Ամերիկայի հայկական համագումարը հանդիպել է Ցեղասպանության բանաձեւի հովանավոր կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ
Անցած շաբաթ Ամերիկայի hայկական hամագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և hամայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը հանդիպում են ունեցել կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Այս մասին հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը: Կոնգրեսական Դոլդը Հայոց ցեղասպանության 304-րդ բանաձևի առաջատար հովանավորներից է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից: Բանաձևը կազմվել է 252-րդ (111-րդ Կոնգրես), 106-րդ (110-րդ Կոնգրես), 316-րդ (109-րդ Կոնգրես) և 398/596-րդ (106-րդ Կոնգրես) նախկին բանաձևերի հիմքի վրա, որոնք բոլորը ընդունվել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից:
Կոնգրեսական Դոլդի հետ ունեցած իրենց հանդիպման ժամանակ Արդունին և Քուշակջյանը վերհիշել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին օգնելու Միացյալ Նահանգների պատմության ամենահպարտալից էջերից մեկի մասին, քննարկել Հայոց Ցեղասպանության փաստը ժխտողների մարտավարությունները և շեշտեցին, որ անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատում ապահովել հաստատող կողմ քվեարկության անցկացումը:
«Ես ուրախ եմ մարդու իրավունքների կարևոր այս խնդրի շուրջ Ամերիկայի հայկական համագումարի և հայ համայնքի հետ աշխատելու համար», - նշել է կոնգրեսական Դոլդը: «Հայոց ցեղասպանությունը մի պատմական փաստ է, որն անհնար է անտեսել և որն անհրաժեշտ է ճանաչել»,- հավելել է Դոլդը:
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատման հետ մեկտեղ քննարկվել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնության տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարությունների շուրջ աճող անհանգստությունները:
«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Դոլդից Հայոց Ցեղասպանության բանաձևն առաջ քաշելու նպատակով իր և կոնգրեսական Շիֆի առաջադեմ գործունեության համար,- նշել է Արդունին:- Մենք երախտապարտ ենք նաև իր ամուր աջակցության համար և ողջունում ենք մեր համագործակցությունը այս կարևոր օրենսդրության առաջխաղացման նպատակով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել