HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հայկական չիրը մրցունակ չէ

«Մենք Եվրոպայում գին չենք թելադրում»

Թեպետ Հայաստանի չրագործները վստահեցնում են, որ մեր երկրում չրագործությունը զարգանում է, չորացված պտուղների ներմուծման ծավալները տարեց տարի ավելանում են, իսկ արտահանման ծավալները` նվազում:

«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» հ/կ-ի տվյալներով` 2004 թվականին Հայաստան ներմուծվել է 919.542 կգ չիր (հիմնականում չամիչ, թուզ, ծիրան, սեւ սալոր, դեղձ, ավելի քիչ քանակությամբ` բանջարեղեն), իսկ արտահանվել` 71.884 կգ: 2005 թվականին ներմուծվել է ավելի շատ` 1.044.957 կգ, արտահանվել` 80.740 կգ: 2006 թվականին արտահանման ցուցանիշները կտրուկ նվազել են. 1.203.800 կգ ներկրվել է, իսկ արտահանվել` ընդամենը 21.625 կգ չիր եւ չորացված բանջարեղեն` հիմնականում լոլիկ, ծիրան, սալոր, դեղձ, մասուր, բալ, կեռաս: 

Չորացված մթերքների արտահանման ծավալների նվազման պատճառները շատ են: «Չիր» ձեռնարկության տնօրեն Տիգրան Ծատուրյանը որպես հիմնական պատճառ նշում է դրամի արժեւորումը: «2004 թվականից սկսած` դրամի արժեւորման պատճառով մենք այս երկու-երեք տարիների ընթացքում կորցրեցինք մոտ 120.000 դոլար: Ավելին` այդ պատճառով զուգահեռաբար նվազեցին նաեւ մեր ներդրումները, որովհետեւ արտահանման խնդիրների հետ կապված` պակասեցին մեր շրջանառու գումարները»,- ասում է ձեռնարկության տնօրենը: «Չիր» ձեռնարկության չորանոցը գտնվում է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Այն գործում է 1998 թվականից: Չորանոցում մեծամասամբ պատրաստվում է լոլիկի չիր եւ արտահանվում Ֆրանսիա, որտեղից էլ` այլ եվրոպական երկրներ: 1999-ից սկսած` ընկերության արտադրանքի 90 տոկոսն արտահանվում էր (հիմնականում լոլիկ), 10 տոկոսը` սպառվում ներքին շուկայում: Այսօր ձեռնարկության ղեկավարը մտադիր է արտահանման ծավալները նվազեցնել մինչեւ 70 տոկոս: Արտահանումն իրականացվում է պատվերների շրջանակներում:

Տիգրան Ծատուրյան Սանդրո Աբովյան

«Մենք Եվրոպայում գին չենք թելադրում եւ ստիպված ենք հաշվի նստել ուրիշ երկրների արտադրողների գների հետ: Այս պայմաններում պարզ է դառնում, որ մենք այլեւս դադարում ենք մրցակից լինել: Հայկական չրերի ինքնարժեքը երկու-երեք անգամ բարձր է, քան, ասենք, եվրոպական շուկա մտած թուրքական չրերինը: Թուրքական չիրը վաճառվում է 1-2 դոլարով, հայկական չրի ինքնարժեքը 5-6 դոլար է»,- ասում է «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» հ/կ-ի տնօրեն Սանդրո Աբովյանը: Հայաստանի 9 մարզերում գործում են ավելի քան 220 արեւային չորանոցներ: Դրանցից 120-ը Արմավիրի մարզում են: «Ծիածան-Անի» ընկերության չորանոցը նույնպես տեղակայված է Սարդարապատում (Արմավիր): Այն գործում է 2006-ից: Ընկերության հիմնադիր Գագիկ Սիրեկանյանն ասում է, որ նույնիսկ չի էլ փորձել արտահանել իր արտադրանքը, որովհետեւ գնային առումով չի կարող մրցակից լինել: «Ծիածան-Անի» չորանոցը տարեկան արտադրում է 8-10 տոննա չորացված պտուղ եւ բանջարեղեն: 


«Չիր արտադրողները Հայաստանում շատանում են, բայց նրանցից ոչ մեկն առանձին-առանձին չի կարողանա դրսում շուկա գրավել: Մենք նպատակ ունենք միավորել Հայաստանի չրագործներին: Այդպես մենք կկարողանանք ստեղծել որակի եւ փաթեթավորման ընդհանուր չափանիշ, ինչպես նաեւ ապահովել քանակ եւ արտահանել «հայկական չիր» անվամբ արտադրանք, այլապես գրեթե անհնար կլինի միայնակ երբեւէ հայտնվել եվրոպական շուկայում եւ մնալ ջրի երեսին: Եվրոպական շուկայի պահանջարկը ծավալով մեծ է, մեզանից կպահանջեն շաբաթական 15-20 տոննա չրի մատակարարում»,- ասում է Սանդրո Աբովյանը: Այս գաղափարը դեռեւս ծրագրավորման փուլում է, սակայն դրա անհրաժեշտությունն արդեն զգացվում է:

Այսօր Հայաստանում գործող 220 չրանոցներից ոչ մեկը չիր չի արտահանում: (Չհաշված «Չիր» ձեռնարկության իրականացրած լոլիկի չրի պատվերները եւ տարբեր ցուցահանդեսներում մասնակցելու նմուշները):

Հայաստան ներմուծվում է թուրքական չիր

«Թեպետ սննդի անվտանգության վարչությունում ինձ ասացին, որ Թուրքիայից չիր Հայաստան չի մտնում, բայց փաստը մնում է փաստ. չրեր բերվում են հիմնականում Թուրքիայից եւ Պարսկաստանից` չգիտեմ ինչպես եւ ինչ ճանապարհներով: Ես Թուրքիայում տեսել եմ` ինչ չրեր են արտադրում եւ, պետք է ասեմ, որ այստեղ բերվում են վատ որակի չրերը»,- ասում է «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» հ/կ-ի տնօրենը:

«Թուրքական չրեր կան Հայաստանում: Տեսել եմ նույնիսկ, որ խառնում են հայկականի հետ եւ վաճառում»,- ասում է «Ծիածան-Անի» ընկերության տնօրենը: Այս դեպքում, իհարկե, ոչ ոք էլ չի ստուգում թուրքական չրերում ծծմբի մնացորդային քանակությունը: (Բաց գունավորում ունեցող հումքի գույնը պահպանելու համար այն մշակվում է հակաօքսիդացուցիչներով, օրինակ` ծծմբի երկօքսիդով, բայց այն պետք է չափի մեջ լինի): Այդ չիրը չի համարվում էկոլոգիապես մաքուր: 

Չրագործները նշում են, որ ներկրված ապրանքը, լինելով հայկական չրից ավելի էժան, մրցակցության խնդիրներ է ստեղծում նաեւ ներքին շուկայում: 2006 թվականին հանրապետություն ներմուծված չորացված մթերքի քանակությունը կազմել է մեր երկրում ամբողջությամբ իրացված մթերքի մոտ 70 տոկոսը: Փաստորեն, ներմուծման կարիք առայժմ կա, քանի որ նույնիսկ լիարժեք շահագործման դեպքում Հայաստանի 220 չորանոցներում ընդհանուր առմամբ տարեկան արտադրվում է (կախված հումքի քանակից) 500-1200 տոննա չորացված պտուղ-բանջարեղեն, որը չի բավարարում բնակչության պահանջարկը: Այդ իսկ պատճառով չորացված մթերքի մեծ խմբաքանակ է շարունակվում ներմուծվել այլ երկրներից: 

Պրն Աբովյանը սա բացատրում է հետեւյալ կերպ. «Ներմուծումը շատանում է այն պատճառով, որ բնակչությունը դառնում է սոցիալապես ավելի ապահովված, եւ չիրը սպառվում է, այլ հարց է, որ ներքին արտադրողը չի հասցնում լցնել շուկան իր արտադրանքով, ներմուծողներն էլ օգտվում են դրանից: Ներքին շուկայում դեռեւս կան համալիր խնդիրներ: Դրանք հիմնականում կապված են տվյալ տարվա բերքի քանակի, չրանոցների արտադրողականության եւ նաեւ հումքային բազայի հետ: Չրագործությունը, միանշանակ, զարգանում է Հայաստանում. տնկվում են նոր այգիներ, գյուղացիներն այդ առումով շատ ճկուն են եւ տնկում են այնպիսի ծառերի տեսակներ, որոնք պիտանի են չրարտադրության համար, բայց այս զարգացումը դեռեւս տարերայնորեն է, չկազմակերպված»: 

«Հայաստանում շատ դժվար է զարգացնել փոքր եւ միջին բիզնես: Շատ են դրա մասին խոսում, բայց բառերի ետեւում բան չկա: Օրինակ` մենք աշխատում ենք մեր արտադրողականության 70 տոկոսի չափով: Մնացած 30 տոկոսը չենք աշխատացնում, որովհետեւ կանխիկ գումարը չի բավարարում: Ամեն տարի բնակարանս գրավ եմ դնում, որ կանխիկ գումար վերցնեմ գյուղացիներին վճարելու եւ գործի մեջ մի բան ավելացնելու համար: Միայն մեր ուժերով ենք անում»,- ասում է «Ծիածան-Անի» չրանոցի հիմնադիր Գագիկ Սիրեկանյանը:

Չրագործությունը, այնուամենայնիվ, զարգանում է

Արեւային չորանոցները սկսեցին զարգանալ 90-ականներին: Այժմ 9 մարզերում կառուցված է 220 չորանոց: Այդ ժամանակ շատ կարեւոր էր, որ արտադրությունը հնարավորինս քիչ գազ եւ էներգիա ծախսի. արեւային չորանոցներն այդ առումով լավագույն լուծումներն էին: Սովետական իշխանության պլանային տնտեսության զարգացման տարիներին Հայաստանը դուրս էր մնացել պտուղ-բանջարեղենի չորացման գործընթացից, քանի որ այն հանձնված էր միջինասիական հանրապետություններին: Սակայն 90-ական թթ. ՀՀ գյուղատնտեսական ոլորտում իրականացված վերափոխումները, հատկապես հողի սեփականաշնորհումը, նոր հեռանկարներ բացեցին պտուղ-բանջարեղենի չորացման գործում: 

«Հայաստանն ունի չորացված միրգ եւ խաղող պատրաստելու բազմադարյա ավանդույթ: Այդ մասին գրավոր վկայությունները գալիս են դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարից, երբ Հերոդոտոսը Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքը նկարագրելիս հիշատակում է, որ հայ վաճառականները Եփրատ եւ Տիգրիս գետերով տեղափոխել են գինիներ, չորացված ծիրան եւ դեղձ: Բայց սովետական շրջանում այդ ավանդույթը չպահպանվեց: Չիր պատրաստում էին միայն մնացած մրգերից, որ չփչանա, հետո էլ ձմռանը եփում եւ ուտում էին»,- պատմում է Սանդրո Աբովյանը: 


Արեւային չորանոցների ավելի քան 60 տոկոսը Արմավիրի եւ Արարատի մարզերում են, հենց այս մարզերում էլ պատրաստվում է երկրում արտադրվող չորացված պտուղ-բանջարեղենի ավելի քան 35-40 տոկոսը: Դրա պատճառն այն է, որ ծիրանենու տարածքների 66 տոկոսը, դեղձենու ավելի քան 74 տոկոսը եւ խաղողի 60 տոկոսը կենտրոնացած է Արարատի եւ Արմավիրի մարզերում: Չորացվում է հիմնականում ծիրան, դեղձ, խնձոր, տանձ, բալ, կեռաս, մասուր, սալոր, թուզ, խաղող, բանջարեղեններից` լոլիկ, բադրիջան, կանաչի, բիբար: Չնայած պտղատու այգիների տարածքները բավականին ընդլայնվել են, կապված բնակլիմայական ռիսկային գոտիների հետ` վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է անկայուն բերք: Այս տարին բացառություն չէր: Դա նշանակում է, որ հայկական չիրը թանկանալու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter