Շարունակում են քանդել Պռոշյան փողոցի հայտնի ոլորանման պարիսպը: Այսօր քանդվեց նաև պարսպի այն հատվածը, որը գնտվում էր Մանկական երկաթուղի տանող ճանապարհի վրա՝ Ուրուգվայի հրապարակի հարևանությամբ: Ապամոնտաժումն իրականացնող բանվորները չգիտեն, թե ինչու է քանդվում պարիսպը, նրանք ուղղակի իրենց աշխատանքն են անում: Ապամոնտաժումը գլխավորող շինղեկի ասելով, պարիսպը քանդվելու է միայն այն հատվածում, որտեղ նախատեսվում է կառուցել ինչ-որ շենք, պարսպի շարունակությանը դժվար թե ձեռք տան:
Քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ պարսպի այդ մի հատվածի ապամոնտաժումը ժամանակավոր բնույթ է կրում: Քաղաքապետարանը պարիսպը քանդելու թույլտվություն է տվել այդ տարածքում կատարվող շինարության նորմերը պահպանելու նպատակով: Այդ տարածքում կառուցվելու է բազմաբնակարանային համալիր: Կառուղոցն «Ավիատրանս» ՓԲԸ-ն է:
Արթուր Գևորգյանի խոսքերով, շենքի շինարարության ավարտից հետո պարսպի վերականգնումը ոչ թե կառուցապատողի խղճից է կախված լինելու, այլ դա վերջինիս պարտականությունն է, քանի որ քաղաքապետարանը պարիսպը քանդելու թույլտվություն է տվել միայն շինարարական նորմերը պաշտպանելու նկատառումով:
Մեկնաբանել