
Եթե անգամ Արարատ-Մեղրի մայրուղին կառուցվի, ապա վճարովի կլինի
Օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարեց, որ ոմն «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: Ծրագրի մի մասը կֆինանսավորի պետությունը, իսկ մյուս մասը` «Ռասիա ՖԶԷ»-ն:
Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմուրություններում գրանցված ընկերությունը կկառուցի և դրանից հետո 30 տարի կշահագործի Արարատից մինչև Մեղրի ավտոմայրուղին և երկաթգիծը:
Մի կողմ թողնելով մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ` անդրադառնանք մասնավոր ընկերության կողմից Հայաստանի երեք մարզերով անցնող և համարյա 300 կմ երկարություն ունեցող ավտոմայրուղու 30 տարի շահագործման մասին հայտարարությանը:
Ի՞նչ է նշանակում «մայրուղու շահագործում»
Թեև մեր ականջը սովոր է, որ ավտոմայրուղի շահագործելը նշանակում է այդ մայրուղով երթևեկել, ակնհայտ է, որ նախարարությունը չէր հայտարարելու, որ կառուցողին թույլատրելու է 30 տարի երթևեկել մայրուղով, քանի որ, կարծես, միշտ մայրուղով կարող են երթևեկել բոլորը:
Այստեղ պարզ է դառնում, որ «մայրուղու շահագործում» ասելով` նախարարությունը նկատի ունի այդ մայրուղու տնօրինումը:
Պարզ ասած, դա նշանակում է, որ Արարատից Մեղրի մայրուղին կդառնա վճարովի, հասույթն էլ կգնա ոմն «Ռասիա ՖԶԷ»-ին: Այսինքն` մայրուղու վրա դրվելու են «շլագբաումներ» և մուտքը թույլատրվելու է միայն ինչ-որ վարձ վճարելուց հետո:
Դա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ 3 միլիարդ դոլարանոց ծրագրի կեսը ֆինանսավորելու է այդ ընկերությունը և, բնականաբար, ետ պիտի բերի իր ներդրումները: Սա պարզից էլ պարզ է:
Նախարարության լռությունը` համաձայնության նշա՞ն
Այս հարցի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Ոչ մամլո ծառայությունը, ոչ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, ոչ էլ տրանսպորտի վարչությունը չկարողացան պատասխանել մայրուղու վճարովի/անվճար լինելու բավականին պարզ հարցին:
Ակնհայտ է, որ եթե կառուցվելիք մայրուղին անվճար լիներ, ապա նախարարությունից զարմանքով և հպարտությամբ կասեին, որ այն անվճար է:
Այլ վարկած
Օբյեկտիվության համար պետք է ասենք, որ հայրենական մամուլում արդեն շրջանառվում է մի վարկած, համաձայն որի «Ռասիա ՖԶԷ»-ի հետ հուշագրի ստորագրումը նախընտրական ֆարս է, և իրականում ոչ մի մայրուղի էլ չի կառուցվի:
Այդ վարկածը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ «Ռասիա ՖԶԷ» ընկերության մասին ոչինչ հնարավոր չեղավ գտնել համացանցում, իսկ նախարարության հաղորդագրության մեջ հղում կա Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին:
Սակայն, հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի «լավագույն» ավանդույթները, հնարավոր է, որ «Ռասիա ՖԶԷ»-ն «ատկատ» է վճարել (կամ հենց պետական մի պաշտոնյայի է պատկանում) և մի «փսևդոմայրուղի» կառուցելուց հետո կսկսի Զանգեզուր, Արցախ և Իրան մեկնողներից 30 տարի շարունակ հարկ հավաքել… Իսկ վճարովի մայրուղիները սովորաբար էժան չեն լինում:
Այսպիսով, կարելի է վստահ ասել, որ կամ Արարատից Մեղրի տանող ավտոմայրուղին կկառուցվի և կլինի վճարովի երթևեկության համար, կամ այն ուղակի չի կառուցվի:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել