Սնունդ և խմիչք արտադրող 10 ամենամեծ ընկերությունը չի արդարացնում իր համար հումք աճեցնող միլիոնավոր մարդկանց սպասելիքները
Օքսֆամի նոր քարոզարշավը գնահատում է սնունդ և խմիչք արտադրող ընկերությունների կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունները
Համաձայն Օքսֆամ Ինթերնեշնլի՝ սնունդ ու խմիչք արտադրող տասը ամենամեծ համաշխարհային հսկաների կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական քաղաքականությունները չեն համապատասխանում արդի իրավիճակին և հիմնարար բարեփոխումների պահանջ են առաջ քաշում:
Սնունդ և խմիչք արտադրող ընկերությունների «Մեծ Տասնյակը», որոնց օրեկան եկամուտը միասին վերցրած կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար, չեն արդարացնում զարգացող երկրների այն միլիոնավոր մարդկանց սպասելիքները, որոնք այդ ընկերությունների ապրանքների արտադրության համար տրամադրում են անհրաժեշտ հումք, աշխատուժ, հողային և ջրային ռեսուրսներ:
Խաթարված սննդի համակարգի վերականգնմանն ուղղված Օքսֆամի «GROW» քարոզարշավի մաս կազմող «Ինչ է թաքնված ապրանքանիշերի հետևում» նախաձեռնությունը առաջին անգամ վերլուծում և գնահատում է այն գյուղատնտեսական քաղաքականությունները, հանրային պարտավորությունները և մատակարարման շղթայի վերահսկման համակարգը, որ իրականացվում են Ասոշիեյթիդ Բրիթիշ Ֆուդս (Associated British Foods / ABF/), Կոկա Կոլա (Coca Cola), Դանոն (Danon), Ջեներալ Միլզ (General Mills), Քելոգզ (Kellogg's), Մարս (Mars), Մոնդելեզ (Mondelez), Նեսթլե (Nestle), Պեպսիկո (Pepsico) և Յունիլեվեր (Unilever) ընկերությունների կողմից:
Ամենավատ ցուցանիշները ստացվել են ABF-ի (19%), Քելոգզի (23%) և Ջեներալ Միլզի (23%) համապատասխան քաղաքականությունների գնահատման արդյունքում: Դրանք ավելի թույլ են, քան ասենք Կոկա Կոլա (41%), Յունիլեվեր (49%) և Նեսթլե (54%) ընկերությունների կողմից կիրառվող քաղաքականությունները:
«Որոշ ընկերություններ գիտակցում են, որ կայունությունը տնտեսական բաղադրիչ ունի և այդ առումով գովասանքի արժանի կարևոր պատրավորություններ են հանձնառել», ասել է Օքսֆամ Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Ջերեմի Հոբսը: «Այդուհանդերձ այդ տասնյակից և ոչ մի ընկերություն չի ներդնում բավարար ջանքեր փոխելու հարյուր տարվա պատմություն ունեցող այն ավանդույթր, ըստ որի էժան հողն ու աշխատուժն օգտագործվում է լայն սպառման ապրանքների արտադրությունից ահռելի շահույթ ստանալու համար, որն էլ ենթադրում է անընդունելիորեն բարձր սոցիալական և բնապահպանական ծախսեր: Ոչ մի ընկերություն ոչ մի կետով բարձր ցուցանիշներ չի հավաքել: Բոլոր տասը ընկերություններն էլ դեռևս շատ անելիք ունեն:»
«Ինչ է թաքնված ապրանքանիշերի հետևում» քարոզարշավը բացահայտում է, որ
- Տասը ընկերություններից և ոչ մեկը չի հանձնառել վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունը իրենց մատակարարման շղթայում, մինչդեռ այդ «Մեծ Տասնյակից» ոմանք ստանձնել էին կանանց իրավունքների պաշտպանության հանրային պարտավորություն:
- Այդ ընկերություններից ոչ մեկը չունի հողի և ջրի զավթումից տեղական համայնքների պաշտպանության համարժեք ռազմավարություն, չնայած նրանք բոլորն էլ օգտագործում են հողային իրավունքների կոպիտ խախտումներով աճեցվող հումք, ինչպիսիք են արմավենու յուղը,սոյան և շաքարը: Ոչ մի ընկերություն իր մատակարարման շղթայում հողի զավթման դեմ պատժամիջոցներ չի կիրառում:
- Բոլոր տասը ընկերություններն էլ հույժ գաղտնի են պահում իրենց գյուղատնտեսական մատակարարման շղթաների մասին տեղեկությունները, որի հետևանքով էլ դժվար է հավաստի համարել այդ ընկերությունների պնդումները «կայունության» և «սոցիալական պատասխանատվության» մասին: Ամենաշատ տեղեկատվությունը հումքի աղբյուր երկրների մասին տրամադրում ենՆեսթլեն և Յունիլեվերը, սակայն ոչ մի ընկերություն չի հրապարակում բավարար տեղեկատվություն իր մատակարարների մասին:
- Ընդհանուր առմամբ ընկերությունները մեծացնում են ջրային ռեսուրսների սպառման արդյունավետությունը, սակայն նրանց մեծ մասը չի մշակել քաղաքականություն տեղական ջրային ռեսուրսների վրա իրենց ազդեցության նվազեցման ուղղությամբ: Միայն Պեպսին ջուրը հանրայնորեն ճանաչեց որպես մարդկային իրավունք և ստանձնեց պարտավորություն տեղական համայնքներին խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ: Նեսթլեն իր մատակարարների համար մշակել է ջրային ռեսուրսների կառավարման ուղեցույց և ջրային քաղաքականությունների առումով գրավել է առաջին տեղը:
- Բոլոր տասը ընկերությունները ձեռնարկել են քայլեր ուղղակի արտանետումների նվազեցման ուղղությամբ, սակայն իրենց արտադրանքին առնչվող գյուղատնտեսական արտանետումների մասին հանրային հաշվետվություն են ներկայացնում նրանցից ընդամենը հինգը ՝ Մոնդելեզը, Դանոնը, Յունիլեվերը, Կոկա Կոլան և Մարսը: Միայն Յունիլեվեր ընկերությունն է պարտավորվել մինչև 2020 թվականը կիսով չափ կրճատել ջերմոցային գազի արտանետումները: Այդ տասնյակից ոչ մեկը չի մշակել ռազմավարություն աջակցելու իրենց մատակարարման շղթաներում ներգրաված ֆերմերներին, որպեսզի վերջիններս կլիմայի փոփոխությունների հանդեպ դառնան առավել դիմակայուն:
- Այս ընկերություններից ոչ մեկը չի ստանձնել հանրային պարտավորություն վճարելու ֆերմերներին մրցակցային գին կամ նրանց հետ աշխատելու ազնիվ գործարար հիմունքներով բոլոր գյուղատնտեսական գործարքներում: Միայն Յունիլեվեր ընկերությունը, որը փոքր ֆերմերների հետ գործարքների անվանակարգում առաջին տեղն է գրավել, ունի ֆերմերներին առանցքային խնդիրների լուծման գործում աջակցող մասնագիտացված մատակարարման ուղեցույց:
«Ժամանակն է, որ այս ընկերությունները ստանձնեն ավելի մեծ պատասխանատվություն աղքատ մարդկանց կյանքում ունեցած ահռելի ազդեցության համար»,- ասել է Հոբսը: Աշխարհի քաղցած մարդկանց ութսուն տոկոսը աշխատում է սննդի արտադրության մեջ, իսկ այս ընկերությունների համար զարգացող երկրներում հումք են աճեցնում միլիոնավոր մարդիկ: Այս ընկերությունները վերահսկում են ամենահայտնի համաշխարհային ապրանքանիշերը և օժտված են տնտեսական, սոցիալական ու քաղաքական իշխանությամբ, որպեսզի իրական ու տևական փոփոխություններ կատարեն աշխարհի ամենաաղքատ ու քաղցած մարդկանց կյանքում»:
«Նշված ընկերությունների սոցիալական քաղաքականությունների վերլուծումը առաջին կարևոր քայլն է: Այդ քաղաքականությունները նախանշում են ընկերության լավ գործ անելու մտադրությունը: Դրանք ի վերջո սպառողների ու արտադրողների համար կարող են դառնալ այդ ընկերություններին հաշվետու պահելու գործիք»,- նշել է Հոբսը:
«Նույնիսկ ամենաազդեցիկ ապրանքանիշը պետք է լսի իր սպառողներին,- ասում է Հոբսը:- Եթե շատ մարդիկ սնունդ արտադրող մեծ ընկերություններին մղեն ճիշտ գործելակերպի, ապա վերջիններս ստիպված կլինեն լսել այդ պահանջը: Սպառողները կարող են ընկերությունների հետ կապ հաստատել Թվիթեր կամ Ֆեյսբուք սոցիալական ցանցերով կամ կազմակերպել ստորագրահավաք ու այն ուղարկել ընկերության գլխավոր տնօրենին՝ դրանով իսկ դերակատարություն ունենալով խաթարված սննդի համակարգի հիմնարար վերականգնման գործում և ցույց տալով ընկերություններին, որ սպառղներն իրենցից ակնկալում են պատասխանատու աշխատանք»:
«Ինչ է թաքնված ապրանքանիշերի հետևում» քարոզարշավը կմեկնարկի ավելի քան 12 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ, Մեքսիկա, Չինաստան, Բրազիլիա և եվրոպական մի շարք երկրներ:
Քարոզարշավի առաջին հանրային միջոցառման թիրախը կլինեն Նեսթլե, Մոնդելեզ և Մարս ընկերությունները, որոնք չեն ձեռնարկել միջոցներ ստեղծելու հավասար պայմաններ իրենց շոկոլադե ապրանքների հումք հանդիսացող կակաո աճեցնող կանանց համար: Այսօր Օքսֆամը նաև հրապարակում է կակաո աճեցնող կանանց հանդեպ կիրառվող անհավասար պայմանների մասին սկզբնաղբյուրից վերցված վերլուծություն-սեղմագիր: Օքսֆամը հորդորում է այդ երեք ընկերություններին գործադրելու լրացուցիչ ջանքեր ցույց տալու, թե ինչպես են կանանց վերաբերվում իրենց մատակարարման շղթաներում և հավաքագրելու ավելի շատ տեղեկություններ այդ մասին, ստեղծելու այդ շղթաներում կանանց անհավասարությունը նվազեցնելու գործողությունների ծրագիր և իրականացնելու շահերի պաշտպանություն, որպեսզի ազդեն այլ հզոր դերակատարների վրա նույնպիսի գործելակերպ որդեգրելու ուղղորդմամբ:
1. Վերջին մեկ տարվա ընթացքում Օքսֆամն աշխատել է բոլոր տասը ընկերությունների հետ, որոնք համագործակցել են Օքսֆամի հետ այս ցուցանիշային արձանագրության կազմելու համար տվյալների տրամադրմամբ:
2. Օքսֆամը նշված ընկերությունների քաղաքականությունները գնահատել է յոթ թեմայի մասով. ինչպես են նրանք երաշխավորում իրենց համար հումք աճեցնող բանվորների ու ֆերմերների իրավունքները, ինչպես են պաշտպանում կանանց իրավունքները, հողային ու ջրային ռեսուրսների կառավարումը, կլիմայի փոփոխությունն ու ընկերությունների մատակարարման շղթաները, քաղաքականություններ և գործառնություն: Օքսֆամը չի դիտարկել այլ կարևոր քաղաքականություններ, որոնք օրինակ վերաբերվում են սնուցման խնդիրներին, հարկերին ու թափոններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել