
Նոր սկանդալային բացահայտում «Նաիրիտի» վարկային պատմությունից
Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան
Մաս 2
Լուսանկարում նախկին մահուդի գործարանն է: 2005 թվականից ի վեր այն չի գործում: Այժմ այն կոչվում է «Մեգատեքս գրուպ», Երեւանի Շենգավիթ համայնքում (Շահամիրյաններ 3 հասցեում) զբաղեցնում է բավականին մեծ տարածք, ունի շինություններ:
Ինչպես արդեն գրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ՝ 2009-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն երկրորդ խոշոր` 35,5 մլրդ դրամ վարկն է ստացել Միջպետական բանկից: Այդ ժամանակ գործարանի տնօրենը Վահան Մելքոնյանն էր, նա այն ժամանակ եւ այժմ էլ Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչն է: Վահան Մելքոնյանը որոշել է գնել «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 տոկոսը, որոնք գրավադրված են եղել ԱՊՀ Միջպետական բանկում: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորված է իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Գործարանը «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերի համար վճարել է 9.4 մլն դոլար (3.5 մլրդ դրամ):
2009թ. «Նաիրիտ գործարանը» չի գործել իր ամբողջ հզորությամբ, քանի որ գրանցվել է մոտ 225 օր պարապուրդ` արտադրական տեղամասերի կապիտալ վերանորոգումների և էներգամատակարարման սահմանափակման հետևանքով: Հիշեցնենք, որ նույն տարում էր տեղի ունեցել քլորոպրենի 1-12 արտադրամասի պայթյունը: Այս փաստն արձանագրված է «Նաիրիտ գործարանի» 2009թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունում: Սովորաբար էներգամատակարարման սահմանափակումներ լինում են, երբ գործարանը պարտքեր է կուտակում. «Հայռուսգազարդը» դադարեցնում է գազի մատակարարումը: Ահա այս պայմաններում գործարանը ձեռք է բերել «Մեգատեքս գրուպ»-ի գրավադրած բաժնետոմսերը` ծախսելով շուրջ 9.4 մլն դոլար:
Ո՞ւմ էր պատկանում «Մեգատեքս գրուպ»-ը
![]() |
![]() |
«Նաիրիտի» վարկային պատմության հիմնական «հերոսները»` Վահան Մելքոնյանը և նախարար Արմեն Մովսիսյանը |
Վահան Մելքոնյանը «Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն է եղել 2009-2011թթ., ում օրոք գործարանը սկսեց չաշխատել և գնալ դեպի սնանկացում` չնայած միայն Միջպետական բանկից ստացած ավելի քան 170 մլն դոլար վարկին: Դրանից առաջ, ինչպես նաև հետո` երկար տարիներ, Վ. Մելքոնյանը «Նաիրիտ գործարանի» տնօրենների խորհրդի կազմում էր:
«Մեգատեքս գրուպ»-ը նախկին մահուդի գործարանն էր: Ինչու՞ է քիմիական արտադրությամբ զբաղվող գործարանի համար անհրաժեշտություն առաջացել գնել մահուդի գործարանը, որը 2005-ից չէր աշխատում: Պաշտոնական ձեւակերպումը հետեւյալն էր` իրացման նպատակով ձեռք բերված բաժնեմաս: Ստացվում է, որ «Նաիրիտ գործարանը» իր հիմնական` կաուչուկի արտադրման ֆունկցիան թողած՝ սկսել է այլ գործարքներով զբաղվել:
Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մեգատեքս գրուպ»-ի իրավանախորդները եղել են «Մահուդ» ՓԲԸ-ն և «-Նոր-» ՍՊԸ-ն: «Մահուդ» ՓԲԸ-ն 1995-ին հիմնադրել են ՀՀ թեթև արդյունաբերության նախարարությունը և բաժնետերեր:
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը (այժմ այն կոչվում է էկոնոմիկայի նախարարություն) նախկինում կոչվել է նաև թեթև արդյունաբերության նախարարություն, իսկ 1995-ին դարձել առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարություն: Վահան Մելքոնյանը 1995-96թթ. զբաղեցրել է առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարի պաշտոնը:
Իրավանախորդ մյուս ՍՊԸ-ի` «-Նոր-»-ի հիմնադիրները երկու ընկերություն են` Ասիական «Գրուպ» և «ՆՆ ԿՕ ԼՏԴ» ՍՊԸ-ն: «Ասիական գրուպ»-ի մասին տվյալներ գրեթե չկան: Միայն հայտնի է, որ այն նաև «Արիր հայ-իրանական Հ/Ձ» ՍՊԸ-ի հիմնադիրն է` նույն «ՆՆՆ ԿՕ ԼՏԴ»-ի հետ միասին: «ՆՆՆ ԿՕ ԼՏԴ» ՍՊԸ-ն 1994-ին հիմնադրել են Վահան Մելքոնյանի հարազատները՝ քույրը` Մագդալինա Մելքոնյանը, քրոջ ամուսինը` Յուրի Նշանյանը և նրանց որդին` Վահագն Նշանյանը: Իսկ բաժնեմաս ունեցող մասնակիցների ցանկում եղել է նաև ինքը` Վահան Մելքոնյանը:
Հիմա հասկանալի՞ է, թե ինչու է Վահան Մելքոնյանը «Նաիրիտի» միջոցով գնել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերը: Փաստորեն, նա ինքն իր «օգնությամբ» վարկ է վերցրել իր ղեկավարած գործարանի համար, այդ միջոցների մի մասով ձեռք բերել իր ու իր հարազատների սեփականություն հանդիսացող գործարանը:
Ովքեր են այդ խորհրդավոր իրանցիները
«Նաիրիտ գործարանի» վարկային պատմության մեր հետաքննության ընթացքում պարբերաբար հանդիպում են իրանական կազմակերպությունների եւ իրանցիների անուններ: Ովքեր են նրանք կամ դրանք, որ անընդհատ «ուղեկցում են» Վահան Մելքոնյանին:
Ինչպես երևում է լուսանկարում՝ մասնակիցների ցանկում իրանցիներ և իրանական ծագման ընկերություն կա, ինչից կարելի է ենթադրել, որ Վահան Մելքոնյանն ու իր հարազատները իրանցիների հետ գործարքների մեջ են եղել:
Նշենք, որ իրանցիների եւ իրանական ընկերությունների մասին պետռեգիստրում առկա տեղեկությունների մեծ մասն «ապատեղեկատվություն» է, այնտեղ նշված հասցեները կամ գոյություն չունեն, կամ էլ պարզապես սխալ են:
Ընթերցողներին հիշեցնենք, որ 2009թ. «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ն (Numard Trading) դատի էր տվել «Նաիրիտ գործարանին» գումարի բռնագանձման պահանջով: Իսկ դրա համար հիմք էր հանդիսացել իրանական ծագման «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ՍՊԸ-ի (Esmaeil Motavalli Soufiani Traiding) և «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի միջև 2002-ին կնքված մատակարարման պայմանագիրը: Տարիներ անց` 2008-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազմում էր շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը՝ որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար: «Նումարդ թրեյդինգ»-ին դեռ կանդրադառնանք: Այս ընկերությունը առանձնահատուկ է նաեւ այն իմաստով, որ ընկերության տնօրեններից մեկը եղել է Ստեֆան Ջոն Քելլին (Stephen John Kelly): Ստեֆան Ջոն Քելլիի անունն ընդգրկված է Մագնիցկու հայտնի ցուցակի մեջ: |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում համալիր ստուգման արդյունքներով 2011-ի դեկտեմբերին կազմված ակտն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս հարցի կապակցությամբ ՀՀ դատախազությունը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ իրականացված ստուգումների արդյունքների հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում: «Անհրաժեշտություն առաջանալու կապակցությամբ 2012-ի մարտ ամսին Իրանի Իսլամական Հանրապետության դատախազություն է ուղարկվել իրավական օգնություն հայցելու վերաբերյալ միջնորդություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել, թեև մի քանի անգամ հիշեցումներ են ուղարկվել»,- տեղեկացրել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Փաստորեն, մեկ տարի է՝ գլխավոր դատախազությունը նստած սպասում է ու քննություն չի իրականացնում: Դատախազությունը կարող է ոչինչ չանել ու ասել, որ սպասում է: Դրա անհրաժեշտությունը դատախազությունը բացարձակ չունի, այս գործով հիմնական գործող անձինք Հայաստանում են, նրանք բարձաստիճան պաշտոնյաներ են: Դատախազությունը սարսափում է նրանց հարցաքննելուց, որովհետեւ ամեն ինչ կարող է շուռ գալ իրենց դեմ:
ՀՀ ֆինանսների նախարարությանը խնդրել էինք տրամադրել ստուգման արդյունքները նաև «Մեգատեքս գրուպ»-ի մասով, սակայն նախարարությունը տրամադրել է միայն քաղվածքներ ստուգման ակտից` նշելով, որ ակտում ներառված են առևտրային գաղտնիք պարունակող փաստեր (նույն «Մեգատեքս գրուպ»-ի մասով): Իսկ քաղվածքում որևէ տեղեկություն «Մեգատեքս գրուպ»-ի և բաժնետոմսերի գործարքների մասին չկա: Ինֆորմացիան բոլոր կառույցներում փակ է հանրության համար, իսկ շուրջ 3000 աշխատատեղ ապահովող, երբեմնի քիմիական ոլորտի առաջատար «Նաիրիտը» ՀՀ պաշտոնյաների և իրավապահ մարմինների աչքի առաջ սնանկանում է ու մեծացնում պարտքերը:
Ի՞նչ ճակատագիր են ունեցել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերը
«Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերի գնումից հետո` 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նույն բաժնետոմսերի վերագնահատում է արվել և արձանագրվել է արժեքի նվազում: Գործարանի ղեկավարությունը՝ ի դեմս նաև Վահան Մելքոնյանի, ըստ հաշվետվության, «դատողություններ» է արել, և «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի ավելի քան 3.5 մլրդ դրամով գնված բաժնետոմսերն արդեն գնահատվել են շուրջ 2.9 մլրդ դրամ: Իսկ 2011-ի վերջում` 2.5 մլրդ դրամ (6 մլն դոլար):
«Նաիրիտ գործարանը» 2010-ի օգոստոսի 19-ին «Ինթերնեշնլ կապիտալ գրուպ լիմիթիդ» բրիտանական ընկերությանն է վաճառել «Մեգատեքս գրուպ»-ի բաժնետոմսերը ընդամենը 972 հազար դոլարով և ավելի քան 3 մլն դոլարի հետգնման իրավունքով: Հիշեցնենք ևս մեկ անգամ՝ բաժնետոմսերը գնվել են 9.4 մլն դոլարով, վաճառվել՝ 1 մլն-ին չհասնող գումարով և ավելի քան 3 մլն-ով հետգնման պայմանով: Տեսնու՞մ եք, թե մեր պաշտոնյաները փողերի լվացման ինչպիսի մեխանիզմներ են մտածել:
«Նաիրիտ գործարանից» փորձեցինք ճշտել, թե ինչ վերջնական ճակատագիր են ունեցել այդ բաժնետոմսերը՝ հետ գնվե՞լ են գործարանի կողմից, թե՞ ոչ: ««Մեգատեքս գրուպ»-ին վերաբերող հարցերի պատասխանները ճշտել այդ ընկերությունից»,- ստացանք «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանի պատասխանը: «Մեգատեքս գրուպի» 97 տոկոսի բաժնետերը դարձել է «Նաիրիտ գործարանը», և հարցը վերաբերում է «Նաիրիտ գործարանի» կողմից կատարած առք ու վաճառքին, այսինքն` տեղեկատվության տնօրինողը նույնպես գործարանն էր: Մեր այս դիտարկմանը Անուշ Հարությունյանը հավելյալ պատասխան տվեց. ««Մեգատեքս գրուպ»-ի հետ կապված հարցերն` առանց մեկնաբանության»:
Նշենք նաև, որ այս հարցերին հրաժարվեց պատասխանել նաև «Մեգատեքս գրուպի» տնօրինությունը: Փոխտնօրեն Գագիկ Նազարյանը չցանկացավ որևէ ինֆորմացիա տրամադրել և մեզ առաջարկեց դիմել ՀՀ պետական ռեգիստր, «որտեղ ամեն ինչ կա»: ՓԲԸ-ի բաժնետերերի տվյալներ պետռեգիստրը չի տրամադրում:
Որոշ տվյալներ տեղ են գտել գործարանի հաշվետվություններում: «Նաիրիտ գործարանը» 2009 թվականին աշխատել է շուրջ 4.5 ամիս, 2010-ին` 3, իսկ 2011-ին գրեթե չի աշխատել, բայց իր ֆինանսական հաշվետվություններում ցույց է տվել, որ 2009-ին շուրջ 28 մլն դրամի (պաշարներ և վարձակալության ծառայություններ) ձեռքբերումներ է կատարել «Մեգատեքս գրուպ»- ից: 2010-ի ընթացքում ձեռքբերումները կազմել են շուրջ 24 մլն դրամ: 2011թ. ընթացքում վարձակալած տարածքի վարձավճարները կազմել են ավելի քան 29 մլն դրամ: Վարձավճարների գծով մնացորդը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 38 մլն դրամ (2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` 15 մլն դրամ), որը ներառվել է առևտրային կրեդիտորական պարտքերում:
Զարմանալի չէ՞, թե ինչու է չաշխատող «Նաիրիտը» այդչափ մեծ վարձակալական գումարներ տալիս «Մեգատեքս գրուպ»-ին, եթե ոչ հումքի, ոչ արտադրանքի պահեստավորման խնդիր չունի:
Շարունակելի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել