
Արմեն Պողոսյան. «10-20 տոկոսով կնվազի մետրոյից օգտվողների քանակը»
Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել հուլիսի 1-ից մետրոյի ուղևորափոխադրման սակագինը դարձնել 100 դրամ, որը կրկնակի թանկ է գործող սակագնից:
«Սա հերթական մուրճն է, որ հարվածում է սպառողների գլխին թանկացման ձևով»,- այսօր` մամուլի ասուլիսում, ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով` ըստ ՀՀ-ում գործող «Կայուն զարգացման» ծրագրի` գներն ու սակագները պետք է ունենան կայուն տեմպ և չգերազանցեն 4.5 %ը: Իսկ մետրոյի սակագնի բարձրացումը գերազանցում է այդ ցուցանիշը:
Ըստ բնապահպանության նախարության 2008 թ. տվյալների` Երևանի օդային ավազանի աղտոտման հիմնական պատճառը տրանսպորտն է` 97 %-ը:
Ըստ Պողոսյանի` վերջին շրջանում այդ թիվը հասել է 70 %-ի, սակայն իրականում միկրոավտոբուսների տեսակարար կշիռը պետք է լինի 19,2 %: «Մենք այդ ցուցանիշը կունենանք Քրիստոսի երկրորդ գալստյանը»,- ասաց Պողոսյանը:
Նրա կարծիքով` լավ է, որ շուտով Չինաստանից ներկրվելու է մոտ 200 ավտոբուս, սակայն դա դեռևս հարցի լուծում չէ: «Չինական ապրանք գնելը նշանակում է փողը ջուրը գցել»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա` պետք է զարգացնել նախ և առաջ էլեկտրատրանսպորտը, որը չի արվում: «Ես կարող եմ հայտարարել, որ մենք շուտով չենք ունենա տրոլեյբուս, հոգեվարքի մեջ է մեր տրոլեյբուսը»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ նախկին տարիներին մետրոն օրական տեղափոխում էր 300 հազար մարդ, այժմ` 50 հազար: «Կնվազի մետրոյից օգտվողների քանակը, կարծում եմ` 10-20 %-ով»:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ կազմակերպվեն բողոքի ակցիաներ, Պողոսյանը պատասխանեց, որ փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությունն այդ քայլերին պատարաստ չէ. տրտնջում է, բայց միայն ընկերական և ընտանեկան միջավայրում:
Մեկնաբանել