
Վիտալի Բալասանյան. «Ցույց տվեք մի երկիր, որտեղ ընդերքն օգտագործվում է այնպես, ինչպես Դրմբոնի հանքավայրում»
Երեկ Երևանի «Սիվիլիթաս» հիմնադրամի և Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդի Ստեփանակերտում կազմակերպած «Հայաստանի ընտրությունները և հակամարտությունը» թեմայով քննարկման ժամանակ նաև խոսվել է քաղաքացիական հասարակության մասին:
Վիտալի Բալասանյանը համարում է, որ Արցախում կան մի շարք խնդիրներ, որոնց նկատմամբ անտարբեր է հասարակությունը: Նա առանձնացրեց բնապահպանական և առողջապահական խնդիրներ. «Հիմա կանանց 70-80 տոկոսը հիվանդ է, իսկ 1988 հատուկենտ կանայք էին հիվանդ: Որևէիցե մեկը ուսումնասիրություն կամ վերլուծություն արե՞լ է այդ կապակցությամբ: Ինչո՞ւ է այդպես»:
Բալասանյանը գտնում է, որ վտանգված է մեր միջավայրը. «Ցույց տվեք մի երկիր, որտեղ ընդերքն օգտագործվում է այնպես, ինչպես Դրմբոնի հանքավայրում: Նույնը կարելի է ասել Քարածուքի մասին: Բաց Քարածուխի հանքում միջազգային չափանիշներով հանքափորը ամսական 1500 դոլար է ստանում, իսկ այստեղ՝ 300»:
Նա վերջում հարցադրում արեց. «Ինչո՞ւ է մեր ժողովուրդը պասիվ: Ինչ-որ մեկը ինչ-որ բան է նախաձեռնել, և մենք օգնության չե՞նք եկել»:
Իսկ Արմեն Սարգսյանն ասաց, որ պետք է իրարից տարբերակել «քաղաքացիական հասարակություն» և «հասարակական կազմակերպություն» հասկացությունները. «Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ավելի պասիվ է, քան ՀԿ-ները: Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են պետությանը հակակշիռ լինելու համար, բայց դրանք ֆինանսավորվում են դրսից»:
Վերջում, երբ հարց հնչեց հայաստանյան կուսակցությունների մասին, Բալասանյանը նշեց, որ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում բոլոր կուսակցությունները սեփականաշնորհված են:
Մեկնաբանել