HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր փոքր երկրի մեծ սահմանապահը

Ռազմիկ Մարկոսյան

«Բարբարոս» բառը գալիս է հունարենից: Հին հույներն այդպես էին անվանում իրենց մայրենի լեզուն չիմացող, օտարախոս մարդկանց:

Աստված միացեղ մարդկությանն ազգերի բաժանեց՝ զատելով միայն նրանց լեզուները: Ասել է թե՝ լեզուն ազգի ամենից կարևոր տարբերակիչն է և հետևաբար՝ նրա ինքնության պահպանման գրավականը: Այդ է պատճառը, որ դարեր շարունակ զավթիչ երկիրն օտարի հողը յուրացնելով չի հանդարտվել, մինչև որ իր տիրապետության տակ չի առել ընկած երկրի լեզուն ու դպրությունը: Մարդկությունը տեգ ու նիզակից հասել է մինչև գերժամանակակից զենքի գերկուտակման, բայց լեզվակրթական ճնշման գործադրումը շարունակում է մնալ որպես «սիրված» զավթողական ռազմավարություն:

Դարեր շարունակ Հայաստան ներխուժած երկրները մշակութապես ցածր են եղել հայերից: Այս հանգամանքն իր չափով նպաստել է, որ մենք պահպանենք մեր ինքնությունը: Մյուս կողմից հենց այդ հանգամանքն իսկ մեզանում ձևավորել է ազգային թերարժեքության զգացողություն, որի դրսևորման բազում ձևերից են ազգային սնապարծությունն ու օտարամոլությունը: Այդպես է խաթարվում մի ազգի սթափ ինքնագնահատման հավաքական ունակությունը:

Հայաստանի անկախացումն ու արցախյան հաղթանակած պատերազմը մեզ՝ հայերիս համար ազգային վերանորոգման պատեհ առիթ էին: Պատմական տեսանկյունից կարճ ժամանակահատվածում դուրս մղվեցին մեր երկրում հետևողականորեն բնակություն հաստատող ազերիները, ազատագրվեց Արցախ-Հայաստանն, ու մենք սկսեցինք ստեղծել մեր ազգային պետականության հիմքերը: Մեր անկախ երկրի առաջին օրենքներից եղավ «Լեզվի մասին» օրենքը, որը, սակայն, ռուսական կողմնորոշում ունեցողները համարեցին ազգայնական, կողմնորոշում չունեցողները՝ հռչակագրային:

Եվ մինչ «Լեզվի մասին» օրենքը կիրարկող մարմինը՝ Լեզվի պետական տեսչությունը, փորձում էր իրականացնել իր գործադիր իրավունքները, ներսից ու դրսից պարտադրված ենթաօրենսդրական ակտերով ու խարտիաներով թուլացրին մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող օրենքն ու այն դարձրին խիստ սողանցքային:

«Վերանայվեց» նաև Լեզվի տեսչության կարգավիճակը. կառավարության ենթակայությունից այս կառույցն անցավ Կրթության և գիտության նախարարության ենթակայությանը այն դեպքում, երբ «Լեզվի մասին» օրենքը նաև (եթե ոչ՝ նախ և առաջ) վերահսկողություն է նախատեսում նշյալ նախարարության գործունեության նկատմամբ:

Այս ամենին հետևեց ռուսական դասարաններ ունեցող դպրոցների հետևողական աճը: Պետական բյուջեի հաշվին գործող այս դասարաններում այսօր գերակշիռ մեծամասնությամբ սովորում են հայ երեխաներ, որոնց ծնողները ցանկացած ճարպկություն գործի են դնում իրենց երեխաներին ի սկզբանե այլազգիների համար ստեղծված այդ դասարաններում տեղավորելու ու պահելու համար:

Ստացվում է, որ մեր ազգային զարթոնքից մեզ մնաց հայկական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի անկումը, ինչն ամենևին չի կարող առնչություն ունենալ որևէ զարթոնքի հետ, մանավանդ որ դպրոցական կրթությանը հաջորդող բուհական կրթությունը մինչ օրս շարունակում է կախյալ վիճակում մնալ հաճախ բովանդակային, հիմնականում ֆիզիկական մաշվածք ունեցող ռուսերեն մասնագիտական գրականությունից, որի թարգմանության ու բարենորոգման մասին մտածողներ չկան:

Մեզ մնացին նաև, ինչպես սիրում ենք ասել, համայն աշխարհի հայերի մայրաքաղաքի արտաքին տեսքը խեղաթյուրող օտարագիր ցուցանակները, որոնց առկայությունը մեր ձեռներեցները բացատրում են առևտրային շահի իրենց ճկուն գիտակցումով, բայց ինչը ճկուն ինքնախաբեություն է միայն:

Հարցիս պատասխանը հստակ իմանալու պատճառով է, որ չեմ դիմում որևէ հոգեբանի՝ թե ինչ փոփոխություն է տեղի ունենում հայ մարդու մտածելակերպում ու հոգեկերտվածքում, երբ իր հարազատ քաղաքը հեղեղված է տեսնում օտար գրերով: Վիճակը ոչ միայն չեն մեղմում, այլև միանգամայն հակառակը՝ սրում են այն հայատառ ցուցանակները, որոնք օտարագիր ցուցանակի տառադարձված պատճենումն են միայն:

Քայլեք Երևանի Թումանյան փողոցով: Այստեղ կտեսնեք չտառադարձված «Թումանյանի շաուրմա» և «Թումանյանի պանդոկ» հայերեն ցուցանակները. որկորը լցնելու ու մեղմ ասած, կասկածելի նպատակներով ստեղծված «օբյեկտներ», որոնք, ավելի լավ կլիներ, եթե օտար բովանդակությամբ ու գրությամբ լինեին: Ո՞վ պիտի ամաչի «մեր քերթության անհաս Արարատի» առաջ: Միայն նրանք, ովքեր ի զորու չեն կանխելու այս խայտառակությունը:

Մեր ազգային միասնականության գերխնդիրը կարող ենք և պետք է լուծենք ուղղագրության միասնականացմամբ: Հասկանալի է, որ այդ ճանապարհին բազում խնդիրներ ու խոչընդոտներ կան: Բայց մի՞թե սպասվող արդյունքը չի ոգեշնչում լուծելու ու հաղթահարելու դրանք: Պետք է նախ և առաջ գիտակցենք, որ խորհրդային ուղղագրությունը ստեղծվել է հենց որպես անջրպետ՝ մեզ՝ որպես ազգային տեսակ պարտադրված խորհրդահայի ու սփյուռքահայի միջև. մնացած բոլոր նպատակներն ու պետքերը մտացածին են: Ուղղագրության միասնականացման հիմնաքարը պետք էր դնել հենց ազգային զարթոնքի շրջանում: Այն մեզ համար կդառնար հավաքական ուժի հիմնաքար: Բայց այդ գերխնդիրը դեռ կարող ենք ու պետք է լուծենք:

Այս բոլոր թերացումները խիստ նահանջ են արձանագրում մեր ազգային զարթոնքի արդյունք-ձեռքբերումներից, ազգային վերանորոգման ճանապարհից, ձևավորում են մեր ներքին տձևությունը:

Այն, ինչ տիրում է այսօր մեր լեզվական իրականության մեջ, կարելի է որակել միայն որպես կատարյալ փնթիություն: Կան բազում կուտակված լեզվական հարցեր, որոնք չունեն իրենց պատասխանը, կամ այդ պատասխանները խիստ տարերային են:

Ստեղծված լեզվական վիճակը մի բաղադրիչն է մեր երկրի լեզվաքաղաքականության և առհասարակ մեր քաղաքականության:

Համատեղենք այս օտարամոլությունը մեր սնապարծության հետ: Որքան ենք սիրում կրկնել, որ մենք աշխարհում միակ ազգն ենք, որն իր հեթանոսական պանթեոնում գրի աստված է ունեցել, որ մեր լեզուն սիրել ու ուսումնասիրել են աշխարհի մեծագույն մտածողները, որ հայերենը Աստծու հետ խոսելու լեզուն է: Մինչդեռ մեր լեզուն առաջին հերթին արժանի է մե՛ր իսկ խորին հարգանքին և իմացությանը:

Կյանքը ցույց է տալիս, որ կրթական ծրագրերը, մշակույթը, ամեն ինչ ենթակա է օտարականացման, և մեր ազգային տեսակի պահպանման բեռը հիմնականում կրում է հայերենը, որն իր կենսունակությամբ ու ինքնամաքրման զարմանալի ունակությամբ հարատևելու է Հայաստանում ու ամբողջ աշխարհում բնակվող այն մարդկանցով, որոնք հայ են կոչվում, որոնք երբևէ չեն եղել բարբարոս և որոնք հիրավի արժանի են իրենց ստեղծած ու պահպանած աստվածային լեզվին:

Մեկնաբանություններ (9)

Արտուշ Անդրեասյան
Ընտրված խորագրով, ինքնին արդեն ամեն ինչ ասված է: Պետք է մայրենին համարել ազգային նկարագիրն անաղարտ պահելու ամենահիմնական գրավականը և հարգալից ու սրտցավ լինել նրա նկատմամբ, բոլոր մակարդակներով: Ամենաճիշտ և ամենատրամաբանական եզրակացությունն այն է, որ հեղինակը ուղղագրության միասնականացումը նկատում է որպես ազգային միասնականության գերխնդիր: Ես հեղինակից խնդրում եմ այս թեման մանրամասնելով իր պատկերացումներն ու գնահատականները մեզ մատուցի առաջիկայում:
Օնիկ Միքայելյան
Սիրելի Ռազմիկ Շոշափել ես շատ կարևոր հարց: Կրկնակի ցավ է ինձ համար տեսնել, որ անհրաժեշտություն կա Հայաստանի հանրապետությունում պայքարել հանուն մարդկային ու ազգային բարձր արժեքների կենսագործունեության, ինչը անում էինք խորհրդային բռնապետության շրջանում: Կարծես Բրեժնևը վերադառնում է: Հայոց լեզվի անաղարտության ու զարգացման համար լուջ պայքար էր մղում շատ սիրելի Ռ. Իշխանյանը: Այլ գործերից զատ նա գրեց նաև աշխատանքը: Այդ թեմայով ներսումս կուտակված շատ բան կա, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել: Բավական է հետևել հայոց լեզվի մասին ակադեմիական և այլ մասնագիտական մոտեցումներին, հասարակական վայրերում, տրանսպորտում և իբրև հայկական հարսանիքներում հնչող ռուսերեն լեզվով աղմուկներին, որոնք մատուցվում են որպես երաժշություն: Համոզվել եմ, որ այն մարդիկ, ովքեր ճարպկորեն խուսանավում են մայրենիից, նրանք ապերախտ և դավաճան լինելուց չխորշող են: Հույս ունենանք, որ համապատասխան պետական մարմիններն իրենց ճիշտ դերակատարմամբ չեն թողնի որ մայրենիի համար պայքարի ՀՀ ոչ մասնագետ հայրենասեր քաղաքացին:
Արաքս Հակոբյան
«Մեր ազգային տեսակի պահպանման բեռը հիմնականում կրում է հայերենը» Մեծարգո՛ պարոն Մարկոսյան, մայրենիի նկատմամբ Ձեր մեծ սիրո ու հարգանաց երախտիքի արտահայտությունը կարող էր լինել անաղարտ ու գեղեցիկ հայերենով հենց մայրենիի մասին գրված Ձեր «Մեր փոքր երկրի մեծ սահմանապահը» հոդվածը: Այս անգամ էլ մեծ ճշգրտությամբ կարողացել եք զգալ ժողովրդի զարկերակի տագնապն ու տալ առողջացման ուղիների ընտրությունը: Դեռևս հինգերորդ դարից սկսած՝ Սահակ-Մեսրոպյան աստվածափայլ հանճարը կանխորոշեց մեր ժողովրդի փրկության ճանապարհը, և ահա արդեն քանի՜ դար է՝ այդ բեռը իր վրա կրում է մեր լեզուն: Իսկ մենք այսօր ոչ միայն շեղվել ենք մեր հազարամյա նավարկության ուղեծրից, այլև ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները չսիրեն հայերենը, այն համարեն արհեստական, աննպատակ բարդություններով շտեմարանաթեստային լեզու, որը դադարել է հայրենասեր ու հայերենասեր սերունդ դաստիարակել: Կարծում եմ,որ մեր նորանկախ պետության գերագույն արժեքներից հռչակված հայերենը այսօր մի տեսակ օտարացել է մեզնից՝ մեր կոսմոպոլիտ գաղափարների, օտարանպաստ ու օտարամետ որոշումների, ինքնակայացող թեստագրուհիների ու անհաջող դասագրքերի պատճառով, մինչդեռ նա պարզ ու հասարակ սիրո ու փայփայանքի կարիք ունի, նրան մեդալներ ու մրցանակներ պետք չեն... նա «մեր փոքր երկրի մեծ սահմանապահն» է, իրենո՛վ ենք մենք պարգևատրված ի վերուստ...
Անդրանիկ Հակոբյան
Ընտրածդ խորագիրը ինձ համար էլ անսպասելի մայրենի լեզվի ընդգրկման նոր տարածություն բացեց: Չգիտեմ էլ, թե զարմանքս էր մեծ, թե զայրույթս իմ դեմ, որ մի չափազանց պարզ բան չէի նկատել: Մայրենիի ընդգրկած սահմաններն այնտեղ են, ուր դեռ կա լեզուն, ուր խոսում են հայերեն: Ազգերի ինքնորոշման իրավունքի համար, հայ ժողովրդի ինքնության պահպանության համար տասնմեկամյա քո տաժանակրությունը խորհրդային քաղաքական տարբեր ճամբարներում իրական սահմանում է ստանում այս՝ թվում է պարզ վերնագրի ներքո: Որովհետև, ազգերի ինքնորոշումն ամենից առաջ ազատ կամարտահյտությունն է լեզվի, հետո միայն գոյաձևի ընտրության: Սիրելի ընկեր, փաստորեն, կյանքիդ ու երիտասարդությանդ տասնմեկ տարիները դու նվիրաբերել ես նրան, որ հայը հայերեն խոսելու իրավունք ունենա և ինքն ընտրի իր լեզուն: Փաստորեն, մորդովական ճամբարներում քո և գաղափարակից եղբայրներիդ հետ հալածանքների ու զրկանքների է գնացել նաև մայրենին, որի սահմաններն անցել են ձեր սրտերի միջով: Սիրտն այս դեպքում հուզական պատկեր չէ: Սիրտն անգամ ամենաբարձր գաղափարների արյան մատակարարն է, առանց որի կցամաքի ցանկացած միտք, ոգի ու կորով: Եվ հիմա, ճամբարներից հեռու, տասնմեկ ու հազարտասնմեկ անգամ սիրելի քո հայրենիքում կրկին անհանգիստ է մեր փոքր երկրի սահմանապահ մայրենիի անխոնջ մարտիկի քո ոգին:
հայ մարդ
Դու մենակ չես, ՌԱԶՄԻԿ> և ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ԿԱՔ_ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԼԻՆԻ_ՄԵԿ Է__ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ:
Արամ Հակոբյան
Լեզվի պահպանությունը համայն ժողովրդի խնդիրն է և ինչպես արդարացիորեն վերնագրել է հեղինակը, լեզուն առաջին սահմանապահն է մեր ինքնության: Շատ լավ ու բազմաշերտ է մատուցված թեման, պատկերավոր և խորքից: Շնորհակալություն հեղինակին, լեզուն մեզ հրաշալի պաշտպանում է, իսկ մենք...
Գ.Ա.
Այս ամենի մեջ աչքաթող է արվել ամենագլխաորը...մեր երկրում օր-օրի վրա շատացող կիսագրագետ ղեկավարները,որոնց մեծ մասը նույնիսկ հասարակ նախադասություն չեն կարողանում կազմել էլ ուր մնաց...............................................( իհարկե հանրապետությունում գործող այսպես կոչված զգալի մասը այդ նույն կիսագրագետ ղեկավարներինն է. Ինչ վերաբերվում է լեզվի պետական տեսչությանը ապա այն արդյունավետ կաշխատի կառավարության ենթակաության ներքո
Է.Է
Ոսկի կանոն. մարդկանց մասին պետք է դատել ոչ թե նրանց հայացքներից, այլ այդ հայացքները հօգուտ ժողովրդի խնդրիներին ծառայեցնելուց... Շնորհակալություն ....
Զարեհ Սարգսյան
Այն, ինչ տիրում է այսօր մեր լեզվական իրականության մեջ, կարելի է որակել միայն որպես կատարյալ փնթիություն: Ստեղծված լեզվական վիճակը մի բաղադրիչն է մեր երկրի լեզվաքաղաքականության և առհասարակ մեր քաղաքականության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter