
Ռուբեն Հակոբյան. «Մեր քայլերը համարժեք են լինելու ժողովրդի տրամադրություններին»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորեց հայ ժողովրդին փետրվարի 18-ի առթիվ, քանի որ այս ընտրություններին եղավ ընդվզում, քաղաքացին իր արժանապատվությանը տեր կանգնեց, տեղի ունեցավ նրա ես-ի կարևորում:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ սա բոլորիս ձեռքբերումն է, մեծ քաղաքացու ծնունդն է: Նա առնաձնացրեց հատկապես Շիրակի մարզը, որտեղ ինքը եղել է, և որտեղ հաջողություն է ունեցել Ր. Հովհաննիսյանը: Սա այն դեպքում, երբ Ռ. Հակոբյանի խոսքով՝ այստեղ մեծապես օգտագործվել է վարչական ռեուրսը:
Բանախոսը մասնավորապես նշեց «Ժողովրդավարության առաքելություն» դիտորդական խմբին, որը տեղամասերում հարցնում էր ընտրողի համարը, գրանցում և փոխանցում դուրս, այնուհետև պարզվում է, որ դրանով դիտորդական խումբը ցուցակով արձանագրում էր, թե ով է «ներկայացել» ընտրության, և ում դեռ պետք է բերել: Այդ գործընթացը ղեկավարում էր ՀՀԿ ներկայացուցիչը:
Ռ. Հակոբյանի կարծիքով՝ երբ իշխանությունը, մասնավորապես Ս. Սարգսյանի Շիրակ կատարած այցից հետո զգաց, որ ժողովուրդն այստեղ ոտքի է կանգնած, չի թաքցնում իր համակրանքը Ր. Հովհաննիսյանի նկատմամբ և հակակրանքն իշխանության նկատմամբ, փոխեց իր մարտավարությունն ու ագրեսիվ պահվածք դրսևորեց:
«Շիրակում փորձեցին սրություն հաղորդել, ստեղծել լարվածություն, բայց փառք ու պատիվ մեր ժողովրդին, մեր թիմին: Ես պետք է գլուխ խոնարհեմ Շիրակի ժողովրդի առջև»,- հայտարարեց Ռ. Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ այս պայքարում ժողովուրդը ոչ թե պաշտպանում էր Րաֆֆի Հովհաննիսյանին և դեմ արտահայտվում Սերժ Սարգսյանին, այլ պաշտպանում էր իր պետությունը, երկիրը, արժանապատվությունը:
«Մենք պետք է հպարտանանք մեր քաղաքացիներով», - հավելեց Ռ. Հակոբյանը:
Նրա խոսքով՝ գրեթե բոլոր քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև իրենք կարողացել են ապահովել համեմատաբար ազատ արդար ընտրությունն:
«Տրամադրված ենք արդար պոռթկմանը տեր կանգնել և ծառայել, ինչը պահանջում է մեր, մեր երեխաների ապագան,- ասաց բանախոսը, ապա հավելեց: Մեր քայլերը համարժեք են լինելու ժողովրդի տրամադրություններին, և այն թիմը, որ աշխատել է այս ընթացքում, լինելու է առաջին շարքերում»:
Այնուհետև նա ասաց, որ միայն իրենց թիմով չի կարող ընթանալ հետագա պայքարը, և բանակցություններ կլինեն քաղաքական այլ ուժերի հետ, քանի որ իրենց պայքարը երբևէ չի դիտվել որպես Րաֆֆիի կամ «Ժառանգության» պայքար:
Մեկնաբանել