
Վարդան Սեդրակյան. «Տեղի է ունեցել գործարք Հայրիկյանի և ՀՀ իշխանությունների միջև»
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօրվա ասուլիսում հայտնեց իր դիրքորոշումը Պարույր Հայրիկյանի որոշման մասին: Նա վստահ է, որ տեղի է ունեցել գործարք Պարույր Հայրիկյանի և ՀՀ իշխանությունների միջև: Վ. Սեդրակյանը չի բացառում նաև այն փաստը,որ ընտրություններից հետո Հայրիկյանը պաշտոն կունենա Ազգային ժողովում:
«Քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է: Ես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը նույնպես առաջադրվել են իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում»,- նշեց Սեդրակյանը:
Նախագահի թեկնածուն ներկայացրեց Իգոր Մուրադյանի հոդվածը, որտեղ ևս ասվում է, որ այս ամենը գործարք է եղել: Իսկ եթե Իգոր Մուրադյանը ապատեղեկատվություն է տարածել, Հայրիկյանը պետք է անդրադառնար հոդվածին:
Այն հարցին, թե որքանով են ազդել վերջին դեպքերը ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի վարկանիշի վրա, նա պատասխանեց, որ բացարձակապես չեն ազդել, ինքն իր պատվավոր 8-րդ տեղում է և վստահ է, որ հաղթելու է, առավել ևս այս դեպքերից հետո:
«Ես հաղթելու եմ, քանի որ իմ ծրագիրն արժանահավատ է, ես միավորելու եմ երեք նախագահներին, ոտքի եմ կանգնեցնելու պետությունը: Ընտրություններից հետո լուծարելու եմ Ազգային ժողովը, նոր ընտրություններ են լինելու»,- հայտարարեց թեկնածուն:
Մամլո ասուլիսից հետո Վարդան Սեդրակյանը ուղևորվեց Անդրիաս Ղուկասյանի մոտ:
Կիմա Խաչատրյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել