HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Փունեհ Ղոդուսի. «Պետք է դատողություները թողնել լսարանին»

Հարցազրույց լրագրող, BBC “World news”-ի հաղորդավար, BBC-ի «Սոցիալական մեդիա ուղեցույցի» հեղինակներից Փունեհ Ղոդուսիի հետ

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից։

Մարդիկ շատ բարեհամբույր են և ինձ հիշեցնում են իմ համերկրացիներին, որովհետև ես ինքս Իրանից եմ։ Իմ մեջ կարոտախտ է առաջանում, Հայաստանը շատ մոտ է Իրանին, և եղանակը, քաղաքի տեսքը, մարդկանց տրամադրությունը, անգամ դեմքերը շատ հարազատ են։ Հիանալի է։

Ի՞նչ հետաքրքիր, արտառոց բան եք նկատել այստեղ։

Առաջինը, որ նկատեցի, հին քաղաքի, հին շենքերի հակադրությունն է շատ երիտասարդ մարդկանց հետ։ Երբ հիշում եմ Իրանի հայկական թաղամասերի մարդկանց, նրանք իսկապես ծեր էին, ովքեր միշտ խաղում էին իրենց փոքր սեղանիկներին։ Ես նկատեցի, որ երկիրը շատ երիտասարդ է, փողոցում գտնվող մարդիկ շատ երիտասարդ են, ժամանակակից և հետաքրքրասեր։ Ինձ դուր եկավ, որ կան հին ավնադույթներ երիտասարդ սերնդի կողքին։

Մեր երկրի նման երիտասարդ է նաև մեր լրագրությունը։ Ի՞նչ թերություններ եք նկատել։

Ես հայերեն չեմ խոսում, բայց որքան հետևել եմ արբանյակային հեռուստաալիքներին, կարծում եմ` արդեն իսկ հիանալի է ունենալ այդքան հեռուստաալիք։ Բայց ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու 3 միլիոն կամ ավելի մեծ թվով մարդիկ դիտում են այսքան հեռուստաալիքներ, որոնք գրեթե նույն արտադրանքն են թողարկում։ Գուցե ավելի նպատակահարմար լիներ ունենալ 5 ուժեղ, մասնագիտացված հեռուստաալիք` կրթված և լրագրության մեջ փորձառու մարդկանցով։

Միաժամանակ ես լսել եմ որոշ համալսարանականներից, որ համալսարանական կրթությունը լրագրողների համար այնքան ուժեղ չէ այստեղ։ Մեկ այլ խնդիր է քաղաքականության բևեռացված համակարգը։ Եթե նույնիսկ դուք նախագահի կողմն եք կամ ընդդիմադիր եք, եթե դուք կարդում եք թերթերը կամ հեռուստացույց եք դիտում, դուք ստիպված եք որոշել` ա՞ջ կողմում եք, թե՞ ձախ, և չեք կարող կանգնել մեջտեղում։

Հասկացա, որ սա իսկապես նոր դեմոկրատական երկիր է։ Բայց ես կարծում եմ, որ երիտասարդ սերունդն ունի պատասխանատվություն լինել ավելի խելացի, ավելի լավը, որովհետև եթե մարդիկ պահանջում են ավելի լավը, մասնագիտությունները պետք է դա ապահովեն. դուք պետք է հեռուստատեսությունը կամ թերթերը դարձնեք ավելի լավը։

Ի՞նչ նոր միտումներ կան ժուռնալիստիկայում, որոնց երիտասարդ ժուռնալիստները պետք է հետևեն։

Առաջինը տեխնոլոգիաներն են բոլոր ժամանակներում: Երկրորդ, եթե դու թերթի լրագրող ես կամ հատկապես հեռուստալրագրող, ապա դու բոլոր ռեպորտյորների, օպերատորների, խմբագրի, հնչյունային ռեժիսորի, լուսավորողի ներկայացուցիչն ես։ Հիշում եմ` ես ճանապարհորդում էի աշխարհով մեկ 6 հոգանոց խմբի հետ, ես անում էի իմ ռեպորտաժները։ Բայց իմ սերնդակից լրագրողները կանգնում էին` բարձրախոսները ձեռքներին, չգիտեին, թե ինչպես միացնել ձայնագրիչը, ինչպես օգտագործել բարձրախոսը։

Հիմա դուք իսկապես պետք է ունենաք բոլոր հմտությունները, որովհետև մրցակցությունը շատ մեծ է, նոր սերունդը շտապում է մտնել այս գործի մեջ։ Մեկ անձը պետք է գնա, նկարահանի, նկարի, գրի նյութը, խմբագրի այն, այնուհետև ուղարկի իր խմբագրություն։ Այժմ առավելագույն հմտություններ են պահանջվում:

Կարծիք կա, որ ԶԼՄ-ն հաճախ ցույց է տալիս իր ստեղծած իրականությունը։ Արդյոք համամի՞տ եք։

Դուք սովոր եք օգտվել ԶԼՄ-ներից, սակայն բոլորը չէ, որ ԶԼՄ են։ Միշտ կա հիմնական ԶԼՄ, որը լուսաբանում է։ Օրինակ` դու լուսաբանում ես և կարող ես նյութը գրել տարբեր ձևով, մեկ ուրիշը` մեկ այլ ձևով, որովհետև դու ունես նյութի քո տարբերակը։ Կարծում եմ, որ զանգվածային լրատվամիջոցները մրցակցում են մասնավոր լրատվամիջոցների հետ, մասնավորապես`  բլոգի, ֆեյսբուքի, թվիթերի։

Օրինակ` մի դեպքի մասին դու մի բան ես գրում, մյուսը` մեկ այլ։ Ինչպե՞ս ես որոշեմ, թե որ մեկին հավատալ։ Ես պետք է լինեմ ըմբռնող, կրթված, բավարար խելացի և կարդամ բլոգերը, ստուգեմ ֆեյսբուքի իմ էջը, թվիթերը, կարդամ այդ պատմության 20 տարբերակ, և այդ ամենն ի մի բերեմ։ Դուք պետք է լինեք ավելի ու ավելի հմուտ այդ ամենը մեկնաբանելիս։ Եթե դու ասում ես` ես կարդում եմ BBC, դու չպետք է հավատաս միայն BBC-ին, եթե նույնիսկ դա BBC-ն է, նույնը նաև այն դեպքում, երբ կարդում ես CNN-ի կայքը։

Ասում են` ժուռնալիստիկան պետք է օբյեկտիվ լինի։ Որքանո՞վ է հնարավոր պահել այդ օբյեկտիվությունը։

Դա ամենաբարդ բաներից մեկն է, որ լրագրողը պետք է անի։ Առաջինը փորձառությունն է, որովհետև բաներ կան, որ դու մտծում ես, որ ճիշտ են, սակայն միշտ չէ, որ ճիշտ են։ Եվ եթե դու ուզում ես բացահայտել, թե ինչը Հայաստանում այն չէ, ինչ է տեղի ունենում երկրում, դա կլինի ամբողջ պատմության միայն մեկ տոկոսը։ Պետք է շատ լսել, խոսել տարբեր մարդկանց հետ` աղքատ, հարուստ, աշխատող, ծեր, երիտասարդ։

Սա հիմք է, որ քեզ վստահեն այն մարդիկ, ովքեր կարդում են ոք գրածը, և անեն իրենց դատողությունները։ Ես չեմ սիրում նյութի մեջ մարդկանց ասել, որ սա վատ է, ներկայացնել իմ եզրակացությունները։ Ես սիրում եմ ասել` այսօր նախագահն այսպես ասաց, այսօր 5 հոգի այսպես արեց, այնուհետև ինչ-որ մեկը կնայի այդ նկարները կամ կկարդա իմ նյութը և կմտծի` ինչ-որ բան այն չէ այս երկրում, ինչ-որ բան սխալ է, և ինքն իր դատողությունները կանի։

Ես ցույց եմ տալիս նկարը կամ տեսանյութը և ասում եմ` տեսեք, ու ես այլևս կարիք չունեմ ասելու, թե ով է լավը, և ով է վատը։ Դու պետք է դատողություները թողնես լսարանին։ Դու պետք է ներկայացնես պատմությունը, եղելությունը, և թույլ տաս, որ մարդիկ որոշեն` դա լա՞վ է, թե՞ վատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter