
Չափումները վկայում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղին կառուցվել է «ատկատներով»
Հիրավի, ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում ճանապարհային շինարարությունը կատարվում է «ատկատներով» ու պետական գումարների գրպանումներով: Սակայն շատերին թվում էր, թե դա անվերահսկելի է, քանի որ լուրջ փորձաքննություն է ենթադրում:
Մենք որոշեցինք ձեռքի տակ եղած միջոցներով ստուգել վերջերս կառուցված Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկության գոտիների լայնությունը և դրա համապատասխանությունը ստանդարտներին... Պարզվեց, որ գրպանումների ապացույցները աչքի առջև են:
Այսպիսով, Ծիծեռնակաբերդի խճուղին ունի (յուրաքանչյուր ուղղությամբ) երթևեկության երկուական գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը, համաձայն պետական ստանդարտների, պետք է լինի 3,5 մետր: Ըստ այդմ, փողոցի (խճուղու) լայնությունը պետք է լինի 14 մետր:
Այնուամենայնիվ, բազմաթիվ տեղեր չափումներ անելով՝ չկարողացանք գտնել գեթ մի հատված, որտեղ աջ գոտու լայնությունը լիներ 3,4 մետրից ավելի, իսկ ձախ գոտունը՝ 3,15 մետրից: Իսկ տեղ-տեղ գոտիների լայնությունը կամ, ավելի ճիշտ, բարակությունը հասնում էր 2,8 մետրի...
Հանրագումարի բերելով չափումները՝ նշենք, որ խճուղու մի քանի հատվածում (արագաչափ սարքի մոտ, հանգույց-կամուրջի տակ և այլ) կատարված փողոցի լայնության չափումների միջինը 14 մետրի փոխարեն կազմում էր մոտ 12,5-12,8 մետր:
Այսինքն՝ շուրջ 2 կմ երկարություն ունեցող Ծիծեռնակաբերդի խճուղու լայնությունը պետ. ստանդարտից մոտ 1,5 մետրով (մոտ 10 տոկոսով) պակաս է:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դա բավականին լուրջ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար՝ վթարային իրավիճակների պատճառ է դառնում՝ դա նաև, ինչպես նշեցինք, պետական միջոցների գրպանում է:
Առաջիկայում կփորձենք գնահատել, թե որքան գումարի վնաս է հասցվել պետությանը, բայց կարող ենք մոտավոր ասել, որ խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է:
Հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները, հիմք ընդունելով սույն հրապարակումը, կնախաձեռնեն քննություն, կպատժեն մեղավորներին և միջոցներ կձեռնարկեն պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել