HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանք թաղված հնամաշ գզրոցներում

Հարցազրույց Լեռ Կամսարի թոռան` Վանուհի Թովմասյանի հետ

- Լեռ Կամսարը գրում է.  «Կնոջ մասին մի գրող շատ ճիշտ բան է ասել։

Ասում է՝ կինը նման է Պիզայի աշտարակին, ծռվում է դեպի քեզ, բայց հեշտությամբ չի փուլ գալիս վրադ: Բայց ճիշտ է նաև այն, որ եթե մի անգամ փուլ եկավ վրադ, էլ հավիտյանս դուրս չես գա տակիցը՝ կյանքդ կխորտակվի»:

Արդյո՞ք շատ է մնացել երգիծաբանը փլատակների տակ։ 

- Զարմանալիորեն այո։ Ինչո՞ւ զարմանալիորեն, քանզի հաշվի առնելով նրա աշխարհափիլիսոփայությունը, տիեզերաընկալումը, տեսնելով նրա ժուժկալ, հավասարակշիռ, զուսպ և բարեպաշտ կենսակերպը, մտքովս էլ չէր անցնում, որ նա կարող էր սիրուհիներ ունենալ, ընդ որում արդեն ամուսնացած լինելով։

Այդ բոլորն, իհարկե, ես իմացա հետո, երբ ընթերցեցի նրա օրագրությունները։ Չնայած պետք է խոստովանեմ, որ նրա վերջին ասեմ, թե նախավերջին սիրուհուն անձամբ տեսել եմ։ Նա ձեռագործի հմուտ վարպետ գեղեցկուհի Վարդ Քոչարյանն էր։ Էլի եմ զարմանում, ինչպես նրա միտքը սավառնելով տիեզերքի անհունության մեջ, խորհրդածելով աշխարհի բաները, հանկարծ գար իջներ մինչև կանացի փեշերը։ Չնայած ինչ եմ ասում,  գուցե կի՞նն էլ մի անիմանալի աշխարհ է։ 

- Ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ որոշ մանրամասներ Լեռ Կամսարի ինտիմ կյանքից։ 

- Ճիշտն ասած, այնքան էլ սրտահաճո թեմա չէ ինձ համար։ Չնայած մյուս գրողների և արվեստագետների սիրային արկածների մասին կարդում եմ գերագուն (գերագույնը էն բառը չէ) հաճույքով և հետաքրքրությամբ, բայց սա կարծես այդ դեպքը չէ։ Պատմել պապիս «արիշ-վերիշները», մանավանդ երբ արդեն տատիս կողակիցն էր, մի ձևի էն չի։ Չեմ սիրում դավաճանության որևէ դրսևորում` թեկուզև Նորին մեծության Սիրո պատճառով։

Թողնելով ետեւում մանկական մի քանի սիրային զեղում, անցնեք առաջին մեծ սիրուն։ Դա Սաթենիկն էր, Գեւորգյան ճեմարանի ուսուցիչներից մեկի բարակիրան, բարձրահասակ, գեղեցկադեմ դուստրը։ Պատանի Արամը սիրում էր Սաթենին խենթանալու չափ, անմնացորդ մեծ նվիրումով։ Բայց չգիտես ինչու բոլորից գաղտնի էր պահում իր նվիրական զգացմունքը։ Իսկ զարմանալին այն էր, որ աջակցելով եւ խրախուսելով շուտով դառնում է Սաթենիկի եւ իր մոտիկ ընկերոջ ամուսնության պատճառը։

«Վշտերիս մեջ ինքս ինձ մոռացած, չորս տարի հետո ո՞ր սատանի ծոցից դուրս թռավ Սաթենիկ անունով մի աղջիկ եւ եկավ մտավ սիրտս։ Դե արի հիմա էլ նրա սիրուց տոչորվիր։ Ուսումս ավարտելուց հետո էլ ես չխնդրեցի այդ երկար աղջկա ձեռքը, որովհետեւ եթե ընդուներ առաջարկս, հանկարծ երջանկությունս այնքան մեծ պիտի լիներ, որ տակին ճխլվեի։ Սրտիս կեսը Էջմիածին թողած Վան գնացի։ Այստեղ էլ ես ամուսնացա ոչ այնպես, ինչպես ճաշարան մտնողը իր ճաշակին համեմատ կերակուր է պատվիրում։ Ոչ, ես նստա սեղանին  եւ ասացի` «պատրաստի» ինչ ունես` բեր։ Որովհետեւ ոչ մի ճաշարանապետ չէր կարողանա իմ ուզած Սաթենիկը պատրաստել։ Իսկ երբ Սաթենիկ չկա` ոչինչ չկա…»,- գրել է Կամսարը: 

- Ինչքան ես հասկացա` արդեն հասանք ռեալ եւ հասուն սիրուն եւ ամուսնությանը։ 

- Մի օր երբ տանը պառկած հանգստանում էր երիտասարդ Արամը, հանկարծ ալարկոտ վեր կացավ և մորը հայտարարեց.

- Բեզարեցի հանգստանալուց, մա՛, գնամ պսակվեմ ու գամ։

- Քա տղա, խենթեցա՞ր,- չհավատաց Համասը։

Բայց խենթ տղան իր ասածն արեց։ Կանչեց իր ամենամոտ ընկերոջը` Վարազդատ Տերոյանին, եւ ճանապարհվեցին դեպի Լուլախյան Միքայելի տունը` Իսկուհու ետեւից։ Իսկուհու հետ ծանոթացել էր Երամյան վարժարանում։ Երկուսն էլ դասավանդում էին այդ մասնավոր դպրոցում։ Այդ աղջիկը դուր էր գալիս Արամին, բայց ավելի նախաձեռնողը Իսկուհին էր, ինչը ես հացկացա նրանց հետագա կռիվների ժամանակ։ Արամն ընտրեց նրան ավելի շատ խղճահարությունից, քանի որ Իսկուհին շատ աղքատ եւ մեծ ընտանիքից էր։ Դե գիտեք, Լեռ Կամսարը միշտ խեղճի եւ անօգնականի կողմն էր բռնում։ Մտածում էր կպարգեւի բարեկեցիկ կյանք, երկհարկանի տուն Խաչփողանի վրա ( դա նույն է, ոնց որ մեր կուրսով երկհարկանի տուն Երեւանի կենտրոնում` Աբովյանի վրա) եւ պատվավոր անուն։ Լեռ Կամսարն արդեն Վանում հայտնի անձնավորությունն էր։

Ի՞նչ իմանար նա, որ կգա ժամանակ, որ  ոչ թե ինքը, այլ այդ հեզաբարո եւ աշխատասեր կինը հետագայում կլինի իր ամենամեծ պատվարը, օգնականը եւ ինչու չէ նաեւ փրկիչը, չգիտեմ սիրուց, թե արդեն խղճահարությունից։ 

- Ինչպիսի՞ն էին նրանց ամուսնական հարաբերությունները։ 

- Սկզբում մի հոգի ու մեկ մարմին` անբաժան եւ սիրով լի։ Կենցաղը բարեկեցիկ, անունները պատվավոր եւ փնտրվելի, կյանքը երջանիկ։ Հետո Վանի հերոսամարտը` էլի առիթ երջանկության, երբ զենքը ձեռքիդ, արժանապատիվ հարված ես հասցնում  թշնամու մռութին։ Հետո գաղթ` էլի մեծ սեր էր պետք այդ բոլորը դիմագրավելու։ Հետո տիֆ գաղթի ճանապարհին։ Էլի տատիս մեծ սերն ու նվիրումը փրկում են պապիս անխուսափելի մահի ճիրաններից։ Երբ Էջմիածնում Լեռ Կամսարին համարում են մեռած եւ գցում են դիակների վրա, կինը ստիպում է իր եղբորը մեռածների միջից դուրս հանել իր ամուսնուն եւ շալակով հասցնել մինչեւ Երեւան, ուր նրան խնամելով փրկում է։ Սերը ինչ հրաշք ասես չի գործի։ 

- Ինչքա՞ն երկար շարունակվեց նրանց փոխադարձ սերն ու նվիրվածությունը։ 

- Տատիս ամենամոտիկ ընկերուհին Կարինեն էր։ Կարինեն ամուսնացած էր, սակայն զավակ չէր ունենում։ Փորձված բոլոր միջոցները ի դերեւ էին դուրս գալիս։ Այդ ժամանակ Իսկուհի տատս խորհուրդ է տալիս Կարինեին «բարձը փոխել»։

Ի՞նչ իմանար խեղճ կինը, որ իր ըկերուհու աչքը հենց իր բարձի վրա է։ Եվ սկսվում է, այսպես ասած, մեծ սերը Լեռ Կամսարի եւ Կարինեի միջեւ։ 

- Ինչպե՞ս էր դիմագրավում Իսկուհին այդ բոլորը։ 

- Հերոսաբար, հայ կնոջ իմաստնությամբ։ Այդ ընթացքում նա արդեն չորս զավակ էր կորցրել։ Երեխաները ծնվում էին եւ մի քանի ամսից մահանում։ Հինգերորդ որդուն խորհուրդ տվեցին Աշոտ կոչել  ի պատիվ Աշոտ Երկաթի, որպեսզի երկաթի պես ամուր լինի եւ ապրի։ Այդպես էլ եղավ։ Հետո հաջորդեցին Նաթանն ու Նորան։

Երեխաներին խնամել եւ ընտանիքը պահել էր պետք։

Բացի Կարինեից, ճակատագրից կարցես թե խռովելու տեղիք չկար։ Փրկվել էին թուրք յաթաղանից, բնավորվել էին Երեւանում, ամուսինը հասցրել էր հայտնի դառնալ նաեւ Արեւելյան Հայաստանում։ Որպեսզի թերթերը անմիջապես սպառվեն լրագրավաճառները բղավում էին` «Խորհրդային Հայաստա՛ն»` Լեռ Կամսա՛ր։

Այդ բոլորը երկար չտեւեց, ամպերը կուտակվում էին նրանց ընտանիքի գլխին։ 1931թ. հոկտեմբերին հայ խորհրդային գրողները երգիծաբանին հայտարարեցին ազգի թշնամի եւ փակեցին նրա դեմ բոլոր դռները։

1935թ. նոյեմբերին Չեկան ձերբակալեց Լեռ Կամսարին։ Իսկուհին` այդ հերոսական կինը, ինչպե՞ս կարողացավ ամուսնու ձեռագրերի մեծ մասը թաքցնել խուզարկուներից եւ հետո հորել տան մառանում, ոչ մեկին հայտնի չէ։ Ամեն անգամ հորը նորից բացում էր եւ տեղավորում էր արդեն երեւանյան բանտում գրվածները։

Մի քանի ամսից, երբ Լեռ Կամսարին հանում են բանտից Վորկուտա փոխադրելու համար, նա տեսնում է բանտի պատերի տակ  ծվարած իր վշտահար կնոջը եւ երեք սիրասուն ձագուկներին։ Մոտենալը արգելված էր, բայց նա վազելով մոտենում է նրանց եւ սկսում ագահաբար համբուրել։ Եվ չնայած նրան սպասում էր ցրտաշունչ Սիբիրի սառնամանիքը, նա իր վրայի վերարկուն հանում է եւ մեկնում Իսկուհուն.

- Կվաճառես, երեխաներին հաց կառնես։

Դե հետո արդեն բանտ, քսանամյա աքսոր, տառապանք, վիշտ եւ տանջանք։ 

-Ի՞նչ եղավ աքսորից հետո։ 

- Աքսորից հետո ամեն ինչ արդեն աչքիս առաջ էր։ Հուսախաբություն, հուսահատություն, մղձավանջ։ Իսկուհին այլեւս չէր դիմանում, նյարդերը տեղի էին տալիս, անընդհատ պատերազմ էր տանը։ Եթե առաջ հպարտանում էր, որ գրողի կին է, հիմա այլեւս հասկացել էր, որ իր դժբախտության պատճառը իր ամուսնու գրիչն է։

- Քա մարդ, հերիք չեղավ հակառակվես իշխանություններին, մի քիչ էլ իրենց խաթրով գնա, գրիր ինչ որ իրենք են ուզում, չէ որ ապրել է պետք։ Չես կարող դա անել, ուրեմն թքիր միայն չարիք բերող այդ գրչի վրա եւ մի ուրիշ աշխատանքով ընտանիքիդ օգտակար եղիր։ Ինչքան պետք է այսքան թշվառ մնանք։ Երբ Լեռ Կամսար Արամ պապս ձգվում  էր դեպի գրասեղանը, նրա ետեւից նետում էր.

- Թամբալ տերտերն էլի գնաց դեպի իր բուրվառը։

Բայց դա բոլորովին չէր խանգարում, որ պապիս բացակայության ժամանակ գցվեր դեպի նրա կողպած գզրոցները։ Մեզ` թոռներիս, պահակ էր կանգնեցնում, որ իմաց անեք պապիս վերադարձը, ինքը հատուկ գործիքով բացում էր փականը եւ սկսում էր կարդալ։ Կարդում ու ծիծաղում էր, կարդում ու հռհռում։ Այնքան էր ծիծաղում, որ ստիպված էր լինում գոգնոցի փեշերով անընդհատ չորացնել զվարճության արցունքները։ Իսկ երբ պապիս գալը  ավետում էինք` չէր կարողանորմ կտրվել կարդացածից, ինչքան էլ թեւքը քաշում էինք` թե տատ, պապը եկավ` հեչ վեջը չէր լինում։ Մինչեւ որ պապս գալիս եւ բռնեցնում էր նրան.

- Ա~յ կին, էլի քիթդ խոթեցիր գզրոցներիս մեջ։ Ի՞նչ կողպեք կախեմ, որ քեզանից ազատվեմ։

- Քա՛ մարդ, ինչ էլա՞վ քեզ։ Մեկ է քեզ չեն տպում, ընթերցող չունես։ Հանձինս ինձ` գեթ մեկ ընթերցող կունենաս,- սրամտում էր տատս։

Պապիս կյանքը անտանելի էր դարձել։ Դրսի բոլշեւիզմն իբր քիչ էր` տանն էլ ուներ իր սեփական բռնակալը։ Նրա հանապազօրյա աղոթքն էր.

- Տեր Աստված, շատ չէ, ընդամենը երեք տարի ավել ապրեմ կնոջիցս, որ իմանամ, թե ինչ է ընտանեկան ազատությունը։

1962թ.- ին մահացավ Իսկուհի տատս, իսկ երեք տարի հետո նաեւ Արամ պապս։ Իսկուհու մահից դեռ շատ չէր անցել, երբ ականատես եղա հետեւյալ տխուր պատկերին։ Լեռ Կամսարը կարծելով, թե տանը մենակ է բարձրաձայն ողբում էր իր կնոջ մահը։ Վշտալլուկ բռնել  էր գլուխը ափերով եւ երեխայի պես լաց էր լինում։ Այո հեկեկում էր։ Հեկեկում էր իր ամենաիսկական եւ անփոխարինելի Մեծ Սիրո` Իսկուհու, համար, իր կորսված հայրենիքի համար եւ իր անվերադարձ տանուլ տված կյանքի համար…

 Կյանք, որն ամբողջովին եւ անմնացորդ թաղեց հնամաշ գզրոցներում… 

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx 

Լեռ Կամսար    

Կինը կրակ է։ Քանի չես ամուսնացել, մրսում ես, ամուսնանալուց հետո էլ այրվում ես։ Մարդը, որ մինչեւ օրս կանգուն է մնացել, այդ նրանից է, որ կինը նահապետական զենքով է կռվում մարդու դեմ. երբ ատոմային զենք ձեռք ձգի՝

Մնաս բարով մարդկություն... 

Ամուսնությունը ներկայումս շատ, շատ է հեշտացել։ Առաջները մարդ ու կին միանում էին մեխերով. հիմա՝ պետլի է, երբ ուզենան կանջատվեն։

Առաջները կինը, լինելով անաշխատ, մեծ ծանրություն էր մարդու ուսին։ Հիմա կին կա, որ մարդուց ավելի է փող ստանում եւ այնքան թեթեւ է, որ հաճախ մարդը, տարիներով գնալով, նոր, հանկարծ է իմանում, որ իր ուսերին... կին չկա։ 

Ես, որ փիլիսափա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։  Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։ Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։ Ինձ կին է հարկավոր։

 Կռիվն իր տեղը, բայց ես ու կինս արդեն ծերացել ենք եւ շատ հաճախ նստում ենք ու իրար հետ այսպիսի զրույցներ ունենում։

-Կնիկ,-ասում եմ,- վաղ մյուս օր կմեռնենք ու թաղման ծախս չունենք։

-Դու գրող մարդ ես, քեզ պետությունը իր ծախսովը փառավոր կթաղի։

-Եթե իմանամ, որ պետությունը ինձ պիտի թաղի, այն էլ փառավոր, ես այլեւս չեմ մեռնի։ Մեր եղած չեղածը հավաքենք, դու մեռիր, մինչեւ տեսնեմ ես ի՞նչ պիտի անեմ։

-Ինչո՞ւ, քա։

-Ա՜յ կնիկ, գիժ խոմ չե՞ս։ Ես իմ ողջ կյանքում աշխատել եմ այնպիսի դիրք բռնել, որ կառավարությունը իմ անունը չտա, հիմա թույլ տամ, որ մեռնելուցս հետո ինձ մեծարի՞։

Ի՞նչ կասի ժողովուրդն իմ մասին։ Չի՞ ասի՝ այս մարդը իր կենդանությանը

պայքարեց կոմունիզմի դեմ, մեռնելուց հետո զիջեց եւ ընդունեց նրա մեծարանքը։

-Մեռնելուց հետո ինչ կուզեն ասեն։ Մահվանիցդ հետո դու կարող ես մինչեւ անգամ մտնել կոմունիստսկան կուսակցության շարքը։

-Ա՛յ կնիկ, հերիք է հիմար բան խոսես. մեռնողը գերեզմանը թողած նրանց

շա՞րքը կմտնի...

Երբ բռնությունը դռնով ներս մտնի, սերը պատուհանից դուրս կփախչի։ 

Կնոջս մասին հաստատ տեղեկություն ունեմ, որ նա ինտիմ կապ ունի մեր հարեւան Գրիգորի հետ։ Բոլոր հարմարությունն ունեմ այս գիշեր կնոջս հետ   «Օթելլո» խաղալու, բայց չեմ խաղալու։ Նախ այն պատճառով, որ մեջս ուժ չի մնացել այդ ծանրամարմին կնոջը վերցնել եւ օդի մեջ ֆռռացնել, երկրորդն էլ` ես բարոյականության մասին այլ կարծիքի եմ։

Ես հետեւում եմ բնական բարոյականությանը եւ բնավ հանցանք չեմ համարում նրա գործը։ Իմ կարծիքով իմ տարիքի մարդիկ պետք է ազատություն տան իրենց կանանց։

Բոլոր այգետերերն իրենց այգիները կթելուց հետո, ուշ աշնանը, այգու դռները բաց թողած քաշվում են տները եւ ազատ իրավունք են վերապահում ճռաքաղ անողներին։

Ճռաքաղը սովորութական իրավունքով սրբագործված օրենք է։ Ինչո՞ւ արգելել այն մարդկանց, որոնք կամենում են հարեւանի այգու պտուղը համտես անել։

Կինն այս տարիքում ուժասպառ ձի է այլեւս, որի սանձերը քաշելն ավելորդ է. նա հեռուներ չի գնա... 

Մեզանում սովորություն է դարձել կին առնելը ձմերուկ առնելու նմանեցնել։

Ճիշտ է որոշ նմանություններ կան, բայց տարբերությունն ավելի մեծ է։

Ձմերուկ առնելիս կարող ես կտրել տալ նոր վերցնել. իսկ կնոջը չես կարող կտրելով առնել. պիտի ամբողջ վիճակում տուն բերես` հետո կտրես։ Քո բախտը. կարող է կարմիր դուրս գալ, կարող է «դդում»։ Երբ ձմերուկը «դդում» է դուրս գալիս` կարող ես ածել անասունների մսուրը ու հանգստանալ, իսկ «դդում» կինը մինչեւ կյանքիդ վերջը պիտի ուտես, չիմանալով ինչ բան է ձմերուկը։

Ամուսնությունը վիճակախաղ անգամ չէ. վիճակախաղի ամենամեծ դժբախտությունը այն է` որ քաշածդ տոմսը կարող է փուչ դուրս գալ, իսկ ամուսնական վիճակախաղում փուչ տոմս գոյություն չունի. նրա բոլոր տոմսերն էլ շահում են կամ երջանկություն, կամ դժբախտություն։ 

Իմ կինը երբ առողջ է, իր ողջ էներգիան գործածում է ինձ վրա գոռալու, վրաս բարկանալու, գլխիս փոթորիկ հանելու, ճիչ ու աղաղակ բարձրացնելու, հայհոյելու ու անիծելու վրա։

Մի չտեսնված անքամի փոթորիկ, մի ամուսնական թայֆուն իր բոլոր հետեւանքներով։

Ես որպես մարդ` ամեն օր սխալվում եմ։ Օր է պատահում մինչեւ իսկ, որ երկու անգամ եմ սխալվում, իսկ կինս իր ողջ ամուսնական կյանքում մի անգամ իսկ չի սխալվել ու չգիտի ի՞նչ բան է սխալվելը։

Երբ մեկը այս ամբողջովին սխալ ստեղծված աշխարհում չի իմանում ինչ բան է սխալը` ի՞նչ կարոսղ ես անել, պետք է նրա գործած բոլոր հանցանքները վրադ բառնաս ու քաշես։

Բայց այս զարհուրելի կինը, երբ հիվանդանում է, քառասուն աստիճան տաքության մեջ մի տեսեք ինչպես մեղմանում է, քնքշանում ու հեզանում։ Հայացքը մեղմ ու շոյիչ, խոսում է շշուկով, ինչպես մտերիմներն են խոսում, անգամ ժպտում է երեսիս...

Ա՜խ, ինչ մեծ երջանկություն է եղել հիվանդ կին ունենալը։

Այս ամուսնությունը այսպես էլ թող գնա, բայց ես հաստատ վճռել եմ, երկրորդ անգամ ամուսնանալիս անպատճառ մի մահամերձ կին առնել։

Սա երկու առավելություն կարող է ունենալ. մեկը այն, որ քնքույշ կվերաբերվի հետդ, երկրորդ էլ, երբ մեռավ` միանգամից կազատվես կնոջ խեր ու շառից...

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx      

Ամուսնության մասին հետեւյալ կարծիքն ունեմ. եթե հատուկ քեզ համար մի ծնողի պատվեր չես տալիս կին ծնելու` նախապես ծնված պատրաստի կինը երբեք վրադ չի նստելու։ 

Ես կարծում եմ, որ բոլորովին կարիք չկա, որ մարդ անպայման աշխարհայացք ունենա։ Եթե այդ անհրաժեշտ լիներ` Աստված, այն ժամանակ, երբ Ադամի կողքի ոսկրից կին էր դուրս հանում նրա համար, մյուս կողմից էլ մի աշխարհայացք կհաներ Ադամին` դավանելու համար։ 

Երբեք, ոչ մի դարում կինն այսպես ստրուկ չի եղել, ինչպես հիմա։ Կինը մարդու հետ հավասար քար է քաշում դրսում, երեկոյան տուն դառնալիս, երբ մարդը պառկում է հանգստանալու, կինը սկսում է իր երկրորդ հերթի աշխատանքը, մաքրում, կարգի է  բերում տունը, կերակուր է պատրաստում, լվաց, թափ եւ այլն, եւ այլն անվերջ աշխատանքներ` մինչեւ քնելու ժամանակը։

Պառկելիս, դեռ իր ջարդված մարմինը չհանգստացած` մեկ էլ մարդը այն կողմից ձայնեց.

-Արյուսա՛կ կամ Աստղի՛կ, եկ քեզ սիրեմ…

-Սեւ՜ գա էն սիրո վրա։ Մեր կնոջը ոչ թե պիտի սիրել, այլ կարեկցել,խղճալ, ափսոսալ։

Ես լաց եմ լինում։ Ո՞վ է տեսել կովը եզի հետ լծել, հետո էլ թամբել, հետո էլ կթել, վերջն էլ սիրել։  Էլ չեմ խոսում այն ծառայող կանանց մասին, որոնք լլկվում են պաշտոնով իրենցից բարձր բոլոր աստիճանավորների կողմից։ 

Մի օրիորդի իմ ճանաչում, 45 տարեկան է արդեն ու չի ամուսնացել։

Իմ հարցին, թե ինչո՞ւ չի ամուսնանում` պատասխանեց.

-Միշտ ավելի լավին սպասելով, ձեռքս խնդրողներին մերժեցի, հիմա էլ ուշ է արդեն։

-Հապա ինչպե՞ս պիտի ապրես մեն-մենակ։

- Կոմունիստ կդառնամ, կապրեմ։

-Կոմունիզմից ավելի ես ուշացել,- ասացի,- կոմունիստ պիտի դառնալ ավելի վաղ, մանկական հասակում, երբ աշխարհ ճանաչեցիր, այլեւս հնարավոր չէ։

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Կինս, տարիների ընթացքում կոպեկ-կոպեկ խնայողություն անելով, իր համար մի հազար ռուբլի թաղման ծախս է պատրաստել։ Երբ իմացավ ամենաէժանագին թաղման համար առնվազն երկու հազար է հարկավոր, դարձավ ինձ եւ հարցնում է.

-   Մա՛րդ, հապա ինչ անե՞մ։

-   Ի՞նչ պիտի անես, կիսով չափ պիտի մեռնես,- պատասխանեցի ես ու ավելացրի.- Ես ինձ առաջուց թաղման ծախս չեմ պատրաստի։ Մեռնելիս քանի ռուբլի ունեցա, թաղման բյուրո կերթամ ու կասեմ. «Առե՛ք, այսքան ռուբլու ինձ թաղեք, ավելին չունեմ»։ 

Երբ Թուրքիայում  երիտասարդ թուրքերը Սուլթանին գահընկեց անելով Եգիպտոս էին աքսորում, պահանջեց իր հետ աքսորել նաեւ իր հարեմի վեց հարյուր կանանց։ Եվ մինչեւ չառավ` չգնաց։

Սուլթանը, որ տարիքն առած մեկը լինելով վեց հարյուր կին պահանջեց, ձեզ եմ հարցնում, ինչքա՞ն ժողովուրդ պիտի պահանջեն կոմունիստները, որոնք նոր այս տարի ոտք դրին քառասունի մեջ։

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Ա՜յ սուլթան. քո թամահի տունը շեն կենա, քո դարավոր գահն եմ շուռ տալիս գլխիդ` դու դեռ կնկա մասին ես մտածում։

Ի՜նչ հավես…

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx

Աշխարհի բոլոր թագավորներից սուլթան Համիդին եմ նախանձում, որովհետեւ վեց հարյուր կին ուներ։

Բայց դեմ եմ հարեմական սիստեմին, հարեմը սիրո դամբարանն է։ Որովհետեւ այդ զահրումար զգացմունքը բացառապես փոխադարձություն է պահանջում։

Սուլթան Համիդը սիրուց համ առնելու համար պետք է ոչ թե բոլոր կանանց հավաքեր հարեմ լցներ, այնպես` ինչպես բոլշեւիկնեը գյուղացուց հավաքեցին կոլխոզ լցրին, այլ բաց թողներ իր կանանց, իրենց «հողը» իրենց հանձներ եւ ասեր` գնացեք ձեզ համար ազատ մշակեք ձեր կալվածքը` միայն ինձ տասնորդ տվեք։

Բոլշեւիկները համարյա կիրառում են սույն մեթոդը, միայն մի փոքր տարբեր ձեւով։ Նրանք տները մտնելով` բոլոր կանաց հիմնարկները լցրին` հայտարարելով նրանց ամուսիններին.

- Գիշերը ձեզ` ցերեկը մեզ…

Այսինքն` հավասարություն, եղբայրություն… 

Ստալինի ողջ ժամանակը, ամբողջ քսան--երեսուն տարի, գիշեր ու ցերեկ ես մտածում էի այն մասին, թե եթե Ստալինին բռնեն ու իմ ձեռքը հանձնեն` ես նրան ի՞նչ պատժով պատժեմ։

Այդքան մեծ ոճրագործի համար աշխարհի ոչ մի օրենսգրքում պատիժ չի նախատեսված։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդի ջերմաչափ շինողները չնախատեսելով, որ հիվանդը կարող է քառասուներեք աստիճան տաքություն ունենալ` ջերմաչափը քառասուներկու աստիճանից են կառուցել մինչեւ այսօր։

Հա։ Ուրեմն ես ամբողջ երեսուն տարի Ստալինին պատիժ որոնեցի ու չգտա, իսկ այսօր, որ գտել եմ այդ պատիժը, ցավոք սրտի Ստալինն արդեն մեռել է։

Գիտե՞ք ինչ պատիժ է գտածս։ Ասեմ։

Եթե այս րոպեիս Ստալինին կենդանի իմ ձեռքը տային, ես առանց մազաչա՜փ խղճահարվելու… կամուսնացնեի նրան կնոջս հետ։

Լուսանկարում` Լեռ Կամսարը և Իսկուհի Լուլախյանը

Մեկնաբանություններ (1)

John
Լեռ Կամսարն,իմ կարծիքով,Պարոնյանից և Օտյանից հետո հայ մեծագույն երգիծաբաններից մեկն է,ավելի ճիշտ՝ուրիշը,թերևս չունենք էլ... Էս մնացածները կենցաղային էժան կատակների հեղինակներ են... Իսկ իր կոչումը... Ամեն մարդ իր կոչումն ունի այս կյանքում՝նույնիսկ հանցագործներն ու չարագործները... Պողոս Առաքյալը շատ դիպուկ բնորոշում է այս,Կորնթացիներին գրած Առաջին նամակի ԺԲ (12) գլխում: Ամեն մեկս մեր անելիքն ունենք այս աշխարհի վրա՝տրված մեզ ի վերուստ: Սա համակերպում չէ,սա հնազանդում է, նաև գոհության դրսևորում մեզ տրվածի համար, ու նաև ձգտում այդ տրվածն առավելագույնս կատարելու: Եվ այն ժամանակ կգա ՎԱՐՁՔԸ՝վաղ թե ուշ,այս աշխարհում կամ մյուս,նյութական,բարոյական կամ հոգևոր,սակայն այդ ՎԱՐՁՔԸ ԿԳԱ... Մենք ՄԱՐԴ ԵՆՔ ու ՄԻՇՏ անհամբեր: Անհամբեր էինք սկսած...դրախտից... Չսպասեցինք,որ մեզ ՏՐՎԵՐ արգելված պտուղը,անհամբեր ու փիս բկլիկ երեխայի պես ԳՈՂԱՑԱՆՔ ու կերանք... Ավետարանի խոսքն է«Ով համբերեսցէ՝իսպառ կեցցէ»: Լեռ Կամսարն ունեցավ այդ համբերությունը և կատարեց Իր Անելիքը: Վարձքը եկավ:Եկավ հիմա:Մեր գնահատանքներով: Յոհան Սեբաստիան Բախն, իմ կարծիքով(և ոչ միայն իմ),բոլոր ժամանակների ու մշակույթների ամենամեծ կոմպոզիտորն է,սակայն իր վարձքը եկավ իր մահից 200 տարի հետո միայն:Տղան՝Յոհան Քրիստիանն ապրեց հարստության,փառքի ու վայելքի մեջ,ի տարբերություն իր հոր,որ կյանքն անցկացրեց սուրճով ու կարտոֆիլով: Սակայն ո՞վ է հիշում հիմա Բախ- որդուն...Միայն մասնագետները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter