HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Հայաստանը նշում է «Երաժշտության տոնը»

Այսօր Հայաստանը 5-րդ անգամ կնշի «Երաժշտության տոնը»: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարաններին հարակից տարածքները ողողված կլինեն բազմաժանր երաժշտական կատարումներով` դասական, երգչախմբային, ժողովրդական, ջազային, ռոք, էլեկտրոնային:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ` միջոցառումները մայրաքաղաքում կսկսվեն ժամը 11:30-ին և կշարունակվեն մինչև կեսգիշեր: Այս տարվա միջոցառումների շարքում որպես առավել երիտասարդ մասնակիցներ կառանձնանան Հաղթանակի զբոսայգում հանդես եկող «Արևներ», «Աստղիկ» խմբերը (ժ. 12:00-13:30), Հյուսիսային պողոտայում` թմբկահար աղջիկները (ժ. 14:00-15:00), Անգլիական այգում` մանկական փողային նվագախումբը (ժ. 15:00-15:45):

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգու հարակից տարածքում հանդես կգա «Unicef» մանկական կամերային նվագախումբը (ժ. 17:00-18:30):

Իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարակից տարածքում հանդես կգան տոնի ավանդական մասնակից, Հայաստանի պետական Կամերային երգչախումբը (ժ. 18:00-19:00) և «Վարդանյան քառյակը» (ժ. 20:00-21:00):

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի տարածքում համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պարարվեստի գործիչների միության մանկապատանեկան խումբը (ժ. 19:00-20:00), Սիրահարների այգում կհնչեն ջազ և ռոք: Ելույթ կունենան «Արմենոիդս», «Քրայմստերդամ» ռոք համույթը, «Ան Գորդոնախ» ռոք համույթը Շոտլանդիայից, «Դեղ» ռոք համույթը Հայաստանից, «Սիմա Քոնինգհամը» ԱՄՆ-ից (ժ. 19:30-21:30):

Կասկադում համերգային ծրագրով հանդես կգան Ֆրանսիական «Bratch» և «Beauty Fine project» խմբերը (ժ. 20:00-23:00):

2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Երաժշտության տոնը» նշվում է նաև ՀՀ մարզերում:

ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ «Երաժշտության տոն» ակցիան ավանդաբար անցկացնում է հունիսի 21-ին 2007 թվականից:

Ֆրանսիայի մշակույթի նախարարության այս նախաձեռնությունը (1982 թ.), որը տարեցտարի առավել լայն տարածում է գտնում աշխարհում, բացօթյա կենդանի կատարումներով «Տոնի» գաղափարի շուրջ է համախմբում ավելի քան 110 երկրի 350 մեծ ու փոքր քաղաքի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter