
«Հայաստանը ձգելը կցավեցնե» ամերիկահային
«Երեք տարբերակ ունիս. կամ ուդ, կամ էլեկտրոկիթառ, կամ ֆլամենկո կիթառ, կամ, չեմ գիտեր, երեքն ալ կարող եմ նվագել»,- ասաց Րաֆֆին: Ընտրվեց վերջին տարբերակը. նա սկսեց հերթով նվագել ԱՄՆ-ից Հայաստան բերած գործիքները: Պատին հենած հեծանիվով Րաֆֆին կտրել-անցնելու է Մեռյալ ծովից մինչև Կարմիր ծով. պատմում է, թե ինչպես մի օր ընկերներով որոշեցին, որ ուզում են շրջագայել և վերջ: Այդ նույն խանդավառությամբ ֆլամենկո էր նվագում, երբ կիթառի լարը կտրվեց: «Աս ի՞նչ եղավ,- ասաց Րաֆֆին,- երևի հին էր աս լարը, չեմ գիտեր»: Ok` ասաց, ու հերթը հասավ էլեկտրոկիթառին:
Րաֆֆին ուզում է Հայաստանում զբաղվել կամավորական աշխատանքով: Զարմանում է, թե ինչու են հայաստանյան որոշ ընկերություններ մերժում իրեն, երբ ինքն ուզում է նրանց մոտ կամավոր աշխատել: «Ընկերության անունը չեմ տա,- պատմում է նա,- հիմա ես փորձում եմ մեկ հատ անգլերենի դաս տալ կամավոր: Արդեն մեկ հատ դաս կուտամ «Թումո» կենտրոնում, շատ լավ է: Աս նոր տեղը, որտեղ ուզում եմ անգլերենի դաս տալ, չեն զանգում ինձ, չեն հետաքրքրվում, կարևորություն չեն տար: Երկու շաբաթ առաջ ասացին, որ այսօր զանգեմ: Զանգեցի: Էսօր ըսավ եկող շաբաթ զանգե: Եվ պատճառ չի կա: Կրնա ասել` մենք շատ զբաղված ենք, բայց պատճառ չեն ասում»,- ասաց Րաֆֆին: Հետո ժպտաց և որոշեց. «Օk, օրացույցիս մեջ գրեցի, որ գալ շաբաթ նորից զանգեմ»:
Րաֆֆին ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքից է: Ամերիկյան «Ֆուլբրայթ» գիտական ծրագրով մեկ տարվա կրթաթոշակ է շահել, եկել է Հայաստան: Այս ընթացքում պետք է կատարի գիտական հետազոտություն՝ «Կամավորական աշխատանքի դերը Հայաստանում» թեմայով: «Ֆուլբրայթին» ներկայացրած իր ծրագրի կետերից է Հայաստանում կամավորական աշխատանք անելը՝ «ուղղակի փորձառություն ստանալու համար»:
Առաջին անգամ Հայաստան է եկել 2007-ին դարձյալ որպես կամավոր: Վերին Պտղնի և Արամուս գյուղերում անգլերենի և համակարգչի դասեր է տվել: Հետո Արցախ է գնացել հետիոտների՝ անտառի միջով անցնող ճանապարհները սարքելու, «նշաններ խփելու»: Վերջին ամիսն էլ Գյումրիում է անցկացրել. «Պզտիկներ կային էնտեղ, որոնց ծնողները աղքատ էին, երեխաներու սոցիալական ապահովության կենտրոն էր, ատ կենտրոնում կաշխատեի»:
Րաֆֆիի ծնողները լիբանանահայ են: Հայրը ժամանակին Հայաստան է եկել, որ կրթություն ստանաա. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետո` բժշկական համալսարանում: Լիբանան վերադառնալուց հետո ամուսնացել և տեղափոխվել է Բալթիմոր: Րաֆֆին եղբայր և քույր ունի: Քույրն ամուսնացած է Վաշինգտոն քաղաքում:
«Ֆուլբրայթ» ծրագրով ստացած կրթաթոշակի ժամկետը վերջանում է հունիս-հուլիս ամիսներին: Րաֆֆին ասում է, որ «Հայաստանը ձգելը» ցավեցնում է իրեն, որովհետև այստեղ «բախտավոր է»: Հիմա կոնսերվատորիայի դասախոսների մոտ սովորում է նվագել ուդ և ֆլամենկո կիթառ: Արևելեահայերեն է պարապում: Ընկերների հետ նվագում և երգում է Երևանի ռոք ակումբներում: Համերգ է տվել նաև Տավուշի մարզի Չինչին գյուղում երեխաների համար:
![]() |
Րաֆֆին` Չինչին գյուղում |
Նրան դուր է գալիս այն երիտասարդների ակտիվությունը, որ պայքարում էին Մաշտոցի այգու համար: Իր հետազոտական աշխատանքի ընթացքում Րաֆֆին բացահայտել է, որ Հայաստանում կամավորության հենց այդ տեսակն է, որ այնքան էլ տարածված չէ աշխարհում: «Իրենք իրենց ակտիվիստ են ասում: Բայց իրենք կամավոր են. իրենց ուզելով անվճար կերթան իրենց նպատակին համար կպայքարին,- ասում է Րաֆֆին,- դա ցույց է տալիս այնպիսի մարդկային շունչ, որ ուզում են պաշտպանել իրենց ուզած քաղաքակրթությունը: Այդպիսի կամավորությունը Հայաստանում իմ կարծիքով ավելի կարևոր է: Դա մեծ առիթ է տալիս Հայաստանի խնդիրները լուծել: Հայաստանը հազար հատ խնդիր ունի: Եթե մարդիկ զգան, որ երկիրը իրենցն է, օլիգարխներինը չէ, այդ հազար խնդիր շատ կրնա պակսիլ»:
Այս տարի Րաֆֆին ընդունվել Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա: Բայց մեկ տարով հետաձգել է ուսումը, որ գա Հայաստան: Նա ուզում է Հայաստանում լուրջ նվագախումբ ստեղծել: Միայն եթե դրան չխանգարի «հայերի թեթև պատասխանտվությունը»: «Հիմա ես ուզում եմ վաղը իրիկուն նվագախումբի փորձ ունենալ, - ասում է Րաֆֆին,- ում հետ որ պայմանավորված եմ, անընդհատ զանգում եմ, չի պատասխանում: Բայց անցյալ շաբաթ միշտ կպատասխաներ: Եվ պրոբլեմ չի կար: Երեկ չէ առջի օրը զանգեցի, լուր չի կա, ձայն չի կա: Էսօր զանգում եմ, լուր չի կա: Ամերիկային մեջ մենք e-mail-ով հինգ-վեց հատ փորձ կորոշեինք: Մեկ e-mail-ով: Ես պետք է էդ սովորությունը էստեղ պահեմ և չհուսահատվեմ, որ էստեղ փորձ չի կարող լինել»:
Րաֆֆիի առաջին ձայնասկավառակի վրա գրված է «Raffi Joe»: Նա բեմական անվան համար նախընտրել է ոչ թե ազգանունը՝ «Վարդանյան», այլ ամերիկյան հնչողությամբ երկրորդ անունը (middle name)՝ «Joe»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել