
Հայկազ Քոչինյանը բողոքարկում է դատախազի որոշումը
Հունվարի 24-ին Վանաձորի առաջին ատյանի դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի՝ դատախազի որոշման դեմ բերած բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի փաստերով Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Հայկազ Քոչինյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Դատարանում Հայկազ Քոչինյանի ներկայացուցիչ, պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ քրեական գործ հարուցելու իր որոշմամբ Լոռու մարզի դատախազը կոպտորեն խախտել է Հայկազ Քոչինյանի անմեղության կանխավարկածի իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարական օրենսգրքով:
Բողոքը հիմնավորելու համար Արտակ Ոսկանյանը մասնավորապես վկայակոչեց ՀՀ դատաիրավական օրենսգրքի 182 հոդվածը, որը սահմանում է քրեական գործ հարուցելու կարգը: Ըստ կարգի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշել քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը, օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, հանցագործությունից տուժած անձը, հարուցելուց հետո գործի ընթացքը և այլն:
«Այսպիսով, վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծություններից երևում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հանցագործություն կատարած անձի պահանջը ենթադրված չէ, այսինքն՝ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցվում է փաստի առթիվ»,- ասաց Արտակ Ոսկանյանը:
Պաշտպանը դատարանից պահանջեց վերացնել Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին դատախազի որոշումը: ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 182-րդ հոդվածում անձի դեմ քրեական գործ հարուցելու իրավունքը օրենսդիրը ուղղակիորեն չի արգելում, որից էլ կարելի ենթադրել, դա թողնում է դատախազի որոշմանը, որի իրավունքը ամրագրված է քրեական դատավարական օրենսգրքի 53 հոդվածի 3-րդ կետով:
Արտակ Ոսկանյանն իր փաստարկներում շրջանցում էր ՀՀ քրեական դատավարական օրենսգրքով հաստատագրված դատախազի այն լիազորությունները, որոնցով նա պարտավոր է մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ հայց հարուցել՝ ի պաշտպանության պետության գույքային շահերի:
Շնողի գյուղապետարանի գույքային պատասխանատու Հայկազ Քոչինյանի ապօրինությունների վերաբերյալ դատախազի որոշումը Կարեն Շահբազյանի առաջին և միակ որոշումը չէր: «Հետքի» մեկ այլ՝ «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը» հոդվածի փաստերի առթիվ դատախազը ևս քրեական գործ էր հարուցել:
Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանի ապօրինությունների մասին «Հետքը» վերջին 2 տարում հրապարակել է 9 հոդված, որոնց ընթերցողներից է եղել նաև մարզի դատախազը: Հոդվածների ահազանգերը նրա հանձնարարությամբ ուսումնասիրել են նախաքննող մարմինները: Դատախազությունն իր ուսումնասիրության արդյունքներով չի հերքել թերթի հրապարակումների փաստերը: Դրանց նկատմամբ լուռ համաձայնություն է դրսևորել նաև Հայկազ Քոչինյանը:
Լոռու մարզի դատախազության դատախազ Արմեն Շիրոյանը անհիմն համարեց Հայկազ Քոչինյանի բողոքը և նրա ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի իրավական հիմնավորումները: Նա նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցվում է քրեական օրենքով չթույլատրված, ենթադրաբար կատարած հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի և փաստի առթիվ և որևէ անձի համար քրեական դատավարությունում այլ իրավական հետևանք չի առաջացնում:
Դատախազը հայտնեց, որ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր են եղել օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լրատվության միջոցի՝ «Հետք» էլեկտրոնային թերթի հաղորդումը և հաղորդմամբ նշված փաստերը, այդ թվում գյուղապետարանի աշխատակիցների, գյուղացիների հայտարարությունները և ուսումնասիրված փաստաթղթերը:
Արմեն Շիրոյանը նշեց, որ քննարկվող հարցի շուրջ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. օգոստոսի 25-ի որոշումը: Դատավոր Մելքոնյանը Արմեն Շիրոյանից պահանջեց դատախազի որոշման համար հիմք եղած «Հետքի» հոդվածը, որը Արմեն Շիրոյանը իր հետ չէր ներկայացրել դատարան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել