
Հայտնվել է Խոսրովի արգելոցի տնօրենի հարմար թեկնածու, սակայն...
Ռուսաստանահայ բուսաբան Ալբերտ Դումիկյանը ՀՀ անձնագիր չունենալու պատճառով հնարավոր է չկարողանա ստանձնել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնը, անգամ այն դեպքում, երբ հաղթի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում:
Բնապահպան ակտիվիստները պահանջում են, որ Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի մասնակից թեկնածուների մասին ինֆորմացիան դառնա հրապարակային կամ գոնե տեղադրվի բնապահպանության նախարարության կայքէջում:
Բնապահպաններ Եղիա Ներսիսյանի, Մարիամ Սուխուդյանի և աշխարհագրագետ Լևոն Գալստյանի խոսքով՝ իրենք մեկ շաբաթ առաջ են այդ պահանջով դիմել նախարարությանը, սակայն թեկնածուների մասին հրապարակային ինֆորմացիա դեռ ոչ մի տեղ չկա:
«Անցած անգամ 3-4 թեկնածուի կենսագրականները տեղադրված էին իրենց կայքում, այս անգամ կա 11 թեկնածու, բայց ինֆորմացիա չկա նրանց մասին»,- նշում է Եղիա Ներսիսյանը:
Բնապահպանների ունեցած տեղեկությունների համաձայն՝ Խոսրովի տնօրենի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ոլորտի փորձառու մի մասնագետ, ով շուրջ 20 տարի աշխատել է ՌԴ-ի «Բուրեինյան» («Буреинский») արգելոցում՝ սկզբում որպես փոխտնօրեն, հետագայում որպես տնօրեն, 80 գիտական հոդվածների և 2 գրքի հեղինակ է, այժմ ցանկանում է իր փորձով օգտակար լինել հայրենիքին: Այդ մարդը Ալբերտ Դումիկյանն է, ով արդեն 6 ամիս է փորձում է ՀՀ քաղաքացիություն ստանալ:
Օրենքով արգելված չէ արգելոցի տնօրենի մրցույթին մասնակցել օտարերկրյա քաղաքացիություն ունեցողներին, սակայն, ըստ բնապահպանների, այդ հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ այն դեպքում, երբ Ալբերտ Դումիկյանը հանկարծ հաղթի մրցույթում, քանիր որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ գործադիր մարմնի ղեկավար կարող է լինել գործունակ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իսկ Դումիկյանը, ինչպես նշեցինք, ՀՀ քաղաքացի չէ:
Բնապահպանների դիտարկմամբ՝ բնապահպանության նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի արգելոցի տնօրեն ընտրվի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը:
Մեկնաբանել