HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ «Հետքին». պատճենը՝ հայազգի բոլոր լրագրողներին

Սիրելի «Հետք», պարբերաբար ձեր թերթում բաց նամակներ եմ տեսնում՝ հասցեագրված նախագահին, վարչապետին և մի շարք պաշտոնյաների: Ուզում եմ իմանալ՝ որևէ արձագանք, հարցերի լուծում, հետաքրքրություն լինո՞ւմ է, թե՞ ապարդյուն միայն էլեկտրոնային երախն է լցվում: Թերթից դա չի երևում. ինչքան էլ շուռումուռ եմ տալիս ինտերնետը՝ պատասխան նամակը չեմ գտնում:

Հիմա կասեմ՝ ինչու եմ հարցնում:

Ամեն ընտրությունից առաջ ես մի արատավոր հատկություն եմ ձեռք բերել: Խնդրագիր եմ հղում մեր երկրի առաջին այրերին: Նախընտրական այդ փոքրիկ հատվածում նրանք շատ բարի և կամեցող են լինում: Հանկարծ չմտածեք, որ բան փախցնող էություն եմ և ուզում եմ ինձ համար օգուտ քաղել: Քավ լիցի, իմ նշանաբանն է՝ եղունգ ունես՝ գլուխդ քորիր, ուրիշի վրա հույս մի դիր: Երբ ինձ որևէ բան է պետք՝ ամուսնուս եմ սղոցում, իսկ եթե քաջությունս ներում է, մեկ-մեկ էլ որդիներիս եմ խնդրում:

Ինձ Լեռ Կամսարի դարդն է մաշում: Խեղճ գրողը խորհրդային շրջանում տաբու եղավ՝ չարժևորվեց, չգնահատվեց և միայն հալածվեց: Հիմա գեթ պետք է հասնեմ նրան, որ ինքն էլ ստանա այն, ինչի արժանացել են իր ժամանակի գրողները:

Եթե ձեր թերթի միջոցով էլ կարող եմ դրական արդյունք ստանալ, ինչո՞ւ հասնեմ նախագահական: Մեկ է՝ նախագահը երբեք անձամբ նամակը չի կարդում: Ստանում են նազիր-վեզիրները, պաս են տալիս ավելի ցածր ռանգի պաշտոնյաների, նրանք էլ՝ ավելի ցածր: Ամենացածինն էլ զանգում ու լղոզում է: Ասա՝ ա՛յ, հեր օրհնած նախագահ, էդ չինովնիկների տեղը ես էլ գիտեմ, բայց տես շա՞տ եմ ուզում հետները շփվել:

Էդ էլ ասեմ, որ Լեռ Կամսարի կլորիկ հոբելյանները միշտ համընկնում են նախագահական ընտրությունների հետ: Այս տարի ևս հոբելյանական է՝ 125-ամյակը, և ես նորից պետք է անհանգստացնեմ Սերժ Սարգսյանին: Նորից եմ ասում, որովհետև վարչապետ եղած ժամանակը արդեն դիմել էի, բայց դե, գիտեք էլի, վարչապետի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն՝ ամեն բան չէ, որ կարող է անել...

Որպես լրագրողական համերաշխություն՝ ակնկալում եմ բոլոր հայ լրագրողների աջակցությունը: Տեսել եմ՝ ինչպես եք մեկը մյուսի համար դոշ տալիս, երբ մի բան է սպառնում ձեր գրչեղբայրներին (ու հեչ էլ կապ չունի՝ մեղավոր է, թե անմեղ): Լեռ Կամսարը ձեզանից մեկն է, որ այլևս հնար չունի պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:

Կօգնե՞ք, որ ամենամյա «Ոսկե գրիչ» մրցանակը այս հոբելյանական տարում վերանվանվի Լեռ Կամսարի անունով և տրվի միայն ամենաազնիվ գրչի մշակին, քանի որ նրան համարում եմ մեր պատմության ամենաամոթալի, միաժամանակ ամենասահմռկեցուցիչ ժամանակների անզիջում և երբեք չծախված հրապարակախոս գրողը (տես «Կարմիր օրեր», 2000թ., «Մահապուրծ օրագիրը», 2008թ., «Խաղք ու խայտառակ աշխարհ» 2008թ., «Սոցիալիզմի Սահարա», 2009թ., «Բանտիս օրագիրը», 2010թ., նաև մի տասը հատոր անտիպներ, որ, ցավոք, դեռ չեք կարող տեսնել):

Եվ երկրորդ ամենակարևորը՝ Լեռ Կամսարի ստեղծագործությունները մտցվեն դպրոցական և բուհական ծրագրեր, որ ազատ մտածող սերունդ ունենանք (չնայած ինքնակամ, չնայելով ծրագրին՝ Ակադեմիայում Քրիստինե Հովհաննիսյանը հայ դասական հրապարակախոսություն բաժնում ժամեր է նվիրել գրողին, գրականագետ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը մայր բուհում է ժամեր տրամադրել: Բլեյանի դպրոցի բարձր դասարանցիները նույնպես ժամեր ունեն: Էլ չեմ ասում սփյուռքի մասին, որի որոշ վարժարաններում պարտադիր ուսումնասիրության առարկա է):

Պետությանը երկու փոքրիկ խնդրանք, որից ազգային բյուջեն հաստատ ճեղք չի տա:

Հը՞, ի՞նչ կասեք,կանե՞ք դա ձեր գրչեղբոր համար: Հո պարտադիր պայման չէ, որ թոռը պիտի անի: Համ էլ նա ինձ ի՞նչ պապ. իր արածն ամենաիսկական թշնամությունն էր իմ և ընտանիքիս հանդեպ՝ կռիվ տալ Նորին Մեծություն Ճշմարտության համար՝ զոհելով յուրայիններին, արդարանալով, որ անում է հաջորդների համար...

«Մենք ընկանք՝ թող մեզնից հետո եկողները չընկնեն, մեղք են»,- միշտ ասում էր նա:

Հիշում եմ՝ 60-ականներին, երբ Դաշնակցության ինչ-որ հոբելյան էր, «Ոզնուց» եկավ խմբագրի տեղակալ Բաբկեն Շահումյանը և պաղատեց. «Վարպետ, հոբելյանի առիթով եթե Դաշնակցությանը մի լավ մռմռացնեք, Կենտկոմից կստանաք դրամակամ մեծ պարգև»:

«Ես միայն դիմացից եմ հարվածում, հետևից խփելու սովորություն չունեմ. նրանց դեմ գրում էի, երբ նրանք իշխանություն էին: Հիմա դուք եք իմ թիրախը, որովհետև ոճրագործ կառավարություն եք»,- հայտարարեց անկոտրում երգիծաբանը:

Խմբագրի հեռանալուց հետո ընտանյոք հարձակվեցինք իր վրա. «Էդ ի՞նչ ես անում, ա՛յ ցնդած ծերուկ, ախր սովից կոտորվում ենք»:

«Դուք արդե՛ն կոտորվել պրծել եք. ես ապագա սերունդների մասին պետք է մտածեմ»,- հանգիստ առարկեց Լեռ Կամսարը:

Նա սերունդների համար մարտիրոսացավ, դե, ուրեմն, հիմա սերունդներն էլ թող տեր կանգնեն նրան...

Մի խոսքով, էս դուք, էս էլ ձեր հավերժ ընդդիմադիր Լեռ Կամսարը:

...Ես ձեռքերս լվացի...

Սպասելով արձագանքի այս հարցով մտահոգ լրատվամիջոցներից (պատմության համար):

Ձեր՝ Վանուհի Թովմասյան
29.01.2013

Մեկնաբանություններ (3)

Միքայել Պետրոսյան
Հարգելի Վանուհի, Լեռ Կամսարը այս կառավարությանն էլ չէր սիրի ու նրանց օժանդակությունն էլ չէր ընդունի: Լեռ Կամսարի անտիպները անհրժեշտ է հրատարակել: Հայտարարեք հանգանակություն: Ես պատրաստ եմ իմ բաժինը մուծել: Մեծ շնորհակալությամբ նրա գործերը կտեղադրեմ Hiarmenia.com կայքում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լեռ Կամսարը եզակի կերպար է ու արժանի է ամեն մեծարանքի. գոնե հետմահու:
կարին
Հարգելի Վանուհի, Լեռ Կամսարի գործունեության վերաժեւորման գործում ոչ մի դեր չունեն եւ երբեւէ չեն կարող ունենալ պետական այրերն ու պետությունը: Դա հասարակության, եւ հատկապես երիտասարդ մտածող մարդկանց խնդիրն է, նրանք են ձեր իրական հասցեատերը: Անհրաժեշտ է բացել եւ հանրայնացնել գրողի բոլոր հնարավոր տեքստերը: Անհրաժեշտ է հավաքագրել կամավորներ, ովքեր Կամսարի ողջ ստեղծագործությունը կտեղադրեն ազատ առցանց տարածքում, եւ այն կդառնա հանրային սեփականություն: Կան այդ կամավորները, վստահեցնում եմ: Նրանց հասցեագրեք ձեր խնդրանքը եւ անպայման արձագանք կստանաք: Հուսամ առիթ կլինի այս մասին ավելի հանգամանալից խոսել ձեզ հետ: Շնորհակալություն Կարին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter