HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կրթություն` օվկիանոսից այն կողմ. Վահան Միսակյան

Ճարտարապետ Վահան Միսակյանը այն ուսանողներից է, որ «դուրս են եկել Հայաստանից և դեռ չեն վերադարձել»: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվել է Կոլումբիայի համալսարանի Ճարտարապետության, պլանավորման և պահպանման բարձրագույն դպրոց` որպես մագիստրոս: Հիմա մագիստրատուրային փոխարինելու է եկել ասպիրանտուրան: Վահանն արդեն հասցրել է ոչ միայն սովորել, այլև դասավանդել նույն համալսարանի մագիստրական ծրագրում: Նրա ճարտարապետական նախագծերը, որոնք ներկայացված են հարցազրույցում, Հայաստանի համար են:   

Վահան, երբ որոշեցիր ընդունվել Կոլումբիայի համալսարան, իսկապես ուզում էիր կրթությո՞ւնդ շարունակել, թե՞ Հայաստանից դուրս գալու տարբերակ էր:

Հայաստանը վանդակ չէ, որից պետք է դուրս գալ: Եթե կրթություն ստանալը միայն դուրս գալու համար է, ապա թե որպես մարդ, թե որպես մասնագետ չես կարող նշանակալի ձեռքբերում ունենալ: Պետք է խուսափել երկիրը պարզապես թողնելու այդ «թշվառական» մտածելակերպից և ունենալ ազնվական շարժառիթ: Իսկ իմ «Հայաստանից հեռու գտնվելու ամեն մի վայրկյանը», ինչպես ծնողներս են ինձ շարունակ հիշեցնում Հայաստանից, «արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե ուղղված լինի ազգային նշանակության նպատակի իրագործման»: Ընդհանուր առմամբ, մասնագետը կարող է գոյություն ունենալ տեղական կամ միջազգային տարածության մեջ, զարգանալ մասնավոր կամ համընդհանուր մասնագիտական էկոհամակարգում: Երկրորդը` միշտ ավելի դժվար ու երկար ճանապարհ է ենթադրում, բայց իմ համոզմամբ՝ այն միակ ճանապարհն է, եթե ուզում ես օգտակար լինել քո տեսակին, հատկապես որպես մշակութային գործիչ: Իսկ երկու տարի առաջ Նյու Յորքի Կոլումբիայի hամալսարանի նման միջավայրում կրթությունը շարունակելը ինձ տեսանելի հիմնական ուղղությունն էր:

Հստակ ծրագրեր ունեի՞ր: Ինչո՞ւ մեկնեցիր, ի՞նչ էիր ուզում սովորել:

Ես դիմել և ընդունվել էի մի քանի համալսարան միաժամանակ, բայց ընտրեցի  Կոլումբիայի համալսարանի Ճարտարապետության, պլանավորման և պահպանման բարձրագույն դպրոցը երկու հիմնական պատճառով: Նախևառաջ այն թույլ կտար ձեռք բերել ինձ հետաքրքրող տեխնիկական և տեսական գիտելիքներ, ինչպես նաև  կտար ինձ հետաքրքրող մասնագետների հետ առնչվելու հնարավորություն:

Երկրորդ` համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Ճարտարապետը քաղաքի` որպես «շնչող օրգանիզմի» մասնագետ է, իսկ Նյու Յորքը իր հսկայածավալ դեմոգրաֆիկ մետաբոլիզմով (ժողովրդագրական նյութափոխանակություն - Մ.Մ.) անսպառ հետաքրքրության և ուսումնասիրության առարկա է: Սկսեցի կրթությունս դիզայն-ստուդիաների կառուցվածք ունեցող «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» ծրագրով և այս պահին շարունակում եմ ուսանել «Քննադատություն և կուրատորական գործունեություն» ավելի տեսական բնույթի ծրագիրը: Ուսուցման ընթացքում նաև աշխատել եմ համալսարանում ու դասավանդել մագիստրական ծրագրում: 

Երևանը լի է ճարտարապետական խնդիրներով, այդ մասին բարձրաձայնում են երիտասարդ հայ ճարտարապետները, նրանց հետ կապ հաստատու՞մ ես:

Ավելի ճիշտ կլինի ասել՝ Երևանը լի է ճարտարապետների խնդիրներով և մասամբ քաղաքի պատմամշակութային արժեքների պահպանման և վերարտադրման տարաձայնություններով: Երիտասարդ ճարտարապետների հետ կապի մեջ լինում եմ, բայց ոչ այնքան, ինչքան կցանկանայի: Ընդհանուր առմամբ, տպավորություն ունեմ, որ նրանց պայքարի առարկան ունի ազնիվ բնույթ: Քննարկվող խնդիրներն, անկասկած, արդիական են մեզ համար՝ որպես հայի, բայց առարկայական չեն՝ որպես արդի և համընդհանուր ճարտարապետական խնդիրներ: Հայաստանում դեռ այս պահին գոյություն չունի զարգացած ճարտարապետական դիսկուրս, իսկ հայկական ճարտարապետական միտքը չի առնչվում աշխարհի արդի ճարտարապետական դիսկուրսին:

«Երկնաքերի գաղափարական այս նախագծի համար Վահանը մրցանակ է ստացել Լոս-Անջելեսի IDA (International design awards) կազմակերպության կողմից: «Բազմաֆունկցիոնալ համալիր Երևանում: Նախագիծը  նպատակ ունի դառնալ ճարտարապետության ապագայի նպատակային մոդել: Նախատեսված է, որ համալիրը կգտնվի Երևանում՝ Հրազդանի կիրճում, որը գտվում է ոչ հեռու քաղաքի պատմական կենտրոնից: Ամբողջ համալիրը, ըստ նախագծի, գտնվում է այնպիսի վայրում, որ կարող է համարվել որպես մուտք դեպի քաղաքի կենտրոն»: 

 

Հայաստանցի ճարտարապետները կրթված չե՞ն, որ չեն կարողանում լուծել այդ խնդիրը:

Հարցը ոչ այնքան կրթվածության կամ ինֆորմացվածության մեջ է, որքան դատողության և էֆեկտիվ միջամտելու ընդունակության: Այն պարադիգմաները, որոնք «կենդանի» են այս պահին Հայաստանում` ճարտարապետության ոլորտում, չեն ապացուցում աշխարհին իրենց գոյության արդիականությունը և խորքայնությունը: Տարեկան աշխարհում տպագրվում են տասնյակ հազարավոր հոդվածներ ճարտարապետության, տեսության և քննադատության ոլորտում, հարյուրավոր ճարտարապետական գրքեր և ամսագրեր. դիսկուրսը գտնվում է շարունակական էվոլյուցիայի փուլում: Ամեն մի ճարտարապետական տեքստ արդյունք է տարիների հետազոտության և հավելում է նախորդող պատմական շերտին: Մի խոսքով, չափից ավելի շատ են խելացի, «պրակտիկ և տեսաբան» ճարտարապետները և պատկերացրածից շատ ավելի արագ է տեղի ունենում «ինտելեկտուալ նյութափոխանակությունը» ճարտարապետության ոլորտում: Բայց, միևնույն է, այս ամենը հայաստանցի ճարտարապետի խորքային ուսումնասիրության առարկա չի դառնում:

Ի՞նչ անել, որ ճարտարապետի ձայնը Հայաստանի նման երկրներում ուժ ունենա: Այդպիսի բաներ սովորո՞ւմ եք Կոլումբիայի համալսարանում:

Նախ պետք է տարբերել ճարտարապետին շենքի դիզայներից: Ճարտարապետ բառը կոնկրետ ԱՄՆ-ում օրենքով ամրագրված իրավաբանական տերմին է: Ինչը նշանակում է, որ շենք նախագծող ամեն ոք չի կարող կոչվել ճարտարապետ: Կան բազմաթիվ պահանջներ և փուլեր, որոնցով մասնագետը պետք է անցնի, եթե ցանկանում է օրինական գործել «ճարտարապետ» կոչումով: Կան նաև տասնյակ փուլեր, որոնցով նախագիծը պետք է անցնի մինչև կառուցման ավարտը, և ճարտարապետը շարունակ մասնակից է լինում այս ընթացքին: Այս պատմականորեն ձևավորված բյուրոկրատական մեխանիզմները հնարավորություն են տալիս ունենալ հստակ և տեսանելի մասնագիտական նվազագույն շեմ, ինչպես նաև ընձեռում է ճարտարապետին նկատելի իրավական ազդեցություն: Արևմտյան երկրներում և կոնկրետ ԱՄՆ-ում գոյություն ունեն նաև մեծ «լոբբիստական» կազմակերպություններ, օրինակ՝ «ԱՄՆ-ի ճարտարապետների միությունը», որում ընդգրկված են հազարավոր ազդեցիկ մասնագետներ:

Դու ձեր համալսարանի հայ ուսանողական միության նախագահն ես եղել: Ինչո՞վ է զբաղվում  միությունը:

Իմ առաջին ուսումնական տարվա ընթացքում ես հնարավորություն ունեցա ժամանակ տրամադրել և մի քանի այլ հայ ուսանողների հետ միասին ակտիվացնել մեր ուսանողական միությունը Կոլումբիայի համալսարանում, որը, ի դեպ, գոյություն է ունեցել բավականին վաղ ժամանակվանից: Բոլորիս միավորում էր այն գաղափարը, որ հայկական մշակույթը պետք է տեսանելի ներկայություն ունենա այս միջավայրում, և որ հայկական աշխարհին առնչվող հարցերը պետք է լսելի լինեն ուսանողական միության միջոցով: Ես մշակեցի միության լոգոն, թիմակիցներիս հետ միասին աշխատեցի նաև սահմանադրության վրա և ընդհանուր առմամբ մի շարք այլ միջոցներով աշխատեցի վերարտադրել այն տեսլականը, որը ձգտում կառաջացնի բոլոր հայ ուսանողների մոտ ակտիվ մասնակից դառնալ հայկական աշխարհին առնչվող հարցերին ինտելեկտուալ միջոցներով: Մեր ուսանողական միությունը, մի շարք նվիրված հայ երիտասարդների շնորհիվ, այսօր շարունակում է ակտիվ գործել, և այն այսօր արտասահմանյան բուհերում ամենից գործուն հայ ուսանողական միություններից մեկն է:

Քանի՞ հայ ուսանող կա: Մտածո՞ւմ են վերադառնալու մասին:

Կոնկրետ այս պահին Կոլումբիայի համալսարանում սովորում են մի քանի տասնյակ հայ ուսանողներ, ամենատարբեր մասնագիտություններով: Մեկ կամ երկու հոգի Ճարտարապետության, պլանավորման և պահպանման բարձրագույն դպրոցից, ում ես անձամբ եմ ճանաչում, ծրագրում են անպայման մասնակից դառնալ Հայաստանի կյանքին: Նման ցանկություն հիմնականում հայտնում են այստեղ մեծացած հայերը:

Քո մասին պատմող էլ. կայքը, այդ թվում՝ նախագծերիդ առաջարկները, միայն անգլերեն տարբերակ ունեն: Ավելո՞րդ ես համարում քեզ հայ պատվիրատուին  ներկայացնելը:

Իմ Երևանի դասախոսներից մեկը շարունակ պնդում էր, որ ճարտարապետները խոսում են վիզուալ` իրենց գծագրերի միջոցով: Ընդհանուր առմամբ, իմ ներկայությունը մամուլում և համացանցում հիմնականում «տեսական բնույթի» նախագծերի միջոցով է: Այսինքն՝ նախատեսված հանդիսատեսը հիմնականում աշխարհի ճարտարապետներն են, ու նաև մարդիկ, ովքեր առնչվում են ճարտարապետական մտքի առաջացման գործընթացին: Իսկ պոտենցիալ հայ պատվիրատուների հետ շփումները լինում են իրական կյանքում, տարբեր իրադարձությունների ընթացքում:

Ունե՞ս ճարտարապետական նախագծեր, որ ուզում ես իրականացնել Հայաստանում:

Ճարտարապետը կարող է արտահայտել անհատական բնույթի գաղափար, որի ճշմարտացիությունը ապացուցելի է միայն մասնավոր իրականության մեջ, բայց, այնուամենայնիվ, ես, որպես ճարտարապետ, կուզենայի մտածել նախագծի մասին, որը գոյություն կունենա համընդհանուր հայ իրականության մեջ:

«Այս նախագիծը լանդշաֆտային ճարտարապետության տեսակ է, որն օգտագործում է ճարտարապետական սիմվոլիկան՝ խորհրդանիշները, մշակութային և կրոնական գաղափարները ճարտարապետական մեկ ձևի մեջ միավորելու համար: Այն նպատակ ունի ամրագրել Երևանի կենտրոնական հրապարակի կոմպոզիցիոն տեղաբաշխումը, որը խախտվել է խորհրդային շրջանի պաշտամունքային խորհրդանիշները հրապարակից հեռացնելուց հետո, ինչպես նաև նպատակ ունի հասնել  քաղաքային հանրության՝ գեղագիտական և սոցիալ-վարքագծային ազդեցությունների: Կառույցը հիշեցնում է Արարատ լեռը, որի վրա Նոյան տապանն է»:

 

Հանրապետության հրապարակում հուշարձանի վերաբերյալ ունեմ նախագիծ: Չնայած այդ նախագիծն արվել է դեռ 2008 թվականին, երբ որ ես դեռ ուսանող էի Երևանում, գաղափարական կմախքը համարում եմ արդիական: Իմ համոզմամբ՝ այս նախագիծը, որը ազգության` որպես նպատակային գոյության ձևի մասին է, ակնհայտ վիճարկում է, որ ազգությունը գաղափարախոսություն է, որը պետք է ապրի ներկայում, հասարակության անդամների միջոցով: Ճարտարապետությունը պետք է խուսափի գաղափարազուրկ մարմնավորումներից և մտածի այն տարածության մասին, որը կարող է ցանկալի ազդեցություն ունենալ: Այսինքն՝ հաջողված ճարտարապետությունը կլինի քաղաքի բնակչին երևակայական երկխոսության մեջ ներգրավելու փորձ, կօգնի նրան տեսնել իրականությունը այլ տեսանկյունից:

Ինչպես հայտնի ճարտարապետ տեսաբաններից մեկն է առաջարկում, եթե տեսնենք իրականությունը տարբեր, հնարավոր է` տարբեր մտածենք, եթե տարբեր մտածենք, հնարավոր է` տարբեր երազենք, իսկ եթե մենք բոլորս երազենք տարբեր, հնարավոր է` ապրենք այլ հասարակության մեջ:

Մեկնաբանություններ (5)

Hrair
@NDUNIR ANKEXTC SHNORHAVORANKNERS LOS ANGELESITC. HUSAM JISHT @NKALVEN DZER AROXJ U AMENARDIAKAN U HAMAPARPAK MOTETCUMNER@ HAYRENIKUN YEV DZER NAXAGTCER@ KIANKI KOCHVEN. HUSAM KARATCAC U TEXAKAN NEX U JAMANAKAVREP MOTECUMNERN U DASAKAN BYUROKRATIAN VOR HAJAX YETE VOCH MISHT LURJ XOCHNDOT EN HANDISATCEL TARM ODIN I ZORU CHLINEN U CH XOCHNDOTEN DZER GORTCIN. SIRELI YEXBAYR UXAKI VOGEVORVADZ EM DZER MTKI TAROXUTYAMB U YEREVAKAYUTYAN TRICHKOV. AROXJ NKARAGROV U LAYN MTAHORIZONOV. HRAPARAKI ANSAMBLI XORHRDANSHAKAN KOLMINATCIAYI PAKASI / BATCI LRATCUM@ DUK SHAT JISHT EK PATKERATCNUM YEV VSTAH EM KARAJADREK ARJANI LUDZUM. SHNORHAVORUM EM YEV MAXTUM UJ YERAND U VJRAKANUTYUN. HAYOTC ASDVADZNER@ KEZ ZORAVIG U PAHAPAN.
Gayane Movsisyan
Ketses Vahe: Es chei kaskatsum vor du mets hajoxutyunneri khasnes: Es hpartanum em qeznov: Depi araj nor bardzrunqner nvatselu hamar! Qo erazshtutyan usutchuhi
Միսակյան Վարդինե
Շնորհավորում եմ բոլոր հաջողություններիդ համար, շարունակիր միշտ այդպես , ես հպարտ եմ, որ ունեմ քո նման եղբայր այսօր իմ կոզքին.......
Anahit Araqelyan
Apres Vahan jan shnorhavorum em qez qo hajoxutunneri hamar. Tox astvac orhni qo chanapar@ u misht pahapan lini qez ,du qo cnoxnerin u qo hayreniqin arjani zavak es . Menq hpartanum enq qezanov ...........
Anushka
Shat geghecik nakhagits e shnorhavorum em ev hpart em qanzi aydpisi taghandavor hay eritasardner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter