
Եթե ԵՊՀ ռեկտորի օգնականը հրաժարական չտա, ուսանողները կպահանջեն ռեկտորի հրաժարականը
«Եթե մարտի 19-22 ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը չհեռացվի համալսարանից, ապա մարտի 25-ից նոր պահանջ ենք դնելու՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Երիտասարդական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներ, Երևանի պետական համալսարանի ուսանողներ Արման Ալեքսանյանը և Լիլիթ Հարությունյանը:
Նրանք իրենց պահանջին կցելու են նաև ԵՊՀ և այլ բուհերի ուսանողների ստորագրությունները: Լիլիթի խոսքով՝ ԵՊՀ բակում հավաքվել են մայր բուհի շուրջ 2000 ուսանողի ստորագրություն, այլ բուհերի ուսանողների մոտ 1000 ստորագրություն, ինչպես նաև ոչ ուսանող ՀՀ քաղաքացիների 1000 ստորագրություն:
Երիտասարդների պահանջների մեջ է մտնում նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, քանի որ նրա՝ այդ պաշտոնում լինելու արդյունքում կուսակցականացվում է համալսարանը. Սերժ Սարգսյանը ոչ միայն ՀՀ, այլ նաև իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի նախագահն է:
Նույն պատկերն է նաև Մանկավարժական համալսարանում, որտեղ հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Տնտեսագիտական համալսարանում՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի մոտ շարունակվում է ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հեռացման պահանջով նստացույց-ստորագրահավաքը, որը սկսվում է ամեն օր՝ առավոտյան 09:30-ին, և տևում մինչև 15:00-ն:
«Հետքի» հարցին, թե արդյոք կա՞ տարանջատում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ և Ազատության հրապարակում նստացույց անող ուսանողների միջև, «Երիտասարդական շարժման» մասնակիցները պատասխանեցին, որ տարանջատում չկա, պարզապես դասադուլային բուռն և զանգվածային ակցիաներից հետո ձևավորվել են տարբեր խմբեր, որոնց մի մասը բարձրացնում է քաղաքական հարցեր, մյուս մասը՝ քաղաքացիական և տեղային բնույթի, տվյալ դեպքում՝ կրթական համակարգին վերաբերող:
«Մեր պայքարը բազմավեկտոր է»,- հավելեց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Արման Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երիտասարդները նախատեսում էին իրենց պահանջներն այսօր՝ ժամը 14:30-ին, ներկայացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել