HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նիկոլ Փաշինյան. Րաֆֆի Հովհաննիսյանի դե ֆակտո հաղթանակը պետք է վերածել դե յուրե հաղթանակի

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում րոպեներ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի՝ բռնությունը չի կարողացել ՀՀ քաղաքացիներին հաղթել, կոտրել: Սակայն ՀՀ քաղաքացիները ևս դեռևս չեն կարողացել դե յուրե հաղթանակ տանել հայրենիքի տերը լինելու համար մեղվող պայքարում, վերջնական հաղթանակ տանել բռնության և ապօրինության նկատմամբ:

«Բայց և այն, որ որ փետրվար է, ու մենք նորից այստեղ ենք, նշանակում է ընդամենը մեկ բան՝ ՀՀ քաղաքացու հաղթարշավը անկասելի է, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է... Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ ժողովուրդը ընտրել է իր նախագահին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինչպես և սպասվում էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները չեն արտահայտում ժողովորդի ընտրությունը: Փետրվարի 18-ի քվեարկությունն ապացուցեց, որ Հայաստանում հաստատված է ավտորիտար քաղաքական համակարգ, որտեղ իշխանություններն ընտրություն անցկացնում են ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ բացառապես սեփական վերարտադրության նպատակով:

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ ՀՀ գործող իշխանության տրամաբանությամբ՝ ընտրությունը նրա համար է, որ իշխանությունը մնա իշխանություն, իսկ ընդդիմությունը նրա համար է, որ ապահովի իշխանության վերարտադրության ֆոնը: Սակայն ժողովուրդը, ինչպես 2008-ի, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրություններում մերժեց այս տրամաբանությունը:

«ՀՀ քաղաքացին 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի թվով 1988 ընտրական տեղամասերում իրականացրեց 30 վայրկյանանոց հեղափոխություն: Եվ այսօր մեր խնդիրը պարզ է և հստակ. այդ հեղափոխության դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն ուժերը, ովքեր շահագրգիռ են օրինական իշխանություն հաստատելու գործում, պետք է աջակցեն այս գործընթացին, պաշտպանեն ժողովրդի իղձը, որոշումը, ընտրությունը, ընդ որում՝ առանց նախապայմանների, առանց բանակցությունների:

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և ուրեմն առաջին հերթին ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչպես, ինչ ճանապարհով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ այն վերածել դե յուրե հաղթանակի... Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի այս փետրվարը, և դա չափազանց մեծ պատասխանատվություն է: ՀՀ լուսավոր ժողովրդին չի կարելի տանել պարտության, հիասթափության և ձախողումի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև նա սկսեց վանկարկել «հաղթանակ կամ ոչինչ», «հաղթանակ և ուրիշ ոչինչ», «հաղթանակ, հաղթանակ»: Ազատության հրապարակում հավաքված բազմությունն արձագանքեց:

«Քաղաքական առաջնորդությունը պիտի ժողովրդի հետ բացառիկ անկեղծ, առանց ենթատեքստերի և հանելուկների խոսակցություն ունենա, բացատրի, թե ինչպես, ինչ քայլերով, ինչ մեթոդներով, քայլերի ինչպիսի հաջոդականությամբ է պատրաստվում ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ: Մաղթենք, ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին բավարար կամք, իմաստնություն, վճռականություն և խոհեմություն՝ ժողովրդին, ՀՀ քաղաքացուն դեպի հաղթանակ առաջնորդելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև նա կոչ արեց հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերին և խոստանալ՝ «այլևս երբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում կամ որևէ այլ տեղ, այլևս երբեք ոչ մի բռնություն, այլևս երբեք ոչ մի արյուն, այլևս երբեք ոչ մի պարտություն»:

«Անգամ Նիկոլը չգիտի՝ ինչ է իրեն սպասում ապագա կառավարությունում, բայց ինքը իր հաջորդ ելույթում պիտի ասի՝ Րաֆֆին և մեր թիմը՝ ժողովուրդը: Շատ կարևոր մի բան նա ասաց՝ առաջիկա օրերի, շաբաթերի ընթացքում կազմավորվելու է նոր ժողովրդի, նոր Հայաստանի քաղաքացիակական և քաղաքական օրակարգը: Բոլոր կուսակցությունները, ազատ քաղաքացիները, Թռչկանը, Մաշտոցը, բոլորս միասին պետք է ստեղծենք Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո:

Լուսանկարը` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (5)

