HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Չէի ցանկանա լինել այնտեղ, որտեղ արվեստ չկա. Տատյանա Արնտգոլց

Օրերս Հայաստան էր ժամանել ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Տատյանա Արնտգոլցը: Այստեղ նա ներկայացնում էր «Երկուսը ճոճանակի վրա» ներկայացումը: Սա նրա առաջին այցն էր Հայաստան, ինչի համար, իր խոսքերով` շատ ուրախ է:

Տատյանան և նրա երկվորյակ քույրը` Օլգան, ՌԴ վաստակավոր դերասան Ալբերտ Արնտգոլցի և դերասանուհի Վալենտինա Գալիչի դուստրերն են: Երկու քույրերն էլ շարունակում են ծնողների ուղին: Կինոյում Տատյանան ունեցել է ավելի քան 40 դեր, սակայն իր խոսքերով` ցավոք, փորձառությունը թատրոնում շատ ավելի քիչ է:

Երբ նրան հարցնում են, թե որն է նրա համար ավելի կարևոր` թատրոնը, թե կինոն, նա միշտ դժվարանում է պատասխանել: Նրա խոսքերով` դա գրեթե նույնն է, ինչ երեխային հարցնես, թե ում ես ավելի շատ սիրում` մայրիկին, թե հայրիկին: Տատյանայի համար թատրոնն ու կինոն շատ տարբեր են, և ինքը երբեք չի կարողացել որոշել, թե որտեղ ավելի շատ կցանկանար լինել: Բայց հենց թատրոնն է, ըստ նրա, որ կարող է օգնել իրեն կայանալ որպես դերասանուհի:  

«Ես շատ եմ սիրում բեմը, այդ կենդանի փոխազդեցությունը հանդիսատեսի հետ: Միայն թատրոնը, բեմն է դերասանին սովորեցնում և տալիս հնարավորություն ձեռք բերել մասնագիտական աճ»,- ասում է դերասանուհին:

Այնքան շատ դերեր կան, որ դեռ կցանակնար խաղալ` թե արտասահմանյան, թե ռուսական: Տատյանայի խոսքերով` ինքը կարիք ունի, որ թատրոնը շատ լինի իր կյանքում, և իրականում հաճախ է կարոտում թատրոնն ու իր դերերը: Իսկ կինոն ու սերիալները աշխատանքի առումով Տատյանան չի առանձնացնում:

«Ես նույն ձևի անկեղծ աշխատում եմ ցանկացած ձևաչափում: Չգիտեմ` ինչպես կարելի է առանձնացնել կինոն կամ սերիալը. մասնագիտական մոտեցում կամ կա ամեն տեղ, կամ ոչ մի տեղ չկա»,- համոզված է Տ. Արնտգոլցը:

«Հետքի» այն հարցին, թե ինչպես է նա որոշում` ընդունել առաջարկված դերը, թե հրաժարվել, դերասանուհին պատասխանում է, որ դրա համար ունի շատ պարզ, բայց իր կարծիքով` ամենահեշտ մեթոդը:

«Սցենարը ընտրում եմ շատ հեշտ: Եթե դա ինձ համար հետաքրքիր է կարդալ, ապա մտածում եմ, որ այն կարող է հետաքրքիր լինել նաև հանդիսատեսի համար: Եթե սցենարը հետաքրքիր չէ, ապա չեմ էլ փորձի իմանալ, թե ով է այն բեմադրում»,- ասում է նա:

Միաժամանակ նա խուսափում է հեռուստատեսային այնպիսի նախագծերից, որոնք կարող են տևել օրինակ` մինչև 200 սերիա, որովհետև «նախ և առաջ համբերությունը չի բավարարի»: Սակայն նա երբեք չի բացառում որևէ իրավիճակ:

«Չնայած չէի ցանկանա մասնակցություն ունենալ այնտեղ, որտեղ ինձ համար հետաքրքիր չէ, որտեղ չկա արվեստ, որից ես չեմ կարող հաճույք ստանալ»,- ասում է Տատյանան:

«Հետքի» այն հարցին, թե արդյոք այժմ կա համատեղ նախագիծ Օլգայի հետ, Տատյանան պատասխանեց, որ նման նախագծեր սովորաբար շատ քիչ են լինում, որովհետև երկվորյակների մասին թեմաները քիչ են և պակաս հետաքրքիր:

2009 թ. Օլգան և Տատյանան միասին նկարահանվել են «Лапушки» սերիալում: Տատյանայի խոսքերով` իրենք պարզապես հաճույք էինք ստանում այդ աշխատանքից, որովհետև դա նախ և առաջ հնարավորություն էր ամեն օր հանդիպել և շփվել կինոհրապարակում: Խնդիրն այն է, որ հագեցած օրակարգի և զբաղվածության պատճառով քույերերը հանդիպում են ոչ այնքան հաճախ, որքան կցանկանային: Իսկ համատեղ աշխատանքը նման հնարավորություն է տալիս:

«Մեր բոլոր հաջողություները միասին կիսում ենք: Ինչ կատարվում է ինձ հետ, կատարվում է նրա հետ: Մենք իրարից անբաժան ենք մանկուց և հիմա էլ այդպես է: Մեզ մոտ մրցակցություն չկա: Այն չի կարող լինել երկու սիրող քույրերի միջև, որոնք չեն կարողանում առանց միմյանց»,- ասում է Տատյանան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter