HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մարդկանց աշխատատեղերով ապահովելու խնդիրը նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում

Հայաստանից հեռացողների մեծ մասը որպես արտագաղթելու հիմնական պատճառ նշում է Հայաստանում աշխատանք չունենալը:

Ստորև ներկայացվում են նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի՝ աշխատատեղեր ստեղծելուն, արդեն գոյություն ունեցող, սակայն փակման վտանգի առջև հայտնված աշխատատեղերը պահպանելուն, աշխատավարձերին վերաբերող դրույթները, ինչպես նաև տարբեր ոլորտներում առաջարկվող այն բարեփոխումները, որոնց արդյունքում ենթադրվում է մարդկանց համար աշխատելու նոր դաշտի ի հայտ գալը:

Հրանտ Բագրատյան

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի գերակշիռ մասը կազմում է տնտեսական ծրագիրը, որը կոչվում է «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»:

Տնտեսական ծրագրի 3-րդ քայլում նշվում է. «Սոցիալական արդարության մոդելի մյուս բնութագրիչը ինքնազբաղվածության աճն է. ոչ թե աշխատատեղ են ստեղծում մարդկանց համար, այլ, նախևառաջ, նրանց հնարավորություն է տրվում ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան զբաղվածություն (աշխատատեղ)։ Պետությունը կվճարի ցանկացած նոր (առաջին անգամ բացվող) փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։ Բացի այդ, պետական կարևորագույն ծրագրերի շուրջ կլաստերային աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է նպաստի զբաղվածության աճին։ Սա մշտական հոգս է, այն կլինի մեր ամենօրյա գործունեության հիմնաքարը»:

Ծրագրի 7-րդ քայլում թեկնածուն նշում է Արցախի և հարակից տարածքների բնակեցմանն աջակցելու, բնակիչներին աշխատանքով ապահովելու մասին. «Պետք է բարձրացնել սիրիահայության խնդիրը, նրանց բոլորին (շուրջ 200 հազ. մարդ) և Ադրբեջանից գաղթած հայերին ապահովելով բնակարանով ու աշխատանքով նշված տարածքներում (այսպես կոչված՝ «Նոր Հալեպ» ծրագիրը)։ Ամեն մի վերաբնակեցված ընտանիքին տրամադրել 50 000 դոլար նշված տարածքներում՝ առնվազն 5 և 120000 դոլար՝ 10 տարի ապրելու և աշխատելու համար»։

Հրանտ Բագրատյանը նախատեսում է փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացում և խոստանում, որ 1 տարում հարկային դաշտի փոփոխության արդյունքում կսկսվի ՓՄՁ-ների բումը։ «2012թ. սկզբներին Հայաստանի տնտեսության 52%-ը գտնվում է 44 ընտանիքի ձեռքում, 26%-ը՝ 220 հազ. գյուղացիական, 65 հազար ՓՄՁ-երի, անհատ ձեռներեցների ձեռքում, 19%-ը Ռուսաստանի և 3%-ը այլ օտարերկրացիների ձեռքում։ Հետևապես, հարստության ցրումը, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը, հանրապետության բոլոր քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություն ապահովելը երկրի անվտանգության աճի հիմնական գրավականներն են» (10-րդ քայլ):

«Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» ծրագրով նախատեսվում է 1 տարվա ընթացքում ընդունել նոր աշխատանքային օրենսգիրք, որը պետք է էականորեն կրճատի գործատուների՝ մարդկանց աշխատանքից ազատելու իրավունքները, մասնավորապես պետք է արգելի աշխատանքային որակավորման պատճառաբանությամբ մարդուն աշխատանքից ազատելը (12-րդ քայլ):

Անհավասար և անարդար պայմաններում հայտնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը վերացումից փրկելու համար Հրանտ Բագրատյանը հրատապ է համարում խոշոր բիզնեսի լիարժեք հարկումը: «ՓՄՁ հետագա զարգացումը հնարավոր է միայն այնպիսի հարկային համակարգի առկայության դեպքում, երբ հարկերի դրույքաչափերը չեզոքացնում են մասշտաբի էֆեկտի ազդեցությունը խոշոր բիզնեսի համար» (24-րդ քայլ)։

Իսկ 26-րդ քայլով նախատեսվում է գյուղացիական տնտեսությունների ու անհատ ձեռներեցների համար սահմանել հարկման այլ սխեմա՝ հողի հարկի, արտոնագրային վճարումների ու միանվագ վճարումների տեսքով, երբ վարձու աշխատանքը բացակայում է:

Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրում կա նաև պետական ապարատի կրճատման (հետևաբար և աշխատատեղերի կրճատման) վերաբերյալ դրույթ։ Ըստ այդմ, կառավարության, նախարարությունների, կառավարման հանրապետական մյուս մարմինների (ծառայությունների, հանձնաժողովների), պետական հիմնադրամների, մարզպետարանների, քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմը կկրճատվի 1.2-1.5 անգամ, իսկ աշխատավարձերն անմիջապես կավելանան 2.0-2.2 անգամ (51-րդ քայլ)։

Ի տարբերություն պետական ապարատի կրճատման՝ թեկնածուի նախընտրական ծրագրով նախատեսվում է 2013-2017թթ. ՀՀ-ում և ԼՂՀ-ում հիմնել առնվազն երկու տասնյակ ինովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ։ «Բոլոր մարզային կենտրոններում պետք է բացել գործարարության աջակցության պետական կենտրոններ։ Այս կառույցներում ֆիզիկական և իրավաբանական անձինք 2 տարի առանց որևէ վճարման պետք է հնարավորություն ունենան զարգացնելու իրենց ինովացիոն ձեռնարկչատիրական ծրագրերը։ Հետագայում այդ միջոցները պետք է փոխհատուցվեն արագացված վճարումների միջոցով» (79-րդ քայլ)։

Փոքր և միջին բիզնեսի պաշտպանություն, մասնավորապես փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու նպատակով՝ տնտեսական ծրագրով նախատեսվում է, որ պետությունը խստորեն կկանոնակարգի սուպերմարկետների գործունեությունը։ «Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշվեն որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Դրա հետ մեկտեղ խոշոր քաղաքներում պարբերաբար պետք է անցկացվեն պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ՝ հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով» (82-րդ քայլ)։

Ըստ նախընտրական ծրագրի՝ երկրի ղեկավարությունն արգելափակում է այլ ձեռներեցների մուտքը որոշակի ոլորտներ: Օրինակ՝ մտցված են անհասկանալի բարձր տուրքեր կոնյակի (15 մլն դրամ), ցորենի օղու (15 մլն դրամ), հանքային ջրերի (5 մլն դրամ), մետաղների (15 մլն դրամ), քարերի (1 մլն դրամ) արտադրությանների և մշակման կազմակերպման գործում։ Նշված բոլոր ոլորտներում երկրի ղեկավարությունն ունի հովանավորյալներ։ Հրանտ Բագրատյանն անհրաժեշտ է համարում անմիջապես չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալներին։ «Պետք է առնվազն 3 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը՝ շուրջ հարյուրից հասցնելով մի քանի տասնյակի։ Անհասկանալի է, օրինակ, թե ինչո՞ւ կրպակում առևտուր կատարելու, տաքսի վարելու կամ չափագրում կատարելու համար մարդը պետք է թույլտվություն ստանա ու դրա համար ահռելի գումար վճարի։ Այս խնդիրը կլուծենք 1 տարվա ընթացքում» (88-րդ քայլ)։

«Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» ծրագրի վերջին բաժինը նվիրված է գյուղատնտեսությանը: Առաջարկվում են գյուղացիության ծանր կացությունը բարելավելուն ուղղված միջոցառումներ, որոնք կհանգեցնեն նաև գյուղացիների արտադրանքի իրացմանը, նրանց զբաղվածությանը:

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորում: «Մթերման համապատասխան փաստի դիմաց գյուղացին պետք է ստանա սուբսիդիա յուրաքանչյուր միավոր արտադրված մթերքի հաշվով։ Սուբսիդիաների քաղաքականությունն առանձին դեպքերում (լեռնային գյուղական բնակավայրեր) պետք է զուգակցել երաշխավորված մթերման գների քաղաքականության հետ» (91-րդ քայլ):

Գյուղացիները զանգվածաբար լքում են իրենց հողակտորները, հնարավորության դեպքում վաճառում դրանք, դառնում բատրակներ, գալիս են քաղաքներ կամ էլ լքում երկիրը։ Ուստի, 92-րդ քայլը գյուղում տնտեսական քաղաքականության առանցքային խնդիր է համարում խոշոր հողատիրության դեմ պայքարը, օրենսդրորեն և գործնականում մանր գյուղացիական տնտեսությունների խրախուսումը, վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքների վերականգնումը։

«Գյուղացու աշխատանքի 70-80%-ը հասնում է շուկաների տերերին»,- նշված է ծրագրում (94-րդ քայլ)։ Որպես խնդրի լուծում առաջարկվում է 2 տարում վերականգնել քաղաքներում գյուղացիական տնտեսությունների հիմնած շուկաներն ու բացել նորերը:

Հրանտ Բագրատյանը նախատեսում է առաջիկա 5 տարում լայնորեն ծավալել կոոպերացիան ու գյուղփոխօգնությունը՝ ստեղծելով կոոպերատիվներ ու փոխօգնության միավորներ (ՓԿ) ոռոգման, ագրոսերվիսի և գյուղմթերքների նախնական մշակման ու իրացման գործում (95-րդ քայլ)։

«Մնալով իր հողի տերը՝ գյուղացին, օրինակ, կստանա փայ ոռոգման համակարգից, որը կտրվի այդ համակարգը կառավարող գյուղացիական կոոպերատիվին։ Վերջինիս մասնակիցները պետք է լինեն միայն գյուղացիները, ում հողերը այդ համակարգից պետք է ոռոգվեն։ ՓԿ-ները կնշանակեն ոռոգման ջրի գինը։ ՓԿ-ի անդամ գյուղացիները աշխատանքային մասնակցություն հանդես կբերեն ոռոգման գործում։ Գյուղացին պետք է եկամուտ ստանա ինչպես իր հողից, այնպես էլ ոռոգման ՓԿ-ում մասնակցություն հադես բերելուց» (96-րդ քայլ):

Նախընտրական ծրագիրը նախատեսում է, որ պետությունը կաջակցի փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Դա թույլ կտա նոր շունչ տալ փոքր գյուղացիական տնտեսություններին՝ հիմնված ընտանեկան ու փոխօգնության միջոցով ներգրավված աշխատանքային ռեսուրսների վրա։ «Ի վերջո, գերակշռող կլինեն 5-10 հա (առավելագույնը) չափեր ունեցող և առավելապես ընտանեկան աշխատուժն ու փոխօգնությամբ մյուս գյուղացիների աշխատանքն օգտագործող տնտեսությունները։ Կարճ ժամկետում հանրապետության գյուղատնտեսությունը կարող է մասնագիտանալ էլիտար, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության և արտահանման գործում» (98-րդ քայլ)։

Անդրիաս Ղուկասյան

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական ծրագիրը կոչվում է «Պետականության ճգնաժամը Հայաստանում: Գործողությունների ծրագիր հանրապետության նախագահի համար»:

Ըստ նախընտրական ծրագրի՝ նախագահը պարտավոր է քաղաքացիական հասարակության հետ միասին սահմանել հասարակական վերահսկողություն ազգային հարստության նկատմամբ. իրականացնել հանրային հսկողություն հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության նկատմամբ, պետությանը վերադարձնել Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն ճանապարհով կուտակված անօրինական հարստությունը, հետաքննել Հայաստանի արտաքին պարտքի ձևավորման և միջազգային վարկատուներից ստացված վարկային ռեսուրսների նպատակային օգտագործման հանգամանքները:

«Անօրինական սեփականության այն տերերին, ովքեր կամովին կընդունեն իրենց մեղքը և կհամագործակցեն հետաքննության ընթացքում, Նախագահն իրավունք ունի առաջարկել այդ սեփականության նկատմամբ իրավունքի պահպանում՝ դրա ամբողջ արժեքը հինգ տարվա ընթացքում պետությանը հատուցելու պայմանով»,- նշվում է ծրագրում:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի նախընտրական ծրագրի՝ պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր մարդու արդար վարձատրություն և աշխատանքի նորմալ պայմաններ, ինչպես նաև ապահովել միատեսակ պայմաններ աշխատանքային ավելի բարձր աստիճանի առաջ քաշման համար՝ բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիման վրա»:

Ծրագրում գրված է, որ հասարակությունն ընդունում է տնտեսական գործունեությունից շահույթ ստանալու մասնավոր ձեռնարկատերերի իրավունքը, երբ մասնավոր ձեռնարկատերերն էլ ընդունում են կայուն զարգացման համար հասարակության առջև իրենց պատասխանատվությունը: Այդ պատճառով մասնավոր ձեռնարկատերերի համար ազգային վարկային ռեսուրսների հասանելիությունը պետք է ուղիղ համեմատական լինի շահույթի այն ծավալին, որը նրանք ուղղում են իրենց ձեռնարկությունների զարագացմանը կամ ավանդադրում են ազգային զարգացման ֆոնդերում:

Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ արտադրական ռեսուրսների ճակատագիրը չի կարող կախված լինել մարդկանց նեղ խմբի կամքից: Այդ պատճառով խոշոր ձեռնարկություններն անպայման պետք է լինեն կոլեկտիվ սեփականություն:

«Քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել պետության, մասնավոր կապիտալի սեփականատերերի և ամբողջ հասարակության ջանքերը: Դրա համար 2013 թվականին Հայաստանում պետք է մշակվի և իրագործվի «2014-2020 թվականների ազգային զարգացման յոթնամյա ծրագիր»»,- գրել է Անդրիաս Ղուկասյանը:

«2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագրի» նպատակներից են հասցնել տարեկան համախառն ազգային եկամուտը մինչև 60 միլիարդ ԱՄՆ դոլարի, ապահովել աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածություն, ապահովել քաղաքային բնակարաններով և աշխատանքով քաղաքներում բնակչության 90 տոկոսին, ամբողջությամբ փոխարինել ներմուծվող սպառողական ապրանքները և ծառայությունները ազգային արդյունաբերության արտադրանքով, ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության զարգացման համար, կազմակերպել զենքի ու զինամթերքի հայրենական արտադրություն:

«Ազգային զարգացման յոթնամյա ծրագիրը պետք է դառնա պետական, մասնավոր և հասարակական ներդրումների, արտադրության ծավալների, գնագոյացման մեխանիզմների և այլ տնտեսական լուծումների համաձայնեցված ծրագիր, որը հնարավորություն կտա միավորել պետության և մասնավոր ձեռնարկատերերի ջանքերը՝ հասնելու Հայաստանի լրիվ տնտեսական անկախության և ապահովելու արժանապատիվ կյանք երկրի բնակչության համար»,- նշված է Անդրիաս Ղուկասյանի նախընտրական ծրագրում:

Աշխատատեղերի ստեղծում են ենթադրում նաև նախագհի թեկնածուի հետևյալ առաջարկները. «Մարտական պատրաստության տեսանկյունից բոլոր առանցքային զինվորական պաշտոնները՝ զրահատեխնիկայի, հրետանու, ռմբակոծիչների, հակատանկային համակարգերի անձնակազմերը, ՀՕՊ համակարգը և այլք պետք է համալրվեն պայմանագրային հիմունքներով ներգրավված ռազմական մասնագետներով: Նաև, բացառապես պայմանագրային հիմունքներով պետք է համալրվեն սերժանտական պաշտոնները: Սերժանտական ինստիտուտի դերը պետք է էապես ամրապնդել: Սերժանտական կազմի հեղինակությունը բարձրացնելու նպատակով պետք է ստեղծել Զինված Ուժերի Գլխավոր Սերժանտի պաշտոն»:

Թեկնածուն նախընտրական ծրագիրը եզրափակում է այն դիտարկմամբ, որ հանրապետության նախագահը պարտավոր է ծառայել հասարակությանն այնպես, որ 2 տարվա ընթացքում երկրում հաստատվի նոր տնտեսական կարգ, «որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ազգային եկամտի ստեղծմանը և իր բաժնեմասի արդար տիրապետումը՝ ներդրածին համապատասխան»:

Սերժ Սարգսյան

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը կոչվում է «Դեպի ապահով Հայաստան»: Ծրագրի հենց «Ներածության» մեջ Սերժ Սարգսյանը վստահեցում է, որ «2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում»: «Ավելի լավ» բառերից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի տեսանկյունից` Հայաստանում վիճակն արդեն իսկ «լավ» է: Նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանը գերազանցապես շրջանցել է այն պատճառները, որոնք հանգեցրել են երկրի ներկայիս վիճակին, իսկ «արտագաղթ» բառը ծրագրում ոչ մի անգամ չի հիշատակել:

«Ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը. հայոց բանակ» բաժնում Սերժ Սարգսյանը խոստանում է. «Պետությունը ժամկետային զինծառայությունից զորացրվողների համար ապահովելու է աշխատանքի և արտոնյալ ուսման հնարավորություններ»:

Թեկնածուն խոստանում է առաջիկա 5 տարվա ընթացքում հասնել նրան, որ շարունակվի զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության: «Այս ամենում իր կարևորագույն դերն է ունենալու ժամանակակից և կենսունակ հայրենական ռազմարդյունաբերական համալիրը, որի մշտական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում»,- գրում է նա:

Առաջիկա 5 տարում նաև մեծ տեղ է հատկացվելու բանակը գրագետ մասնագետներով համալրելու գործին: «Ռազմակրթական բարեփոխումներում առաջադեմ լավագույն չափորոշիչների ներմուծմամբ ստեղծվելու է Հայաստանի կարիքներին համապատասխանող ուրույն ռազմակրթական համակարգ, որն ունակ է լինելու փակ շրջափուլով ապահովել բոլոր կատեգորիաների սպայական ու սերժանտական կադրերի պատրաստման մեր կարիքները»,- նշված է ծրագրում:

«Արտաքին քաղաքականությունը դեպի Ապահով Հայաստան ճանապարհին» բաժնում Սերժ Սարգսյանը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում են մնալու արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման, հայրենական արտադրանքի արտահանման նոր շուկաների որոնման և այդ շուկաներում ներգրավվածության հարցերը:

Ըստ «Աշխատանք և արժանապատիվ վաստակ» բաժնի` Հայաստանի տնտեսական զարգացումն առաջնորդվելու է բարձր արտադրողականության և տեխնոլոգիական նոր որակ կրող արդյունաբերության ձևավորման, արտաքին շուկաներում տեղական արտադրողի և արտահանողի համար բարենպաստ ռեժիմների երաշխավորման, երկրի ներսում ազատ տնտեսական գոտիների կայացման, արդյունավետ արտաքին ներդրումների ներգրավման ու գործարար միջավայրի համակարգային բարելավման քաղաքականությամբ:

«Զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու միջին և բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսությունում արտադրողականության բարձրացումը»,- նախընտրական ծրագրում գրել է Սերժ Սարգսյանը:

Նրա ընտրվելու դեպքում երկրի արդյունաբերական համակարգի ձևավորման առանցքը կազմելու են մրցունակ տեխնոլոգիաներ կիրառող ու նորարարական արդյունք ստեղծող ոլորտները: Այս նպատակին հասնելու համար թեկնածուն կարևորում է արտադրության և իրացման ոլորտում հեղինակավոր ընկերությունների ներգրավումը, ազատ տնտեսական գոտիների արդյունավետ գործարկումը, միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումները:

«Սրանք են լինելու երկրի տնտեսությունը՝ արտահանմանն ուղղված զարգացմանը տանող առաջնային գործիքները: Այս բոլոր գործընթացներում առաջնորդվելու ենք մեր որդեգրած սկզբունքով` ծրագրերի ու նախագծերի իրականացման բոլոր փուլերում մասնավոր հատվածին դիտելով որպես գործընկեր: Այս միջոցառումների և նախաձեռնությունների նպատակն է նոր՝ ապահով աշխատատեղերի ստեղծումը»,- նշված է նախընտրական ծրագրում:

Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ գոյություն ունեցող ազատ առևտրային մեխանիզմներից օգտվելը և ինտեգրացիոն տարբեր գործընթացներին ակտիվ մասնակցելը թույլ կտան հայրենական արտադրողին առավել նպաստավոր և ազատ մուտք ունենալ հնարավորինս շատ շուկաներ:

Ըստ «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի` տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճելու է գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: «Հետևողականորեն զարգանալու և արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը տնտեսական հարցերում»,- խոստանում է նախագահի թեկնածուն:

Ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման նպատակով պետական աջակցության նշանակետը փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում լինելու են նորարարությունների ներդրման խրախուսումը, բիզնես-կրթության մշակույթի արմատավորումը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացումը, կանանց ձեռներեցության խրախուսումը, միջազգային շուկայում ընկերությունների դիրքավորումը և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցումը: Առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվելու նոր բիզնես հիմնելու նախաձեռնություններին:

«Զարգացման հենասյուները դրվելու են ուղղորդված ներդրումային քաղաքականությամբ` որպես առաջադեմ տեխնոլոգիաների փոխանցման և արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևոր մեխանիզմ: Քաղաքականության այս շեշտադրումներով ենք ապահովելու տնտեսական զարգացման այնպիսի փոխակերպումը, որի արդյունքում Հայաստանի քաղաքացին ստեղծելու է բարձրարժեք և մրցունակ ապրանք ու ծառայություն, ունենալու է երաշխավորված աշխատանք իր երկրում ու բավարար ճկունություն՝ աշխատաշուկայում իր գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրացնելու համար, սպառողական պահանջարկը բավարարելիս ընտրության շարժառիթ է դառնալու որակը»,- նախատեսում է Սերժ Սարգսյանը:

«Ապահովված գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն» բաժնում նախագահի թեկնածուն խոստանում է շարունակել գյուղատնտեսության ոլորտում ներդրումներն ու աջակցությունները, որոնք են` «մատչելի վարկավորում, պարարտանյութեր, դիզվառելիք, սերմացու և այլն»: Մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների կիրառման արդյունքում գյուղացու համար ժամանակակից տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելը դառնալու է ձեռնտու:

«Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության և ապրանքայնության մակարդակի բարձրացման, եկամտաբերության ավելացման նպատակով քայլեր ենք ձեռնարկելու գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման ուղղությամբ: Կարևորություն է տրվելու չօգտագործվող վարելահողերի գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավման և ոռոգվող հողատարածքների ընդարձակման խնդիրներին: Հետևողական աշխատանք է տարվելու հեռագնա արոտավայրերը ակտիվ շրջանառության մեջ ներգրավելու ուղղությամբ»,- նախատեսում է Սերժ Սարգսյանը:

Նա խոստանում է ամեն կերպ խթանել խաղողագործության և պտղաբուծության զարգացումը, ֆինանսական զգալի ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներով պտղատու այգիներ հիմնելու գործում, մշտական ուշադրության կենտրոնում պահել ագրովերամշակման ոլորտի զարգացման և թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացները, ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդնել արդի լավագույն տեխնոլոգիաները և ստեղծել ձկնամթերքի վերամշակման ժամանակակից կարողություններ՝ ապահովելով տարեկան արտադրանքի էական աճ:

«Նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու ջերմոցային տնտեսությունների զարգացման և տարածքների ավելացման համար, որի շնորհիվ կմեղմվեն բանջարեղենի հիմնական տեսակների գների սեզոնային տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները, և կստեղծվեն մեծ թվով նոր աշխատատեղեր»,- գրված է նախընտրական ծրագրում:

Աշխատատեղերի ստեղծում են ենթադրում նաև «Համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում» բաժնում առաջարկվող հետևալ ծրագրերը. համայնքներում հետևողականորեն ավելացնել ծառայությունների տեսականին, նոր թափ հաղորդել Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարությանը, այլ քաղաքներում ևս ավելացնել ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպերը: «Հարկային քաղաքականությամբ ուղղորդելու ենք ներդրումները դեպի համայնքներ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- գրում է Սերժ Սարգսյանը:

Նախընտրական ծրագրի «Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ» բաժում նա խոստանում է հատուկ ուշադրություն դարձնել հաշմանդամների զբաղվածության խնդիրներին, բայց չի մանրամասնում, թե ինչպես:

«Առողջ ընտանիքներ» բաժնում Սերժ Սարգսյանի նախատեսած քայլերից որոշները ևս ենթադրում են երկրում աշխատատեղերի ստեղծում: Այսպես, առողջապահության ոլորտում թեկնածուն նախատեսում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց, հիմնել ուռուցքաբանական կենտրոն, ապահովել ներդրումներ՝ բիոտեխնոլոգիաների և դեղագործության ժամանակակից արտադրություններ հիմնելու համար, փոքր քիմիայի զարգացման ծրագրի շրջանակում պետականորեն հովանավորել եզակի դեղանյութերի և դեղամիջոցների ստեղծման, արտադրման և արտահանման գործընթացը:

Աշխատատեղեր կստեղծվեն, եթե իրականանան թեկնածուի` «Կրթություն և գիտություն» բաժնում թվարկված հետևյալ խոստումները. մարզերում կառուցվելու են նոր մանկապարտեզներ, հիմնվելու է ժամանակակից լաբորատորիաների ցանց բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում:

Իսկ «Երիտասարդություն և սպորտ» բաժնում Սերժ Սարգսյանը խոստանում է. «Երիտասարդների զբաղվածության խնդիրը շարունակելու ենք դասել այնպիսի առաջնահերթությունների շարքում, որոնք լուծվելու են նոր աշխատատեղերի ստեղծման, երիտասարդների ձեռներեցության խթանման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ճանապարհով»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter