
Կոնյակի խանութում չկայացած հարցազրույց. Արզաքանցյանը «Հետքի» հետ շփվում է միջնորդներով
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն այսօր լրագրողներին ասել է, թե ինքը լրագրողների հետ «կռիվ տալու բան չունի», սակայն թույլ չի տա, որ իր իմիջի, անունի հետ խաղան, «էրեսը սեւացնեն» եւ «սուտ լուրեր տան»:
Պարզվում է` պատգամավորի համար «սուտ լուր» է համարվում այն ամենն, ինչն իր սրտով չէ: Նման մի բան էլ ասել էր, երբ «Հետքը» հրապարակեց Ֆրանսիայում գտնվող նրա առանձնատան մասին տեղեկություններ: Արզաքանցյանը հերքել էր, թե ինքը տուն ունի Ֆրանսիայում, եւ ասել էր, թե մեր հրապարակումն իր իրավաբաններն ուսումնասիրում են:
Օրեր առաջ հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարեցի Տիգրան Արզաքանցյանին: Երբ ներկայացա, պատգամավորն այսպես արձագանքեց. ««Հետքից» էս, հա~: Ուրեմ լսի, ես քո ոչ մի հարցին չեմ պատասխանի: Ձեր գրածների համար հլա պատասխան պիտի տաք»:
Երբ խնդրեցի հանդիպել եւ դեմ առ դեմ խոսել, փոշմանեց եւ ասաց, թե պատրաստ է, եւ հարցազրույցի համար հրավիրեց Աբովյան փողոցի վրա գտնվող կոնյակի խանութներից մեկը: Հետո 1-2 րոպե անց զանգահարեց նրա օգնականներից մեկը եւ ասաց, թե Արզաքանցյանը իր գործերով գնացել է դատարան, եւ հանդիպումը հետաձգվում է:
Ստից ու կեղծիքից խոսող Տիգրան Արզաքանցյանն այդ ընթացքում գտել էր ծանոթներ, որոնց միջոցով էլ փորձում էր ազդել մեզ վրա, որ հետագայում իր հետ այլեւս գործ չունենանք եւ իր մասին նյութեր չգրենք: «Իր թեման» փակելու համար նույնիսկ մարդ էր ուղարկել հանդիպման: Վերջինս էլ հասկացնում էր, որ Արզաքանցյանը մեր պահանջները պատրաստ է կատարել, միայն թե իր դեմ այլեւս նյութ չգրենք:
Մերժում ստանալով` Արզաքանցյանի կողմից ուղարկված երիտասարդը փոխանցեց, որ կաշխատի հարցազրույց կազմակերպել պատգամավորի հետ, եւ տեղեկանալով, որ թեման հանքարդյունաբերությունն է ու պատգամավորի բիզնեսը` խոստացավ 1-2 ժամվա ընթացքում Արզաքանցյանի համաձայնությունը ստանալ:
Խոստացված ժամին զանգահարեց եւ ասաց, որ Տիգրան Արզաքանցյանը որոշել է այլեւս լրագրողների հետ չհանդիպել: Այդ դեպքում Տիգրան Արզաքանցյանն ինչու՞ դրժեց լրագրողների հետ չհանդիպելու «ուխտը» եւ նորից իրեն արդարացնելով` մեղադրեց լրատվամիջոցներին` իր մասին «սուտ բաներ» գրելու մեջ:
Լուս.` Գ. Շամշյանի
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել