HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մանկական քաղաքից» մինչեւ «Դօսաաֆի» ճաշարան. որտե՞ղ են գրանցված 5715 ընտրողները

Հայաստանում 5715 ընտրող առանց հասցե, առանց շենքի կամ բնակարանի տվյալների է տեղ գտել նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում: Օրինակ՝ Արաբկիր վարչական տարածքի 4/02 տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 73 ընտրողի հասցեն «Քանաքեռ մանկական քաղաքն» է: Նույն  տարածքում 289 ընտրող էլ հաշվառված է «Քանաքեռի շրջան թունել» հասցեում: 18 ընտրող էլ հաշվառված է Դավթաշենի 3-րդ թաղամաս «Դօսաաֆ» ճաշարանում: Մարզերում նույնպես կան հասցեներ, որտեղ 100-ից ավել ընտրող է հաշվառված: Օրինակ՝ Էջմիածնի Պետտնկարան հասցեում հաշվառված է 169 ընտրող, Կոտայքի Քասախ բնակավայրի Վ. Սարգսյան փողոցի տներից մեկում հաշվառված է 209 ընտրող եւ այլն:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգ» ծրագրի նախնական արդյունքները, որով համադրվել են մարզերի մշտական բնակչության եւ ընտրողների թվաքանակները, ինչպես նաեւ վեր են հանվել ընտրացուցակներում տեղ գտած յուրահատուկ տվյալները:

Ծրագիրն իրականացվում է նոյեմբերի 1-ից, որը երկրորդ փուլն է՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ խախտումներ հայտնաբերել միայն այս թվերով հնարավոր չէ, բայց մի շարք գործոններ բաղադրելով կարող է շատ ուժեղ փաստական նյութ հանդիսանալ բողոքը դատարանում պաշտպանելիս:

Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանում 18-130 տարեկան 2 մլն 505 հազար 279 ընտրող կա, 100 տարեկանից բարձր՝ 145 ընտրող: Ընտրացուցակներում կա 18-ից բարձր 49 հազար 896 ընտրող, որոնց ծննդյան օրը եւ ամսաթիվը նշված չեն:

ԹԻ ՀԿ տնօրենը նշեց, որ ընտրացուցակների խնդիրներ կան այն առումով, որ Հայաստանից մեկնած, սակայն հաշվառումից դուրս եկած քաղաքացիները շարունակում են մնալ ընտրացուցակներում: Անհասցե կամ ոչ հստակ հասցեով ընտրողների` ընտրացուցակներում տեղ գտնելը եւս իրենց մեջ ռիսկեր է պարունակում:

Խոսելով նախագահական ընտրությունների թեկնածուների մասին` նա եւս մեկ անգամ նշեց, որ այս ընտրությունները մրցակցային չեն, եւ առաջին փուլով նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter