HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Կառավարության շենքի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները

Այսօր Կառվարության շենքի մոտ կրկին հավաքվել էին մի խումբ մարդիկ` պահանջելով իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանություն: Կառավարության շենքից դուրս եկեղ պաշտոնյաներին իրենց պահանջներն էին ներկայացնում Կենտրոնի իրենց տներից վտարված բնակիչները, զոհված զինծառայողների ծնողները և այլք:

«Ավազակապետություն: Ինչ ժողովրդավարության մասին եք խոսում, երբ սպանում, թալանում եք սեփական ժողովրդին: Իրավունքներից եք խոսում, բայց մեզ էս օրն եք հասցրել»,- գոռում էին հավաքվածները:

«Դուք ներում եք, ես չեմ ներում»,- բղավում էր բողոքի ակցիայի մասնակիցներից Սվետլանա Աթոյանը: Նա պահանջում է դատապարտել այն բժիշկներին, ում ներարկած սխալ դեղերի հետևանքով մահացել է իր հղի դուստրը` 25-ամյա Կարինեն:

Յոթ մեղադրյալից դատապարտվել է միայն 2 բժիշկ` 5.5 տարվա ազատազրկման: Սակայն 2 տարի անց` այս տարվա հունիսին, նրանք համաներմամբ ազատ են արձակել: Սվետլանա Աթոյանը պահանջում էր ազատազրկել այդ բժիշկներին և որակազրկել նրանց: «Մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ»,- ասում էր նա:

«Ես իմ օրինական իրավունքններն եմ պահանջում», - ասում էր Նինել Իվանյանը:

«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի նախկին բուժաշխատողը պահանջում է, որ իրեն վերադարձնեն նախկին աշխատանքին, քանի որ իրեն աշխատանքից հեռացնելու` հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի որոշումը համարում է սխալ և անօրինական:

Նյութական վնասներից բացի` Իվանյանը պահանջում է իրեն հասցված բարոյական վնասների փոխհատուցում` բազմաթիվ  վիրավորանքների և իրեն «հոգեկան հիվանդ» անվանելու համար: «Թող ապացուցեն, որ հոգեկան եմ, իրենց արածն է հոգեկան»,- ասում էր նա:

«Ոստիկանները սուտասան են»,- հայտարարում էր Վարդգես Գասպարին: Վերջինս 2008 թ. ապրիլին դատապարտվել էր ազատազրկման մարտի 1-ի գործով, այնուհետև ազատ էր արձակվել: Այժմ Վարդգես Գասպարին ոստիկաններին մեղադրում է իրեն ճնշելու, իր նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մեջ: Գասպարին ոստիկանների դեմ ներկայացրել է մի քանի հայց, որոնք գտնվում են տարբեր փուլերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter