Խուլիո Իգլեսիաս. «Հայ ժողովրդի երաժշտությունը գալիս է հոգուց և սրտից»
«Երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում և կարող եմ ճանաչել իմ հայ ընկերների երկիրը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:
69-ամյա երգիչը Հայաստանում առաջին անգամ է: Նա մենահամերգով հանդես է գալու մարտի 18-ին, որի ժամանակ երգելու է այն երգը, որ հայ հանդիսատեսն ամենից շատ է սիրում: Խ. Իգլեսիասի խոսքերով` ինքն առանձին հետաքրքրվել է, թե ինչ է ակնկալում լսել իր հայ հանդիսատեսը:
«Շառլ Ազնավուրն իմ ավագ եղբայրն է»
Խ. Իգլեսիասը վերջին 45 տարվա ընթացքում առիթ է ունեցել ճանաչել բազմաթիվ հայերի, որոնք իրենց մշակույթը ներկայացնում են ամբողջ աշխարհին: Այդ պատճառով էլ նա իր այցը Հայաստան համարում է ոչ թե որևէ օտար մարդու, այլ հարազատ ընկերոջ այց:
«Երբևէ չեմ երգում այնպիսի վայրում, որն ինձ դուր չի գալիս: Մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ, այդ պատճառով ես հիմա Երևանում եմ», - ասում է երգիչը:
Արդեն երկար տարիներ է, ինչ Խ. Իգլեսիասը ճանաչում և մտերիմ է հայազգի շանսոնյեի` Շառլ Ազնավուրի հետ: Երկու աշխարհառչակ երգիչները միասին նաև դուետներ ունեն:
«Շառլ Ազնավուրն իմ ավագ եղբայրն է», - հայտարարեց երգիչը:
Առաջին տպավորությունը, որ ունեցել է երգիչը Հայաստանում այն է, որ հայերը հաճելի մարդիկ են: Նա պատմում է, որ երբ Մոսկավայից իրեն ճանապարհում էին, ասացին, որ նա գնում է մի տաք երկիր: Բայց տաք ոչ թե եղանակի պատճառով, այլ պարզապես Հայաստանում մարդիկ շատ մեծ ջերմությամբ կընդունեն նրան:
Միաժամանակ, երգչի խոսքերով` այն ծանոթությունը, որ նա ունի հայերի շրջանում և որքանով ճանաչում է Հայաստանը, իրեն հիշեցնում է ինչ-որ մելանխոլիկ բան, ինչը կա նաև իր երկրում:
«Երբ մելանխոլիկ ես, ավելի խոցելի ես, երբ անձը խոցելի է, ապա նա ունի հերոսական վերաբերմունք», - ասում է երգիչը:
«Ես սիրում եմ բոլոր կանանց. կանայք զգում են, երբ տղամարդը սիրում է իրենց»
Խուլիո Իգլեսիասը, մեծանուն երգիչ լինելուց բացի, նաև 8 երեխայի հայր է: Նրա 3 երեխաները, այդ թվում և երգիչ Էնրիկե Իգլեսիասը, առաջին կնոջից են` Իզաբել Պրեսյլերից: Մյուս 5 երեխաների մայրը Միրանդա Ռիյնսբուրգերն է: Սակայն վերջինիս հետ Խուլիո Իգլեսիասը պաշտոնապես ամուսնացել է միայն 2010 թ.-ին` 20 տարվա համատեղ կյանքից հետո: Նրա փոքր տղան ծնվել է ընդամենը 6 տարի առաջ:
Իսպանացի երգիչը իր ողջ կարիերայիընթացքում համարվել է իգական սեռի սիրելին և վայելել սրտակեր երգչի համբավ: Այսօր էլ երգիչը խոստովանում է, որ շատ է սիրում կանանց:
«Ես սիրում եմ բոլոր կանանց: Եվ կարծում եմ, որ բոլոր կանայք էլ զգում են, երբ տղամարդը սիրում է նրանց», - ասում է Խ. Իգլեսիասը:
Վերջինս իր հարուստ երգացանկից որևէ երգ չի առանձնացնում, որովհետև դրանք բոլորը պատմում են իր կյանքի պատմությունը. իր ամբողջ կյանքը բաղկացած է այդ երգերից:
Պատանեկան հասակում երգիչը զբաղվել է ֆուտբոլով` խաղալով «Ռեալ-Մադրիդի» թիմում: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում: Այսօր նա խոստովանում է, որ ինքը երբեք լավ ֆուտբոլիստ չի եղել, չնայած խաղացել է նման թիմում: Նրա մոտ երգելն ավելի լավ է ստացվում:
«Ես երազանքների մարդ չեմ»
Խ. Իգլեսիասը անկեղծանում է, որ արդեն 17-18 տարեկանից կարծես վերածնվել է, և այդ ժամանակվանից ապրում է իրական կյանքով: Իսկ իր կյանքը նա չի համարում առանձնահատուկ, այլ ապրում է այնպես, ինչպես բոլոր մարդիկ:
«Իմ ամենամեծ կորուստն այն է, որ կորցրել եմ ժամանակ և ամենամեծ ձեռքբերումը կլինի ժամանակին մահանալը», - ասում է երգիչը:
«Ես երազանքների մարդ չեմ: Չեմ երազում, այլ նպատակներ եմ դնում և հասնում դրանց, - ասում է երգիչը: - Երբեմն մարդիկ մտածում են, որ մենք բոլորս մեծ երազողներ ենք, բայց իրականությունը դա չէ: Իրականությունն այն է, որ մենք կարողանանք ստիպել, որ ուրիշները երազեն»:
Խ. Իգլեսիասը այժմ համերգային շրջագայություն է իրականացնում ամբողջ աշխարհում: Բայց նա կարծում է, որ հոգին ազգություն չունի, իսկ ինքը միշտ հոգով է երգում: Նույնը կլինի նաև երկուշաբթի՝ համերգի ժամանակ. կփակի աչքերը և կպատկերացնի, որ ինքը տիեզերքում է:
«Հայ ժողովուրդն ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է, սակայն հայ ժողովրդի երաժշտությունը գալիս է հոգուց և սրտից», - ասում է երգիչը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել