HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:

Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ: ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնտեսական համատարած հաշվառում, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել:

Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը կարևորել է մի քանի տեսակետից: Նախ նա նշել է, որ իրենք երբևէ այսպիսի հաշվառում չեն իրականացրել, և անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը գյուղատնտեսության ոլորտում: Բացի դրանից՝ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին 5 տարվա ընթացքում էապես ավելացել է, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով և իրականացվող ծրագրերով:

«Այս բնագավառի համար կառավարությունը մշակել է նոր, գյուղի և գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ համալիր ծրագիր: Մենք այլևս չենք կարող գյուղատնտեսությունը դիտարկել գյուղի զարգացումից առանձին, քանի որ այն մարդիկ, որոնք չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետք է գյուղում ունենան այլ աշխատատեղեր: Այդ ուղղությամբ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր: Մենք շահագրգռված ենք գյուղատնտեսության ոլորտում հաշվառմամբ, և այն լինելու է կառավարության 2013-2016 թթ. կարևորագույն ծրագրերից մեկը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին իր ղեկավարած կառույցի օժանդակությունն է հայտնել գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին: Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար: Ծրագրի աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել նաև Եվրամիության Թվինինգ ծրագրի և ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter