Ի՞նչ կապ ունի «Շանսոնը» Արմավիրի մարզպետի հետ
Փետրվարի 10-ին աղիքային խանգարման երևույթներով և սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ 22 հիվանդ էր հոսպիտալացվել: Հիվանդները փետրվարի 9-ին՝ հարսանյաց հանդեսի ժամանակ, Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում կերել էին հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի խորոված և թունավորվել էին:
Դեպքից հետո առողջապահության նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է:
Նշենք, որ «Շանսոնը» պատկանում է Արմավիրում հայտնի գործարար Միսակ Տեր-Պողոսյանին: Նշված ռեստորանի հետ է կապվում նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Շանսոն» ռեստորանում բաժնեմաս ունի նաև մարզպետը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում հերքեց Աշոտ Ղահրամանյանի կապը «Շանսոնի» հետ: «Ես բացառում եմ դա, մարզպետը ոչ մի կապ չունի այդ ռեստորանի հետ»,- ասաց բաժնի պետը:
Աշոտ Ղահրամանյանի և Միսակ Տեր-Պողոսյանը գործարար կապի մասին խոսակցությունները պայմանավորված են նաև նրանց ընկերական ջերմ հարաբերություններով: Հավանաբար դա է պատճառը, որ մարզում մի շարք շինաշխատանքների իրականացման մրցույթներում հաղթում են Միսակ Տեր-Պողոսյանին պատկանող «Միլաքս-Գրուպ» ՓԲ և «Միսակ Մեծ» ՍՊ ընկերությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել