HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտում (Ադրբեջան) կլոր սեղանի ժամանակ մեր հարցերին պատասխանեցին`  

Մեդիայի իրավունքի ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին

Ադրբեջանում որքանո՞վ են ապահովված օրենսդրական երաշխիքները խոսքի եւ մամուլի ազատության համար:

Ադրբեջանում ստեղծված է հիմնարար օրենսդրական բազա, որն ապահովում է խոսքի եւ մամուլի ազատությունը: Սահմանադրության 47-րդ հոդվածը երաշխավորում է ազատ խոսքի, իսկ 50-րդը` տեղեկատվություն ստանալու իրավուքը: «ԶԼՄ-ի մասին» օրենքն ընդունվել է 1999 թ., իսկ Ադրբեջանի` Եվրախորհուրդ մտնելուց առաջ այդ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ: 2002 թ. ընդունվեց օրենք հեռուստատեսության եւ ռադիոյի մասին:

2004 թ. ընդունվեց հանրային հեռարձակումը կարգավորող օրենք: Ճիշտ է, օրենքն ունի մի շարք կարեւոր թերություններ: Առաջին` այս օրենքը չկարողացավ ստեղծել անկախ եւ մասնագիտական կարգավորող կառույց հեռարձակման ոլորտում: Այդպիսի կառույցի (Ազգային ռադիոհեռուստատեսային խորհրդի) ստեղծման լիազորությունները տրվեցին երկրի նախագահին, որի պատճառով այն քաղաքական կախման մեջ ընկավ գործադիր իշխանությունից:

Ազգային ռադիոհեռուստատեսային խորհուրդը նաեւ լիակատար ֆինանսական կախման մեջ է կառավարությունից: Երկրորդ` օրենքը չի որոշում ռադիո եւ հեռուստատեսային հեռարձակման համար հաճախականությունների հատկացման պայմանները: Այս հարցն ամբողջովին կախված է կառավարական հանձնաժողովից: Խորհուրդը միայն ունի ռադիո եւ հեռուստատեսային գործունեության համար լիցենզիաներ տալու լիազորություն:

Օրենքը սահմանափակում է արտասահմանյան կապիտալի հոսքը ԶԼՄ-ի տիրույթ: Արտասահմանյան ընկերությունը կամ քաղաքացիները, ինչպես նաեւ արտասահմանում ապրող Ադրբեջանի քաղաքացիները չեն կարող լինել Ադրբեջանի ռադիո եւ հեռուստատեսային ընկերությունների լիիրավ սեփականատերեր: Բոլոր դեպքերում նրանց մասնաբաժինը չի կարող գերազանցել 30%-ը:

Մեդիայի բովանդակությունը կարգավորող նորմերը արտացոլված են բազմաթիվ օրենքներում: Քրեական օրենսգիրքը (ԱՀ ՔՕ) նախատեսում է պատիժ զրպարտության, վիրավորանքի համար, ինչպես նաեւ նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, պետական խորհրդանշաններին (դրոշ) հասցված վիրավորանքի, ահաբեկչության եւ սահմանադրական կարգի փոփոխության, էթնիկական եւ կրոնական թշնամանքի կոչերի, պատերազմի պրոպագանդման համար: ԱՀ ՔՕ-ը նախատեսում է նաեւ պատիժ պետական գաղտնիքը տարածելու, անձնական կյանքի մասին տեղեկատվություն հավաքելու եւ տարածելու համար: Քաղաքացիական օրենսդրության մեջ կան հոդվածներ մարդու իմիջի պաշտպանության մասին:

Զրպարտության մասին առանձին օրենք չկա: Օրենքով չի կարգավորվում նաեւ տեղեկատվության տարածումն Ինտերնետում:

Ի՞նչ խնդիրներ կան մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրության գործնական կիրառության ոլորտում:

Չնայած հիմնարար օրենքների առկայությանը, մնում են գործնականում դրանց արդյունավետ կիրառության հետ կապված խնդիրները: Լրագրողների դեմ մեղադրանքները հարուցվում են` խախտելով արտահայտման ազատության սկզբունքը: Լրագրողների դեմ դատական հայցերի եւ մեղադրանքների  90%-ը առաջ են քաշում պետական ծառայողները եւ բարձրաստիճան պաշտոնյաները: Ինչ վերաբերում է ռադիոհեռուստատեսային հեռարձակմանը, ապա քաղաքական բազմակարծության հնարավորություններն այստեղ զրոյական են: Կա ոչ պաշտոնական գրաքննություն, չկա մրցակցություն: Գովազդային շուկան ոչ պաշտոնական ձեւով կառավարվում է: Այդ է պատճառը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ասպարեզը գրեթե չի զարգանում, չկան մասնագիտական մակարդակի բարձրացման խթաններ:

Կառավարությունն իրականացնում է լիակատար վերահսկողություն հեռուստատեսության եւ ռադիոյի նկատմամբ: Չնայած ազատ հաճախականությունների առկայությանը, չեն տրվում ռադիո եւ հեռուստատեսային հեռարձակման նոր լիցենզիաներ: Բացառությամբ Բաքվից եւ Նախիջեւանից, երկրում չկա ոչ մի շրջանային ռադիոալիք: Շրջանների 80%-ում չկան տեղական հեռուստակայաններ:

ԹՈՒՐԱՆ տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը

Քաղաքացիները եւ լրագրողներն ի՞նչ խնդիրների են բախվում խոսքի եւ մամուլի ազատության ասպարեզում: Ի՞նչ դեր կարող են խաղալ միջազգային կազմակերպությունները Ադրբեջանում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման գործում:

Ադրբեջանում քաղաքացիներն ունեն երկրում կատարվող իրադարձությունների եւ գործընթացների մասին ճշմարտացի տեղեկատվություն ստանալու, իսկ լրագրողները` այդպիսի տեղեկատվությունը լսարանին մատչելի դարձնելու խնդիր: Ես կուզենայի խնդիրը ներկայացնել ավելի լայն տեսանկյունից եւ սկսել լրագրողներից: Ադրբեջանի իշխանությունները քանդեցին անկախ ԶԼՄ-ի գործունեության տնտեսական հիմքերը: ԶԼՄ-ի շահույթի հիմնական աղբյուրը գովազդն է: Նրա տարեկան ծավալը հասնում է 50 մլն մանաթի այն դեպքում, երբ համաշխարհային նորմը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1%-ը: Այսինքն` Ադրբեջանի դեպքում պետք է լինի 410 մլն մանաթ (2010 թ. ՀՆԱ-ն հասել էր 41,6 մլրդ մանաթի):

Տպագիր ԶԼՄ-ին եւ ինտերնետին տարեկան հասնում է առավելագույնը 3 մլն մանաթ, թեեւ պետք է լիներ 150 մլն մանաթից ոչ պակաս: Փաստորեն, թերթերի եւ ինտրենետային տեղեկատվամիջոցների 99%-ն անկարող է պահել ինքն իրեն: Նրանք գոյատեւում են իշխանության անօրինական ֆինանսավորման հաշվին: Մեդիայի անօրինական ֆինանսավորման տարեկան ծավալը հասնում է 20 մլն մանաթի: Տնտեսական անկախության կորուստը հանգեցրել է ստեղծագործական եւ մասնագիտական անկախության կորստի:

ԶԼՄ-ը գրում են այն, ինչ ցանկանում են լսել նախագահի վարչակազմում, այս կամ այն նախարարությունում: Սրանից է ծագում երկրում առկա իրադրության ոչ պատշաճ լուսաբանումը: Միայն խիստ սակավաթիվ ԶԼՄ-ներն են փորձում հասարակությանը տեղեկատվություն հասցնել երկրի իրական վիճակի մասին: Վերջերս ավանդական ԶԼՄ-ի այդ գործառույթը սկսել է կատարել բլոգերային լրագրությունը:

Բայց ինտերնետը, զարգացման ցածր մակարդակի պատճառով, շատերին մատչելի չէ: Ահա թե ինչու քաղաքացիները չունեն ճշմարտացի տեղեկատվություն ստանալու լայն հնարավորություն: Տեղեկատվության հիմնական մատչելի առաքողները հեռուստակայաններն են, բայց դրանք ամբողջովին վերահսկողության տակ են եւ աղավաղում են իրական պատկերը: Իմ տեսակետից` երկրում կոպտորեն խախտվում է խոսքի ազատությունը: Ըստ էության, այն չափազանց սահմանափակ է:

Ադրբեջանում ինչպե՞ս է զարգանում այսպես կոչված քաղաքացիական լրագրությունը (բլոգերներ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ), եւ այս պայմաններում ինչպիսի՞ն է բնակչության վստահության մակարդակը ավանդական ԶԼՄ-ի նկատմամբ:

Ադրբեջանում սոցիալական ցանցերը դինամիկ են զարգանում: Օրինակ` խոշորագույն սոցիալական ցանցի` Facebook-ի օգտվողների քանակով Ադրբեջանը 96-ից բարձրացել է 94-րդ տեղը (2011 թ. առաջին եռամսյակում Facebook-ի ադրբեջանցի օգտվողների թիվն աճել է 4,84%-ով եւ հասել 401,580 մարդու): Աճում է բլոգերների թիվը: Դա խոսում է մարդկանց` ազատ ինքնարտահայտվելու կարիքի մասին: Պատահական չէ, որ իշխանությունները լրջորեն անհանգստացած են խոսքի ազատության ասպարեզում ժողովրդական ակտիվության այսպիսի աճով: Պաշտոնյաների կողմից արդեն կոչեր են հնչում ինտերնետի սահմանափակման, լիցենզավորում եւ գրաքննություն մտցնելու մասին:

Ստեղծվում են վճարովի ինտերնետային ակտիվիստների հատուկ խմբեր, որոնց խնդիրը մարդկանց մոլորեցնելն է, որպես իշխանության քննադատների ընդդիմախոսներ հանդես գալը, ցանցում կեղծ ազատ խմբեր ստեղծելը եւ այլն: Ինտերնետում սոցիալական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է ավանդական ԶԼՄ-ի նկատմամբ անվստահությամբ:

Ինչպես ցույց են տալիս դիտարկումները եւ բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանությունները, բնակչությունը մեծամասամբ անտեսում է եւ տպագիր, եւ էլեկտրոնային ԶԼՄ-ը` հեռուստատեսությունը եւ ռադիոն: Լսարանն իր տեղեկատվական կարիքները զգալի չափով բավարարում է արտասահմանյան տեղեկատվական դաշտում կամ էլ սոցիալական ցանցերում ստեղծում է տեղեկատվության փոխանակման սեփական այլընտրական համակարգեր:

Ինձ` որպես ավանդական ԶԼՄ-ի ներկայացուցչի, նման իրավիճակն անհանգստացնում է, բայց որպես ազատ հանրության ներկայացուցչի` ուրախացնում, քանի որ իշխանությունը կորցնում է վերահսկողությունը մտքի եւ արտահայտման ազատության նկատմամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter