
Գերմանացի ներդրողը հույս ունի, որ Ծառուկյանի դեմ դատարանը կկայացնի արդարացի վճիռ
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր վերսկսել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի բողոքի քննությունն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին պետք է հրապարակվեր գոծով վճիռը, սակայն նիստը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը չհրապարակեց այն, այլ որոշեց վերսկսել գործի քննությունը և նոր նիստի օր նշանակեց:
Դատավոր Մելքումյանն այսօր կողմերին հարցեր է ցանկացել տալ, մասնավորապես` պատասխանող կողմին, սակայն գործարանի շահերը դատարանում ներկայացնող Դավիթ Մանթաշյանը նիստին ներկա չի եղել: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը, դատարանը որոշ հարցեր (որոնց նախորդ նիստերին արդեն իսկ անդրադարձել էին) ուղղել է իրենց և ավարտել գործի քննությունը: Փետրվարի 6-ին Արայիկ Մելքումյանը կհրապարակի վճիռը:
«ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը «Հետքին» հայտնել է, որ դատական գործի շրջանակներում կատարված փորձաքննություններն իրենց չեն գոհացնում, քանզի ակնհայտ է, որ գնահատողը ճնշման է ենթարկվել իրենց հակառակորդի կողմից, ինչը ազդեցություն է ունեցել նրա փորձագիտական գնահատականի վրա: Այնուամենայնիվ, գերմանացի ներդրողը սպասում է, որ վերջնական դատական ակտը կլինի պատճառաբանված, արդարացի և անկողմնակալ:
«Ես մտադիր չեմ միջամտել Հայաստանի քաղաքական կյանքին: Ես միայն բիզնեսմեն եմ, ով հսկայական պոտենցիալ է տեսնում հայաստանցիների մեջ, ուստի և հետաքրքրված էր Հայաստանում ներդրում կատարելու մեջ»,- նշում է Ս. Լաքսուբերը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել