
Ընտրություններին ընդառաջ. դժվար ժպտացողները (տեսանյութ)
Արդեն մի քանի տարի է՝ 3 արգենտինացի աղջիկներ շրջում են աշխարհով մեկ՝ մարդկանց պարգեւելով ժպիտ, սեր եւ ազատություն: Երեւի պատահական չէ, որ նրանք Հայաստանում են հանգրվանել նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ միակ բանը, որ հայաստանցիներին անհրաժեշտ է, անկեղծությունն է:
Լուսիան, Էվելինն ու Քամիլան իրենց գիտակցական կյանքն ապրել են ճանապարհներին: Նրանց հիմնական զբաղմունքը երգելն է, նվագելը եւ ակրոբատիկան, ինչի շնորհիվ էլ գումար են վաստակում՝ հաջորդ ուղին բռնելուց առաջ:
![]() |
«Մենք շրջում ենք աշխարհով մեկ, որպեսզի փոխանցենք ապրելու հասարակ գաղափարը բոլորին: Չենք ուզում, որ մարդիկ դառնան համակարգի զոհ, չենք ուզում, որ համընդհանուր տենդենցները փչացնեն մարդկանց կյանքը: Երկրի բնակիչներին կոչ ենք անում ապրել սիրով, տեսնել ազատությունը, շրջապատվել ժպիտով ու անկեղծությամբ. դժվար բան չէ»,- ասում է Լուսիան՝ աչքերում ունենալով ապրելու ու ապրեցնելու կրակը:
«Մենք չենք մերժում տխրությունը: Բոլորն էլ ունենում են այդ զգացումը, եւ իրավունք չունենք վերահսկել մեր զգացումները, բայց տխրությունն էլ պետք է ապրել: Չպետք է թողնել, որ րոպեները գնան՝ անկախ մեր կամքից»,- ավելացնում է Էվելինն, ով արգենտինացի հայ է:
Աղջիկները Հայաստան են հասել մի քանի շաբաթ առաջ. նրանք հասցրել են ներկայացումներ ունենալ Երեւանի փողոցներում եւ փաբերում: Ապրում են երեւանաբնակ թուրքի տանը: Երեւանցիների հոգնատանջ դեմքերը գրավում են նրանց: «Մարդիկ այստեղ այնքան դժվարությամբ են ժպտում, եւ մեր ներկայացումները հենց նման մարդկանց համար են»,- ասում է Քամիլան:
Ճանապարհները գրավիչ են, բայց նաեւ դժվարություններով լի: Ձմռան ամիսներին արգենտինուհիների առաջնային խնդիրն անվճար գիշերելու տեղ, էժան սնունդ եւ տաքանալու միջոց գտնելն է: «Ճանապարհ դուրս գալու որոշումը մեկ անգամ չէ, որ կայացնում ես: Դժվարությունները ստիպում են ամեն օր որոշել, որ դա է քո կյանքը, դու ես ընտրել այն, եւ որ առօրյա խնդիրներն ավելի ծանրակշիռ չեն, քան քո տեսածը, սովորածն ու զգացածը»,- նշում են նրանք:
Կարոտի զգացում աղջիկները չեն հասցնում ունենալ, քանի որ անընդհատ շփումների եւ նոր իրավիճակների մեջ են հայտնվում. «Ողջ երկրագունդն է մեր տունն ու հայրենիքը: Մենք մեզ որեւէ տեղ օտար չենք զգում: Լեզուն, մշակույթն ու ավանդույթները կարեւոր են, բայց մարդկային զգացողությունը բոլոր վայրերում նույնն է»,- ասում է հայազգի Էվելինը, ով փոքր-ինչ խոսում է հայերեն եւ նպատակ ունի բարելավել այն:
Արգենտինուհիները, սակայն, չեն մոռանում ամեն շաբաթ տեղեկացնել ընտանիքին իրենց գտնվելու վայրի եւ որպիսության մասին: Հաջորդ ուղին նրանց կտանի դեպի Հնդկաստան՝ անց կացնելով Իրանի, Աֆղանստանի եւ Պակիստանի արկածային ոլորապտույտներով:
Օպերատոր՝ Սարո Բաղդասարյան
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել