
Հայաստանի հավաքականը 84-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը շարունակել է նահանջ ապրել: Եթե հունվարին մեր թիմը 75-րդն էր, ապա՝ 80-րդը, հիմա տեղափոխվել է 84-րդ հորիզոնական եւ ունի 431 միավոր նախկին 462-ի փոխարեն:
Համաշխարհային ցուցակի առաջատարը արդեն տեւական ժամանակ իսպանացիներն են, նրանց հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Հորվաթիան, Ռուսաստանը: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները իրենց համար անսովոր՝ 18-րդ տեղում են:
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներից Իտալիան տեղաշարժ չի ունեցել, ապենինցիները 5-րդն են աշխարհում: 3 տեղով նահանջ են ապրել դանիացիները եւ հիմա 25-րդն են, իսկ չեխերը մեկ տեղով իջել են 27-րդ հորիզոնական: Բուլղարները 2 տեղով առաջադիմել են ու հիմա 46-րդն են աշխարհում, նույնքան առաջխաղացում է ունեցել Մալթան, որը 147-րդն է:
Նախկին ԽՍՀՄ երկրներից, ինչպես երեւաց, լավագույնը ռուսներն են, որոնք եզրափակում են առաջատար 10-յակը: Ուկրաինան 48-րդն է, Ուզբեկստանը՝ 59-րդը, Բելառուսը 62-րդն է, իսկ Վրաստանը՝ 69-րդը: Մյուս երկրները զիջում են Հայաստանին:
Տարածաշրջանում մեր հարեւաններից լավագույնը թուրքերն են (45), ապա՝ իրանցիները (57): Վատագույնը ցուցանիշն ունի Ադրբեջանը (116):
Նշենք, որ արդեն հայտնի է դարձել, թե ով է դատելու մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Չեխիա մրցավեճը: Խաղը կվարի ռումինական մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարն է Պավել Բալան, նրան կօգնեն Կրիստիան Նիկան եւ Սեբաստիան Գեորգեն: Չորրորդ մրցավարն է Ալեքսանդրու Տուդորը:
Խաղի տոմսերը վաճառքի մեջ են մարտի 8-ից, դրանք կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արեւելյան տրիբունա` 5000 դրամ
- արեւմտյան տրիբունա` 8000 դրամ
Լուս.՝ footballcity.am-ի
Մեկնաբանել