Հրաչյա
Պահո Նիկոլն էլի խառնվե՞ց, էլի տասը լավ տղա կզոհվի? որ Նիկոլը հիմի էլ խորհդրարանի նախագահ դառնա՞
Վ. Առաքելյան
Շատ ու շատ հարգելի Հրաչյա, հաստատ հանոզված եմ` չես ուզում նոր զոհեր լինեն, բայց մեր շուրջն ամեն մի օր կյանքից հեռանում են այդ կյանքի պայմաններին չհամակերպվող 30-ից 50 տարեկաններ, ամեն օր Հայաստանից ստիպված անվերադարձ մեկնում են ֆիզիկական ուժ և ուղեղ ունեցող հայրենասերներ, կարող եմ շարունակել թվել և ապացուցել, որ այս ամենը նույն ցեղասպանության շարունակությունն է, և Դուք որոշեք, կանխամտածված է այն թե՞ իշխանությունների տկարամտության արդյունք: Բոլոր դեպքերում միևնույնն է, Մենք պետք է որոշենք. `Տանք 10 կամ ավելի զոհ և գոյատևենք թե՞ հնազանդվելով աշխարհից անէանանք:
Հրաչյա
Ինչպես դուք եք ասում, հիմա էլ դուք որոշեք, թէ ովքեր են շահում ամեն անգամ ժողովրդի պարբերական բուռն դժգոհություններից, եթե իհարկե որևէ Հարգարժան Վ:Առաքելյանին-Քաղաքական խմբավորում չեք ներկայացնում, ասացեք, ինձ համար կա՞ որևէ տարբերություն, թէ կլանաօլիգրախիկ համակարգը կունենա Րաֆֆի, Նիկոլ , Լևոն ու այլ գլուխներ թէ ներկա գլուխները, ինչ է դուք իլյուզիաներ ունեք, թէ մեր այս չարության , արժեքների անկման ժամանակներում, գերկուտակված կապիտալի պաայմաններում կան մարդիկ, որոնց ետևից արժե՞ գնալ, ես արդեն մեկ անգամ չարաչար խաբվել եմ, և գերադասում եմ կայուն վատը,ու չէի ցանկանա տեսնել ձեր հերթական հիասթափությունը, երբ որևէ կերպ, պաշտոն տալով, կաշառելով կամ, դրանց չգործելու դեպքում ռեպրեսիվ մեթոդներով հանրահավաքները մաշելուց հետո ձեր հիասթափությունը, հավաքվածների հիասթափությունը, միայն եթե դու ես որոշում զոհ տաք թէ ոչ, որոշեք որ զոհ չտաք, ձեր ոչ մեկի ոչ մի պաշտոնը չարժե դրան, ու աստծո սիրուն դա հանուն ժողովրդի մի համարեք, անկեղծ եղեք, արդեն չափազանց ակնհայտ են այս ամենի ետևից երևացող ուժերի ականջները:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հրաչյա - Ո՞ր հիմքերի/փաստերի հիման վրա ես Նիկոլին, Րաֆֆուն (կամ նույնիսկ Լևոնին) կապում կլանաօլիգարխիկ համակարգի հետ: Կասե՞ս մենք էլ իմանանք: Ինչ վերաբերում է Ն.Փաշինյանի ելույթին. այն ճիշտ,լավ,ազդեցիկ էր: Գումարած որ մարդը նաև խարիզմա ունի:
Հրաչյա
Վարազ նորից կարդա գրածս, ես ասում եմ մեր երկրում ով գալիս է իշխանության ժողովրդավարական կոչերով, շատ արագ ինքն է դառնում բոլոր այն ախտերի կրողը, որին քննադատելով եկել է իշխանության, ես վստահ եմ , որ գալով իշխանութւան նրանք կարճ ժամանակ անց դառնալու են նույնը դա կասկածից դւորս է. Ավելորդ չեմ համարում կրկնել, արժեքների այս անկման,կապիտալի գերկուտակման,արտաքին քաղաքական զարգացումների, կլանաօլիգարխիկ համակարգի դիմադրության պայմաններում կարճ ժամանակ է պետք որպսզի նրանք վերածվեն այնի, ինչի մասին գրել եմ, իսկ ձեզ համար նշանակություն ունի թէ ինչ անուններ կունենան այդ մարդիկ, լավ թող չլինի րաֆֆին կամ նիկոլը, եթե դա ձեզ համար վիարվորանք է, թող լինի Րաֆֆիի որդին, Փեսան, Նիկոլի ազգականը, կամ կնոջ եղբայրը, նշանակություն ունի՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter