
Բողոքի ակցիա. Գառնու կամուրջը վերականգնման փոխարեն վերակառուցվել է
Այսօր Մշակույթի նախարարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ երիտասարդներ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում Գառնու 11-13 դդ. հայտնի պատմական կամրջի վերջերս կատարված վերակառուցումից:
Հիշեցնենք, որ ազատ գետի վրա գտնվող Գառնու կամրջի վերականգնողական աշխատանքների համար ԱՄՆ դեսպանատունը 2011 թ. մշակութային արժեքների պահպանման ծրագրի շրջանակներում տրամադրել էր շուրջ 110 հազար դոլար, բացի այդ՝ 2006 և 2010 թթ. պետբյուջեից կամրջի վերականգնման համար տրամադրվել էր համապատասխանաբար 1 մլն. և 6 մլն. 280 հզ. դրամ:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ ստորագրում էր հուշագրի տակ, այդ պահին ասել էր, որ ինքն իր աչքով չի տեսել կամուրջը` այն կամուրջը, որի վերականգնման համար իրենց երկրի կողմից տրվում է այդ չափի դրամաշնորհ:
Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են այս տարվա հունվարին: Կամրջի վերականգման աշխատանքների կատարման համար անցկացրած մրցույթում հաղթել էր «Տիգրան Ավիկ» ՍՊԸ-ն, որը մինչ այդ չուներ պատմամշակութային արժեքների վերականգնման փորձ: Ինչպես նշում է այդ շինարարական ընկերության ներկայացուցիչը, մրցույթի ժամանակ դրա անհրաժեշտությունը չի եղել: Իրենք այդ մրցույթը շահել են, քանի որ ներկայացրել են ամենացածր գինը` մոտ 33 միլիոն 400 հազար դրամ:
Ակցիայի ժամանակ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ 3 անգամ վերանայվել է կամրջի վերականգնման ծրագիրը, և գիտամեթոդաբանական խորհուրդը նպատակահարմար է գտել կամուրջը վերականգնել 17-րդ դարի տեսքով, և արդյունքում այն պահպանել է իր պատմամշակութային արժեքը:
«Մենք նաև պահպանել ենք կամրջի կորուստը, որը փլուզման եզրին էր կանգնած»,- ասաց նախարարության աշխատակիցը:
Ի պատասխան քաղաքացիների հարցմանը, որով նրանք պահանջում էին ներկայացնել վերականգնման ֆինանսական հաշվետվությունը, Մշակույթի նախարարությունն այսօր հայտնեց, որ չեն կարող տրամադրել այդ տեղեկատվությունը, քանի որ կամրջի վերականգնողական աշխատանքները դեռևս ավարտված չեն:
Ակցիայի ժամանակ զրուցեցինք զբոսաշրջությամբ զբաղվող Գևորգ Գասպարյանի հետ, ում կարծիքով կամուրջն իր նոր տեսքով այլևս չի կարող գրավել ոչ տեղացի, ոչ էլ արտասահամնցի զբոսաշրջիկներին, քանի որ այն նմանվել է ինչ-որ նորակառույցի:
Ակցիայի կազմակերպիչներից Գայանե Գևորգյանը և Գոռ Հակոբյանը հայտնեցին, որ չեն բավարարվելու միայն պաստառներով բողոքելով, և հետևողական են լինելու պատմամշակութային այլ արժեքների պահպանման հարցում, քանի որ այս մեկն արդեն հնարավոր չէ բերել իր նախնական տեսքին:
Մեկնաբանել