
Թեղուտի, Շնողի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև նոր խնդիր է ծագել
Լոռու մարզի Շնող համայնքի վարչական տարածքում գտնվող 259,155 հա անտառային հողերը 2008թ.-ին ՀՀ Լոռու մարզպետի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն` վարձակալության և կառուցապատման նպատակով տրվել են «Թեղուտ» ՓԲԸ-ին, որի դիմաց անցած 4 տարիներին ընկերությունը Շնողի համայնքային բյուջեին վճարել է տարեկան 11մլն դրամ հողի վարձավճար:
Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը 2012թ.-ի սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրերին` 30.08.2012թ.-ին իր թիվ 39 գրությամբ խնդրել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին մարզպետարանի համապատասխան մասնագետների միջոցով ուսումնասիրել Թեղուտ և Շնող գյուղերի սահմանային նկարագիրը` կապված «Թեղուտ» ՓԲԸ-ի օգտագործմանը տրամադրված 259.155 հա հողամասերը համայնքերի վարչական տարածքներում ընդգրկելու հետ: Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 7 օրվա ընթացքում ուսումնասիրվել է խնդիրը, որից հետո մարզպետ Արթուր Նալբանդյանը ՏԻՄ ընտրություններից 2 օր առաջ`2012թ.-ի սեպտեմբերի 7-ին 4908-ի-12 գրությամբ Հարություն Մելիքսեթյանին, Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանին և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության նախագահ Վալերի Մեջլումյանին տեղեկացրել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ին վարձակալության և կառուցսպատման իրավունքով 2008թ.-ին տրամադրված 259.155 հա հողամասերից 133,8129 հա-ն ընդգրկված է Թեղուտ համայնքի, իսկ 125.3421 հա–ն` Շնող համայնքի վարչական տարածքներում:
Վալերի Մեջլումյանը, տեղյակ լինելով, որ Թեղուտի և Շնողի գյուղապետերը սեպտեմբերի 9-ի ընտրություններով չեն ստացել իրենց համայնքների բնակիչների վստահությունը և չեն ընտրվել գյուղապետ, մեծ շտապողականությամբ Հարություն Մելիքսեթյանի և Հայկազ Քոչինյանի հետ 2012թ.-ի հոկտեմբերի 15-ին, հիմք ընդունելով Լոռու մարզպետի գրությունը, ստորագրել է նոր համաձայնագիր, ըստ որի` Շնողի վարչական տարածքում գտնվող 259,155 հա հողամասերի վերաբաշխման արդյունքների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտավորվել է պայմանագրով նախատեսված 259,155 հա հողերի վարձավճարները վճարել համամասնորեն, ըստ համայնքերի `133,8129 հա հողամասի համար վճարել Թեղուտ համայնքի բյուջե, իսկ 125,3421 հա –ի համար վճարել Շնողի համայնքի բյուջե: Համաձայնագրի տակ Հայկազ Քոչինյանը ստորագրել է առանց Շնողի ավագանուն, բնակչությանը և նորընտիր գյուղապետին տեղեկացնելու:
Նոր համաձայնագրով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողի համայնքապետարանից պահանջել է իր վճարած վերջին 4 տարիների 44 մլն դրամ հողի վարձավճարները փոխհատուցել Թեղուտի համայնքապետարանին:
Շնողի համայնքի 2013թ.-ի տարեկան բյուջեն նախատեսվել է 60 մլն դրամ: Կնքված համաձայնագրով շնողնեցիների և նորընտիր գյողապետ Հովիկ Սահակյանի առջև նոր դժվարություններ են ծառացել: Վերջինս համաձայնագրի մասին տեղեկացել է Շնողի գյուղապետարանի հաշվապահ Սվետլանա Ջավախյանից. «Հաշվապահն ինձ տեղեկացրեց, որ համայնքի բյուջեի եկամուտների ապահովման գործում խնդիր է առաջացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից 2012թ.-ի 11մլն դրամ հողի վարձակաության վարձավճարները չվճարելու պատճառով, որից հետո ես տեղեկացա համաձայնագրին»,- ասում է Հովիկ Սահակյանը:
Խորհրդային տարիներին շուրջ 10 տարի Շնողի սովխոզի տնօրեն, Թումանյանի անտառտնտեսության պետ ու Թումանյանի շրջխորհրդի նախագահ, իսկ մինչ գյուղապետ ընտրվելը «Հայանտառի» անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ աշխատած գյուղապետն ասում է, որ նոր համաձայնագրով Թեղուտին հանձնված 133,8129 հա անտառային հողերը միանշանակ գտնվում են Շնողի վարչական տարածքում. «Եվ առհասարակ, Թեղուտի հանքավայրի ծրագրի համար «Թեղուտ» ՓԲԸ-ին առաջիկա 10 տարում հատելու համար հատկացված 365 հա անտառային տարածքների 95 տոկոսը գտնվում է Շնողի վարչական տարածքում, միայն 5 տոկոսն է գտնվում Թեղուտի վարչական տարածքում: Դեռ անունն էլ դրել են Թեղուտի հանքավայր»,- ասում է Հովիկ Սահակյանը:
Շնողի, Թեղուտի և «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր համաձայնագրի շուրջ ծագած անհամաձայնությունների մասին «Հետքի» հարցմանն այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` այս պահին չեմ կարող պատասխանել: Շնողի գյուղապետը ինձ տեղեկացրել է խնդրի մասին: Ես նրան ասել եմ սահմանային քարտեզները վերցնեն և Թեղուտի գյուղապի հետ գան ինձ մոտ: Մեր հողաշինարարի հետ նորից կքննարկենք խնդիրը: Հովիկ Սահակյանի հիմնավորումները ճիշտ լինելու դեպքում, մենք նոր առաջարարկություն կներկայացնենք ՀՀ կառավարություն»: Մարզպետին հարցումից հետո Շնողի գյուղապետը մեզ հայտնեց, որ քննարկումը տեղի կունենա մյուս շաբաթվա ընթացքում:
Մեկնաբանություններ (29)
Մեկնաբանել