HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների հրապարակումները քաղաքական հաշվեհարդարների առարկա են

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Հայաստանում որքանո՞վ են ապահովված օրենսդրական երաշխիքները խոսքի եւ մամուլի ազատության համար: 

Օրենսդրության առումով խոսքի եւ մամուլի ազատության ապահովման համար Հայաստանում կան բավականին լավ երաշխիքներ: Մնում է միայն երազել, որ իրականությունը համապատասխանի օրենսդրությանը: Սակայն, պետք է նշեմ նաեւ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի եւ հին, եւ նոր (2010 թ. ընդունված) տարբերակը խոչընդոտում են ոլորտի ազատականացմանը: 2002 թ., հենց այս օրենքը վկայակոչելով, փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: Իհարկե, բոլորը հասկանում են, որ «Ա1+»-ին եթերից զրկելը քաղաքական պատվեր էր, եւ օրենքն այստեղ օգտագործվեց որպես գործիք, օգտագործվեցին օրենքում առկա բացթողումներն ու տարընթերցումները:

Այս օրենքը բազմաթիվ փոփոխություններ է կրել, սակայն դրանք կոսմետիկ, ձեւական բնույթի փոփոխություններ են եղել, լրագրողների, փորձագետների եւ միջազգային կազմակերպությունների կարեւոր դիտողություններն ու առաջարկությունները միշտ անտեսվել են: Այդպես էլ չլուծվեցին մի շարք հիմնահարցեր, ինչպես, օրինակ, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության խնդիրը: Սկզբից հանձնաժողովի անդամները նշանակվում էին միայն նախագահի կողմից եւ ասվում էր, որ այլ տարբերակ չկա: Հետո կիրառեցին հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը: Սա էլ ձեւական բնույթ էր կրում, քանի որ մրցույթի պայմանները եւ կարգը հաստատում էր նախագահը, մրցութային հանձնաժողովը ձեւավորում էր դարձյալ նախագահը եւ վերջում այդ հանձնաժողովի որոշումով հաղթած անձանցից նորից նշանակում էր նախագահը: Սահմանադրության բարեփոխումից հետո հանձնաժողովի 50 տոկոսը նշանակվում է նախագահի կողմից,  50 տոկոսը` ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կարծես հնարավորություն ստեղծվեց, որ հանձնաժողով մուտք գործեն այլախոհ մարդիկ: Սակայն, քանի որ Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում իշխող կոալիցիան, ապա ընդդիմության ձայնն այդտեղ էլ լսելի չեղավ: Այսպիսով, հանրային հեռուստաընկերության խորհրդի անկախությունը նույնպես ապահովված չէ, եւ դա է պատճառը, որ Հանրային հեռուստատեսությունը չի կատարում իր հիմնական առաքելությունը: Այն միայն անունով է հանրային, իսկ իրականում նախագահական նստավայրի խոսափողն է:

Ի՞նչ խնդիրներ կան մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրության գործնական կիրառության ոլորտում: 

Երեւի, շատերն ինձ հետ չհամաձայնվեն, բայց ես կարծում եմ, որ եթե լինի քաղաքական կամք, ապա նույնիսկ գոյություն ունեցող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով հնարավոր է արդար եւ թափանցիկ մրցույթներ անցկացնել հեռարձակման ոլորտում: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել հեռարձակողների հանդեպ իրենց համատարած  վերահսկողությունից:  Մենք ունենք ամբողջովին վերահսկվող եթեր, որտեղ հիմնականում իշխանություններին գովերգում են, ընդդիմությանը շատ քիչ տեղ են տալիս: Ունենք տարբեր` քաղաքական, տնտեսական ճամբարների բաժանված տպագիր մամուլ: Չնչին բացառություն են կազմում մի քանի լրատվամիջոցներ, որոնք իսկապես փորձում են վաճառել իրենց ապրանքը` թերթը: Նույն բաժանումը կա նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների շարքերում: Այս պարագայում բնական է, որ լրագրողական գործունեությունը դառնում է քաղաքական գործունեություն, իսկ լրատվամիջոցների հրապարակումները` քաղաքական հաշվեհարդարների առարկա:

Խոսքի ազատությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան մամուլի ազատությունը: Բայց խոսքի ազատության մարմնավորումը, այնուամենայնիվ, տեղի է ունենում ԶԼՄ-ների միջոցով, քանի որ եթե չկան ազատ լրատվամիջոցներ, ուրեմն չկա նաեւ խոսքի ազատություն:

Մեր տարեկան զեկույցներում արձանագրել ենք նաեւ ֆիլմերի ցուցադրման արգելքների փորձեր: Մասնավորապես` «Մոսկվա» կինոթատրոնում մերժել են ցուցադրել Տիգրան Պասկեւիչյանի «Օտարում» ֆիլմը, որը պատմում էր Երեւանի Հյուսիսային պողոտայում գերակա շահ ճանաչված տարածքներից մարդկանց տարհանման խնդիրների մասին: Տիգրան Պասկեւիչյանի մեկ այլ ֆիլմի («Ընտրություն») ցուցադրումը Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի սրահում վերջին պահին  խափանվեց, չնայած պայմանագրի առկայությանը: Առավոտյան կենտրոնից զանգահարեցին ֆիլմի հեղինակին եւ տեղեկացրին, որ կենտրոնի տնօրենն արգելել է ցուցադրումը: Ավելի ուշ պարզվել էր, որ արգելքը դրվել է կրթության եւ գիտության նախարարության կողմից:

Փաստորեն, մեր երկրում կար արտահայտվելու կարիք

Արթուր Պապյան, բլոգեր, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող

Քաղաքացիները եւ լրագրողներն ի՞նչ խնդիրների են բախվում խոսքի եւ մամուլի ազատության ասպարեզում: Ի՞նչ դեր կարող են խաղալ միջազգային կազմակերպությունները Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման գործում:

Խնդիրներից մեկն այն է, որ չկա վստահություն դատական համակարգի հանդեպ: Եվ, եթե լրագրողը գրում է կարծիք կամ մեկնաբանություն, ապա չկա երաշխիք, որ նրան իր կարծիքի համար չեն «պատժի» դատարանի միջոցով, որ լրագրողը ստիպված չի լինի որեւէ պաշտոնյայի հսկայական տուգանք վճարել: Երկրորդ խնդիրը ինքնագրաքննությունն է: Ուղղակի գրաքննություն չկա, բայց լրագրողը երբեմն ինքն իրեն է զսպում, որ խուսափի ինչ-որ բաներ հրապարակելուց` գուցե մտավախություն ունենալով, որ դրանից հետո կունենա խնդիրներ, օրինակ` այն խնդիրը, որի մասին արդեն նշեցի:

Քաղաքացիներն ունեն խոսքի ազատության իրավունքի իրացման տեխնիկական միջոցների հետ կապված խնդիրներ: Ոմանք իրենց խնդիրը բարձրաձայնելու համար  դիմում են լրագրողներին, մյուսները գրանցվում են «Facebook» սոցիալական ցանցում եւ փորձում են այդ ճանապարհով արտահայտել դիրքորոշումներ, կարծիքներ, մասնակցում են հարցերի քննարկմանը: Բլոգները նույնպես խոսքի ազատության հարթակ են: Ես ինքս ունեմ իմ բլոգը: Եթե անգամ լրագրողական միջավայրում կա ինքնագրաքննություն, գոնե բլոգները պետք է այդ բացը լրացնեն:

Ես չեմ խոսում խոսքի ազատության արդյունավետության մասին, այլ ընդամենը` իրավունքի իրացման հնարավորության մասին, եւ այսօր մեր իրականության մեջ, գոնե ինտերնետ միջավայրում, դա կա: Քաղաքացիները նաեւ իրենց ասելիքը ճիշտ ձեւակերպելու, ինտերնետային միջավայրում հաղորդագրություն ձեւակերպելու խնդիր ունեն: Բլոգներում, սոցիալական ցանցերում գրելու համար պետք է տիրապետել որոշակի հմտությունների:

Լավ կլիներ, որ միջազգային կազմակերպությունները Հայաստանում ոչ մի դերակատարում էլ չունենային, բայց մյուս կողմից էլ նրանք կարող էին խթանել խոսքի ազատության զարգացումը, եթե սկզբունքային լինեին իրենց դիրքորոշումներում: Իրենք կարող էին իրենց սկզբունքայնությամբ մեծապես օգնել այս դաշտին, բայց, որպես այս երկրի քաղաքացի, բլոգեր եւ լրագրող, ես չեմ տեսնում, որ նրանք սկզբունքային են: Մի օր մի բան են ասում, մյուս օրն` այլ բան:    

Հայաստանում ինչպե՞ս է զարգանում այսպես կոչված քաղաքացիական լրագրությունը (բլոգերներ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ), եւ այս պայմաններում ինչպիսի՞ն է բնակչության վստահության մակարդակը ավանդական ԶԼՄ-ի նկատմամբ:

Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում «Facebook» սոցիալական ցանցում կազմավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ: Այսօր ցանցային ակտիվիստներին երբեմն հաջողվում է կասեցնել որոշակի ապօրինություններ, ազդել օրենքի փոփոխությունների վրա, փոխել դատական պրոցեսի ընթացքը եւ այլն: Այդպիսի նախաձեռնություններից  են` «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին», «Փրկենք Կաթողիկեն» եւ այլն: Մեկ ամիս առաջ «Facebook» սոցիալական ցանցը Հայաստանում ուներ 140 հազար օգտագործող, այս պահին նրանց թիվը հասել է 170 հազարի, ու աճը դեռ շարունակվում է:

Մարդիկ տարածում են տեղեկություններ, կազմակերպվում են որոշակի սոցիալական խնդրի լուծման համար, քննարկում ու բանավիճում են: Հետաքրքիր է, որ այս ցանցի ստեղծողները բացարձակ նպատակ չունեին խթանել քաղաքացիական հասարակության ակտիվությունը. նրանց նպատակը շփման միջավայր ստեղծելը եւ գովազդի միջոցով գումար վաստակելն էր: Բայց, փաստորեն, մեր երկրում կար արտահայտվելու կարիք, եւ մարդիկ շատ արագ սկսեցին գրանցվել: Մարդիկ նոր հեռախոսներ են գնում, դրանցով միանում են ինտերնետին, նկարահանում են ու հաղորդում տեղեկություններ:

1-2 տարի հետո մենք շատ հետաքրքիր արդյունքներ եւ զարգացումներ կարող ենք գրանցել այս ոլորտում: Արդեն նույնիսկ կան հայտնի, ազդեցություն ունեցող ցանցային անձնավորություններ, որոնք կարծիքների գեներատորներ են: Ես տեսնում եմ նաեւ, որ շարժ կա սոցիալական ցանցերից դեպի լրատվամիջոցներ եւ հակառակը` լրատվամիջոցներից դեպի սոցիալական ցանցեր: Այս կապը երկու միջավայրն էլ հարստացնում է տեղեկություններով եւ կարծիքներով: Այն հանգամանքը, որ նախագահը եւ վարչապետը բլոգ ունեն, նույնպես մարդկանց բերում է ցանց:  «Facebook»-ն ազդեցիկ դարձավ նաեւ այն պատճառով, որ Հայ ազգային կոնգրեսն  իր հանրահավաքներից մեկի ժամանակ ողջունեց «Facebook»-ում  իր  հետեւորդներին: Ես ուրախացա այդ հայտարարությունից, որովհետեւ այդ կոչը ցանց բերեց մարդկանց: Իհարկե, այդ մարդիկ ցանցում քարոզում են իրենց քաղաքական դիրքորոշումը, բայց նաեւ անխուսափելիորեն ներգրավվում են նաեւ քաղաքացիական ակտիվության մեջ:

Ինչ վերաբերում է բնակչության վստահությանը ավանդական ԶԼՄ-ների հանդեպ, ապա կարծում եմ, որ նրանք շատ լավ տեսնում են տարբերությունը իրականության եւ հեռուստատեսությամբ ցուցադրվածի միջեւ եւ անում են իրենց հետեւությունները:   

Մեկնաբանություններ (1)

rahageets
I would think that a major issue in Armenia is that the bulk of the populace, especially living in the Marzes, have little knowledge of using the internet and thus plugging into various alternative news sources. Also, we don't hear much about what average folk outside Yerevan think about the issues facing them other than the pages of Hetq and a few other sites.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter