
Բարմեն Ելենա. «Ես բարմենի մասնագիտության մեջ նաև տրագիզմ եմ տեսնում»
Մինչ բարմեն դառնալը Ելենա Մարտինովան Հայաստանում չէր ճանաչում որևէ ուրիշ բարմեն աղջկա: Ելենան արդեն 5 տարի է, բարմեն է աշխատում, Բարմենների հայկական ասոցիացիայի անդամ է: Նա հայերի մենթալիտետով է բացատրում այն, որ երկրում բարմեն աղջիկներն այդքան քիչ են: Աղջիկներն իրենց հոր, եղբոր, հետո նաև ամուսնու հսկողության տակ են, և կա որոշակի ժամ, որից ուշ տուն չպետք է գան:
«Եթե, ասենք, ժամը 8-ից հետո պիտի տանը լինի աղջիկը, էլ ի՞նչ բարմենի մասնագիտության մասին է խոսքը, եթե մեր աշխատանքը սկսվում է հիմնականում 6-7-ից ու մինչև ժամը 2-ը: Իմ անձնական կարծիքն է, որ կնոջ բարոյականությունը ոչ մի կապ չունի իր մասնագիտության հետ. դա կապ ունի իր ներքինի, իր դաստիարակության, իր հոգևոր աշխարհի հետ»,- ասում է Ելենան:
Բարմեն դառնալը Ելենայի մանկության երազանքն էր: Նա միշտ հետաքրքրությամբ էր դիտում տարբեր խմիչքների մասին ճանաչողական հեռուստահաղորդումները, միշտ ուզում էր զբաղվել այդ գործով: Ելենան ընտրեց սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ մասնագիտությունը, քանի որ բարմենությունն էլ սերվիսի ճյուղ է: Ելենայի ծնողները թեև զարմացած էին, բայց դեմ չէին, որ իրենց աղջիկը բարմեն դառնա:
«Իմ շրջապատն էլ դեմ չէր, որովհետև իմ շրջապատը մի քիչ ուրիշ մտածելակերպ ունի, իրենք էդ կարծիքը չունեն, որ «նամուսով աղջիկները էդպիսի բան չեն անում»: Ծնունդներին դարձել եմ ցանկալի հյուր, որովհետև բացի նրանից, որ իրենց ընկերն եմ՝ իրենց համար հաճելի է, որ կարողանում եմ նաև սարքել համով խմիչքներ»,- պատմում է Ելենան:
Նրա խոսքով՝ վերջին 2-3 տարում նաև բարի այցելուների շրջանում է փոխվում մտայնությունը, թե «նամուսով աղջիկը բար չի գնա», և այժմ տղամարդկանց հետ միասին սկսում են բար այցելել նաև կանայք: Բարի ինչպես տղամարդ, այնպես էլ կին այցելուները հաճույքով են շփվում, անկեղծանում բարմենների հետ: Ելենան ասում է, որ տղամարդ այցելուներին ավելի հետաքրքրիր է շփվել աղջիկ, քան տղա բարմենի հետ, քանի որ Հայաստանում այցելուների համար, այնուամենայնիվ, դա «էկզոտիկա է»:
Ելենա Մարտինովան բարմենի աշխատանքը նմանեցնում է հոգեբանի աշխատանքին և համարում, որ բարմենի մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում նաև բարի այցելուին լսելը: Մարդը բարմենի մոտ միայն խմելու համար չէ, որ գալիս է (հակառակ դեպքում խանութից խմիչք կգներ ու տանը կխմեր), այլ գալիս է, որ խոսի բարմենի հետ, թողնի իր վատ էմոցիաները և ստանա լավը:
«Ինչ-որ տեղ ես բարմենի մասնագիտության մեջ նաև տրագիզմ եմ տեսնում, որովհետև բարմենը այն մարդն է, որը, ոնց որ դերասանը, պիտի լավ իմաստով խաղա: Ինքը չի կարող լինել իր բնական ձևով, ցույց տալ իր էմոցիաները, լինել հոգնած, ջղայնացած: Ինքը պիտի լինի անընդհատ ժպիտը երեսին, կատակներով, լավ տրամադրությամբ՝ անկախ նրանից՝ դու էդ պահին լարված ես, հոգնած ես, նեղված ես, ունես ինչ-որ անձնական խնդիրներ»,- ասում է Ելենա Մարտինովան:
Հենց բար եկած մարդուն լսելը, նրան դրական լիցքեր տալն ու տրամադրությունը բարձրացնելն էլ իմաստավորում են Ելենայի աշխատանքը և հաճույք պատճառում: «Ինձ համար բարմենությունը միայն խմիչք սարքելն ու խմիչք միքսելը չի»,- ասում է բարմենը:
Ելենայի այցելուներից շատերն են հետո դարձել իր լավ ընկերը: «Իմ ամուսինն էլ է իմ հաճախորդը եղել: Իմ ամուսինն էլ է բարմեն»,- պատմում է Ելենան:
Նա մասնակցել է Հայաստանի բարմենների ասոցիացիայի բոլոր 3 դասընթացներին՝ կլասիկայի (բարմենի հիմնական մասնագիտությունը՝ խմիչքների պատմություն, կոկտեյլների պատրաստման եղանակ, միքսոլոգիա), ֆլեյրինգի (բարմենական արվեստ, երբ բարմենը խմիչքը մատուցում է յուրօրինակ ձևով՝ շիշը, սառույցը, գործիքները օդ նետելով և պտտեցնելով), բարիստայի՝ կոֆեմեյքերի (մասնագետ, ով վարպետացած է տարբեր սուրճեր պատրաստելու մեջ): Դասընթացների ժամանակ Ելենան խմբում միակ աղջիկն էր:
Բարմենների հայկական ասոցիացիան անցկացնում է կլասիկայի մրցույթներ, և 10-15 մրցողներից 1-2-ն է աղջիկ լինում: Ասոցիացիայի անդամները խմիչքների պատմության վերաբերյալ գրավոր թեսթ են հանձնում, որ ընտրվեն մրցույթի մասնակիցները: Մասնակիցներին տրվում են որոշակի կանոններ, որոնց շրջանակում բարմենը պետք է 5-6 րոպեի ընթացքում ստեղծի իր հեղինակային կոկտեյլից 5-6 օրինակ, որ ժյուրիի բոլոր անդամները գնահատեն համը, բույրը, գույնը, տեսքը, բաժակը, անունը: Իսկ տեխնիկական ժյուրին հետևում է, թե կոկտեյլի պատրաստման ժամանակ ինչ-որ կաթիլ կաթե՞ց, սառույց ընկա՞վ, ճի՞շտ գործիքներ և խմիչքների ճի՞շտ հերթականություն գործածվեց:
Վերջին մրցույթը, որին մասնակցել է Ելենան, բարմենների միջազգային օրվան նվիրված «Bartender 2012» մրցանակաբաշխությունն էր փետրվարի 6-ին, երբ Ելենան հաղթեց «արագ միքսող» անվանակարգում: Նրանից բացի՝ մեկ այլ աղջիկ բարմեն էլ էր մասնակցում մրցույթին:
Ելենան համոզված է, որ բարմենը, եթե իրեն համարում է պրոֆեսիոնալ, պետք է իմանա կոկտեյլների պատմությունը, երբեք չդադարի ոլորտի նոր միտումներին ծանոթանալուց, կարդալուց՝ անկախ նրանից, թե քանի մրցույթում է հաղթել: Վերջին տարիների նորություններից է սև գույն ունեցող օղին (սև գույնը ստանում են ակացիայից):
Ելենան ցավով է նշում, որ Հայաստանում բարերի տերերը, ձեռնարկատերերը հիմնականում չունեն մասնագիտական կրթություն և դաստիարակվածություն, պարզապես փող ունեն և որոշել են այդ փողով, օրինակ, բար բացել: Բարերի տերերը չեն հասկանում ու անտեսում են բարմենների մասնագիտական խորհուրդները, թե ինչպիսի կոկտեյլներ կարելի է պատրաստել, հաճախորդների ինչպիսի թիրախային խմբի վրա կարելի է աշխատել, բարում ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել:
Ելենան ճիշտ է համարում, որ բարում խմիչքների գինը որոշի հենց բարմենը, քանի որ նա գները որոշում է՝ ըստ խմիչի արժեքի, ծախսի, հայտնի լինելու, իսկ Հայաստանում բարերի տերերը նայում են, թե հարևան բարերում խմիչքներն ինչ արժեն և ինչ-որ միջին գին են սահմանում: Բարերի տերերը նույնիսկ չեն գիտակցում, որ մասնագետ բարմենի առաջարկած այդ միջոցառումների արդյունքում հենց իրենց բարի վիճակն է լավանալու: Ելենայի խոսքով՝ ձեռնարկատերերն ուզում են տեսնել ոչ թե պրոֆեսիոնալ բարմենի, այլ ուղղակի ինչ-որ մի աշխատողի, ով իրենց լսում ու ենթարկվում է:
Ելենան այս նույն դժգոհությունը լսել է շատ ուրիշ բարմեններից ևս: «Մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, բայց հիմնականում Հայաստանի իրավիճակը, ցավոք, դա է: Էդքան մենք խնդիր չենք ունենում մեր հաճախորդների հետ, որ կարող ենք ունենալ՝ առավել ևս աղջիկ բարմեն լինելով, ինչքան խնդիր ենք ունենում մեր տնօրինության հետ, որը չի թողնում: Եթե մարդը սիրում է իր մասնագիտությունը, եթե իր համար էդ մասնագիտությունը զուտ փող աշխատելու միջոց չի, ինքը անընդհատ ուզում է ինչ-որ մի բան ստեղծել, փոփոխել դեպի լավը: Իսկ երբ իրեն ոչ մի բան թույլ չեն տալիս, ինքը հիասթափվում է»,- ասում է Ելենան:
Նա ուզում է հմտանալ ցուցադրական ֆլեյրինգի մեջ, որը կարելի է բարմենության առանձին ճյուղ համարել: Որպեսզի բարմենը համարվի ցուցադրական ֆլեյրինգի մասնագետ, պետք է օրական 3-4 ժամ պարապի: Հայաստանում հատուկենտ են այն բարերը, որոնց կանգնակի տարածքը ցուցադրական ֆլեյրինգի բարդ հնարքներ անելու համար բավարար է, և պահպանված են անվտանգության պայմանները:
Ուստի, Ելենան մտածում է ցուցադրական ֆլեյրինգի մեջ մասնագիտանալ արտասահմանում, որտեղ ընդհանրապես բարմենությունը շատ զարգացած է: Իսկ աշխատանքային ֆլեյրինգի փոքր հնարքներ Ելենան հիմա էլ անում է՝ հաճախորդ-հանդիսատեսների համար իր աշխատանքն ավելի հաճելի դարձնելու համար:
Մեկնաբանել