
3-ամյա Նելլին ուզում է շուտ լավանալ. օգնենք
3-ամյա Նելլին արդեն 20 օր է, ինչ դիմակայում է բժիշկների ասեղներին ու դառնահամ դեղերին: Նա չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ. միայն գիտի, որ հիվանդացել է, իսկ թե երբ է լավանալու, դեռ հայտնի չէ:
Փոքրիկի մոտ արյան սուր լեյկոզ է հայտնաբերվել. վաղն անցկացվելու է նրա առաջին քիմիաթերապիան: Նելլիի հորը՝ Ալբերտ Պետրոսյանին հանդիպեցինք այսօր: Նա պատրաստվում էր հերթական անգամ դեղատուն մտնել, վերցնել քիմիաթերապիայի նախապատրաստող դեղերն ու գնալ հիվանդանոց:
«Ես չգիտեմ՝ ինչ եմ զգում: Փետրվարի 16-ից երևի մինչև 25-ը ուղղակի չէի հասկանում, թե ինչի ա դա պատահել: Ես տղամարդ եմ, բայց առանց արցունքների այս մասին խոսել չէի կարողանում: Հետո, երբ շատ ծանոթներ, բժիշկներ ասացին, որ հույս կա, բուժվող է, ինձ հավաքեցի: Հասկացա, որ պիտի ամեն ինչ անեմ՝ երեխայիս փրկելու համար: Բազմաթիվ ծախսեր ու խնդիրներ կան. պարտավոր եմ թույլ չլինել»,- ասում է Նելլիի հայրը:
Ալբերտն արդեն վաճառքի է հանել իրենց տունն ու մեքենան: Նա աշխատում է որպես գանձապահ և վարորդ: Այժմ աշխատանքի չի հասցնում գնալ, բայց գործընկերները գրեթե ամեն կերպ օգնում են ընտանիքին:
Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկներն Ալբերտին տեղեկացրել են, որ երեխայի բուժումը հնարավոր է, սակայն եթե փոխպատվաստման խնդիր լինի, նրան պետք է ուղարկել Եվրոպա կամ Իսրայել:
Հիվանդության ախտորոշման առաջին օրերին Նելլին դեռևս աշխույժ էր, իսկ հիմա արդեն թուլացել է, տաքություն և հոդացավեր ունի: «Ցույց ա տալիս, ձեռքը դնում է ծնկներին, ասում՝ պապ, ստեղս ա ցավում: Ես չեմ կարողանում դիմանալ էդ ամենը տեսնելուն. դուրս եմ գալիս հիվանդանոցից ու չգիտեմ՝ էլ ինչ անեմ: Էդ ամենը կինս ա տեսնում: Ամեն անգամ սրսկվելիս, դեղ ստանալիս էրեխեն սկսում ա լացել... Կնոջս համար էլ ա դժվար. էդ ամենը տեսնելը հնարավոր չի ուղղակի: Պունկցիա անելուց երեխան էնպես էր գոռում.. .ես ինձ մի կերպ եմ զսպում, հավաքում, որ կարողանամ երեխայիս փրկել»,- Ալբերտի հետ զրույցը չշարունակեցինք. նրա աչքերն արդեն լցվել էին:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:
«Բարդերը՝ հանուն առողջ մանկության» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում: Տոմսերի արժեքներն են 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (055) 502544/ (093) 373238):
Նրանք, ովքեր ցանկանում են օգնել Նելլիին և նրա ընտանիքին, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներով՝
«Ամերիաբանկ», ստացող՝ Նելլի Ալբերտի Պետրոսյան
Դրամային՝ 15700-15384100100
Դոլարային՝ 15700-15384100101
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել