«Ով իր տանը վագր է, նա սովորաբար դրսում ոչխար է լինում»
«Արդյո՞ք Հայաստանում հեշտ է լինել կին, թե՞ տղամարդ»: Հանդիսատեսին ուղղված այս հարցով սկսվեց «Ծիածանի գործով» ինտերակտիվ ներկայացումը:
Ըստ «հարուցված գործի»` ամբաստանյալ Արուսիկ Լոլոյանը մեղադրվում է ծիածանի գողության մեջ: Արգածոտնի մարզի Ծաղկանց գյուղի բնակչուհին որոշել է փոխել իր կյանքը. տնային պայմաններում օգտագործելով ծիածանը, նա ցանկանում է փոխել իր սեռը, դառնալ տղամարդ, որպեսզի ինքն էլ կարողանա վայելել կյանքը: Տիկին Լոլոյանը պատմում է, որ անգամ ծնվելուց առաջ ծնողները տխուր էին, որ երեխան աղջիկ է լինելու: Այնուհետև, արգելելով նրան դառնալ պարուհի, 18 տարեկանում պարտադրաբար ամուսնացրել են իր ներկայիս ամուսնու` Թորգոմի հետ:
Տնային տնտեսուհի և 3 երեխաների մայր Արուսիկը բողոքում է, որ ինքը ծնված օրից բռնության է ենթարկվում իր սեռի պատճառով: Նա կարծում է, որ գուցե իր կյանքը շատ ավելի լավը լիներ, եթե նա կին չլիներ և զրկված չլիներ այն արտոնություններից, որոնք այսօր ունեն տղամարդիկ:
Հումորային ոճով ներկայացված այս ներկայացման ընթացքում հանդես է գալիս դատախազը, ով նշում է, որ ծիածանը հանրային սեփականություն է, իսկ իր խնդիրները կինը կարող էր լուծել այլ ճանապարհով, դատապաշտպանը, ով փորձում է ապացուցել, որ կինն իրականում զրկված է բազում իրավունքներից, գործազուրկ և խմող ամուսինը` Թորոգոմը, ամեն ինչում մեղադրում է կնոջը: Սակայն վերջում հանդես է գալիս նաև պարոն Թիթիզյանը, ով, պարզվում է՝ արդեն գնել և սեփականաշնորհել է հանրային սեփականություն համարվող ծիածանը և պահանջում է վնասի փոխհատուցում: «Սա էլ գնեցին» արձագանքում է դատավորը, նա պետք է որոշումը կայացնի:
Նախքան դահլիճ մտնելը, հանդիսատեսներից յուրաքանչյուրին տրվել էր գրություն, որտեղ նշված էր, թե իրենք այս գործով ինչ «վկաներ են»: Օրինակ` Արուսիկի մորաքույր, գյուղի թամադա, «Միսս Ծաղկանց 2012» և այլն: Ներկաներից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ բարձրանալ բեմ և հայտնել իր անձնական կարծիքը գործի վերաբերյալ:
Հետաքրքրական էր, որ չնայած կային կանայք, որոնք մեղադրում էին ամուսնուն կնոջը բռնության ենթարկելու համար, սակայն քիչ չէին նաև այն կանայք, ովքեր նշում էին, որ առաջին հերթին կնոջից է կախված, թե տղամարդն իրենց ինչպես կպահի: Նման դեպքերում դահլիճից բողոքի կանանց ձայներ էին լսվում, որոնք ասում էին, թե նույն ձևով տղամարդու պահվածքից է կախված կնոջ վերաբերմունքը: Իսկ կինը հաճախ ոչ միայն ֆիզիկական բռնության է ենթարկվում, այլև հոգեբանական:
Չնայած տղամարդիկ ավելի քիչ էին ելույթ ունենում, սակայն կարծիք արտահայտողներն էլ նշում էին, որ չեն մեղադրում կնոջը, նշում էին, որ նա պետք է բաժանվի նման ամուսնուց, ինչպես նաև դիմի համապատասխան մարմիններին: Տղամարդկանցից մեկն անգամ իր ելույթը սկսեց Հիպելի խոսքերով. «Ով իր տանը վագր է, նա սովորաբար դրսում ոչխար է լինում»:
Ներկայացմում-քննարկումը նպատակ ուներ բարձրաձայնել կնոջ ոտնահարված իրավունքների մասին և պարզել, թե ինչ կարող է անել կինը, երբ նա բռնության է ենթարկվում: Առավել ևս, եթե նա գյուղում է ապրում, որտեղ հասարակական կարծիքը մեծ նշանակություն ունի անձնական որոշումների կայացման ժամանակ և որտեղ միշտ չէ, որ կան կենտրոններ, որոնց օգնությանը կարող է դիմել կինը:
Ներկայացման վերջում դատարանը վճռեց «չխառնվել այս գործին»:
«Դատավարությանը որպես վկա» կարելի է մասնակցել նաև մարտի 10-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում՝ ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:
Լուսանկարը` Լուսինե Սարգսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել