաբանություններ (2)

rahageets
What will the government and the HAK opposition dialog about - who gets what share in the next round of parliamentary elections?
Hov
Պետք է ընդունել, որ կոնգրեսը որոշակի արդյունքների հասել է արդեն: Ի թիվս այլոց՝ ԼՏՊ -ն կարողացավ «տղերքին հանել»: ՍՍ - ն ավելի կարեոր խնդիրներ լուծեց՝ «մեծահոգաբար եւ ողջամտորեն տղերքին բաց թողեց», այստեղից բխող նշանակալից հետեւանքներով: Իհարկե, դա լավ էր բոլորի համար: Սակայն սրանով իսկ արդեն նոր իրադրություն է առաջացել խաղատախտակին, որը պահանջում է փոխել տակտիկան: Ինձ հարցնեին՝ կոնգրեսը, նախագահի պատասխանից հետո, ունի երկու հնարավոր ճանապարհ՝ կամ պատասխանատվությունը իրենից պիտի հեռացնի ընդհանրապես (կամ արտաքնապես), ասելով - «ժողովուրդ ջան, դուք գիտեք այլեւս, ում հետեւից ուզում եք գնացեք, ինչ ուզում եք արեք, սրանց հետ մարդավարի չի ստացվում» - որն իհարկե, վատ կլինի բոլորի համար: Սակայն կա ավելի ռեալիստական, թեեւ ոչ այնքան «էֆֆեկտով» նայվող երկրորդ տարբերակ, որը, թերեւս կարող է աշխատել: Արդ՝ որն է այն: Կոնգրեսն ուղղակի ասում է - «Շատ շնորհակալություն ընձեռնված լայն հնարավորությունների համար: Մենք մեծահոգաբար հրաժարվում ենք արտահերթների պահանջից (հատկապես որ, ամեն մեկս էլ կարող ենք հասկանալ, որ այն ներկա իրավիճակում իրականացնելու դեպքում նույնիսկ, ամբիցիաներ բավարարելուց զատ՝ ժողովրդին որեւե իրական օգուտ չի էլ բերելու): Եւ համաձայն նախագահի հայտարարության՝ կոնգրեսը բաց հարցադրումներ ու առաջարկներ է սկսում դնել թե ԱԺ - ի, թէ վարչապետի, թե արդարադատության առաջ, նպատակ դնելով հերթով (վերջինս շատ կարեոր է) «ուտել հակառակորդի ծանր ֆիգուրաները» (համակարգի փթող սյուները), զերծ մնալով «արքայի» ու «թագուհու» դեմ ուղղված գործողություններից: Այս գործին մեծ հաճույքով կմասնակցեն նաեւ ընդիմության մյուս թեւերն, դիմության որոշ անդամներն ու անկախները, «добро» - ն արդեն տրված է ակամա: Սրանից հետո նոր իրավիճակ կառաջանա եւ կպահանջվեն արդեն նոր մոտեցումներ ... Կարծում եմ խաղացողները կարող են հասկանալ եւ առաջ նայել: Շախմատի մեջ հուշելը լավ չէ անշուշտ, սակայն այս խաղը բոլորիս է վերաբերվում, այս կամ այն չափով, ուստի ներողություն չեմ ուզում խնդրել ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter