HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Կովսականում հաստատված սիրիահայ Կարոն և Մհերը չեն ծրագրում վերադառնալ Ղամիշլի

Սիրիահայերը տեղացիներից տարբերվում են իրենց հայացքներով, նրանք, կարծես, դրանով թարմություն են բերում Արցախ: Եթե Ստեփանակերտում ցասումով են վերաբերվում պաշտոնյաների հարուստ լինելուն, ապա սիրիահայ Կարո Մագարյանն այլ կարծիք ունի: «Ոչինչ, որ Արցախի բարձրադիր պաշտոնյաները բիզնեսով են զբաղվում: Կարևորը՝ նրանք երկրից դուրս չեն գալիս ու փողերը իրենց հետ չեն տանում»,- ասում է նա:

Կարո Մարգարյանը Սիրիայի Ղամիշլի քաղաքից 7 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան, սկզբում 2 տարի ապրել է Ստեփանակերտում, հետո Աշտարակում, բայց վերջում ընտրել է Կովսականը: Իսկ նրա ընկերը՝ Մհեր Պողոսյանը, 3 տարի առաջ է տեղափոխվել Կովսական: Կարոն ու Մհերը հիմա 200-ական հեկտար հող են մշակում:

Թուրքիայի սահմանին գտնվող հայաշատ Ղամիշլիի բնակիչների մեծ մասը հողագործ է:

Կարո Մագարյանին ու Մհեր Պողոսյանին հանդիպեցի Ստեփանակերտում:

Կարոյի ընտանիքը Շվեդիայում է, նա պատրաստվում է ընտանիքին բերել Արցախ՝ մեծ տուն կառուցելուց հետո: Իսկ Մհերի՝ 17 հոգուց բաղկացած ընտանիքը դեռ Ղամիշլիում է. «Ֆինանսական խնդիրների պատճառով դեռ չեմ կարողանում նրանց Կովսական տեղափոխել»:

Կարոյի ու Մհերի կարծիքով՝ Արցախում հնարավոր է նորմալ ապրել:

Կարոն ՀՀ-ում չի մնացել, որովհետև ի տարբերություն Արցախի՝ այնտեղ ամեն ինչ սեփականաշնորհված է. «Հայաստանում չես կարող մի գետի ափի հանգիստ հացուպանիր ու ձմերուկ ուտել, որովհետև այդ տարածքը որևէ մեկին է պատկանում»,- ասում է Կարոն:

Նա Քաշաթաղում էլ է նկատում այդ միտումը, որի դեմ պայքարելը կարևոր է համարում: «Ղարաբաղի օրենքով եթե որևէ մեկն իր հողը չի մշակում, իրավունք ունես այն ինքդ մշակել: Հողատարածքը, որն օգտագործես, քոնն է, չօգտագործես՝ քոնը չէ: Ճիշտը դա է»,- կարծում է Կարոն:

Նա վստահ է, որ օրենքի երկրի կառուցումը կախված է ամեն մեկից: Որպես ապացույց՝ օրինակ է բերում իրեն պատահածը. «Մի անգամ ինձ պետավտոտեսուչը կանգնեցրեց ու ասաց, որ 10 հազար դրամի խախտումը 3 հազարով կձևակերպի: Իսկ ես ասացի՝ եթե 10 հազարի փոխարեն 3 հազար դրամով տուգանի, կբողոքեմ»:

Արցախի շրջանի բնակիչները հաճախ բողոքում են, որ չի ստացվում հողագործության համար վերցրած վարկերը մարել: Կարո Մարգարյանը վստահ է, որ վարկերը հնարավոր է մարել քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Կան մարդիկ, որոնք վարկ են վերցնում ու սկսում խմել, թանկագին շորեր հագնել ու վերջում կրակն են ընկնում: Անցած տարի առաջինն ես եմ վարկս փակել, բայց մնացածի պատճառով ինձ էլ վարկ ստանալու հնարավորությունից զրկեցին»,- ասում է նա:

Կարո Մագարյանի ու Մհեր Պողոսյանի կարծիքով՝ Կովսականում հրատապ պետք է լուծել ճանապարհների, բջջային հեռախոսակապի, սիրիահայերի ժամանակավոր կացության համար հյուրատան ու ցորենի պահեստների խնդիրը:

Նորմալ ճանապարհներ ունենալը ամենակարևորն է: «Հղի կանայք կան Կովսականում: Ճանապարհը որ նորմալ լինի, գոնե կարողանանք մինչև Կապան հասցնել, թե չէ ստիպված կլինեն ճանապարհին ծննդաբերել»,- ասում է Կարոն:

Կովսականում «Ղարաբաղ տելեկոմը» չի գործում, մարդիկ ստիպված օգտվում են ՀՀ օպերատորների կապից, որի ալիքները թույլ են: «Նման կապով արտակարգ իրավիճակների դեպքում անելանելի վիճակում ենք հայտնվում: Կովսականում ծառերի վրա հեռախոսներով հաճախ կարելի է մարդկանց տեսնել, որոնք փորձում են կապ որսալ: Կամ թող «Ղարաբաղ տելեկոմը» աշտարակների դնի, կամ էլ թող հայաստանյան օպերատորները կապը ուժեղացնեն: Մեր իրավունքն է նորմալ հեռախոսակապ ունենալը»,- ասում է Կարո Մագարյանը:

Կովսականում ժամականակավոր կացության համար շատ համեստ պայմաններով, 15-20 սենյականոց հյուրատան կառուցումը Մհերն ու Կարոն հիանալի գաղափար են համարում: «Դրանով շատ խնդիրներ կլուծվեն, Սիրիայից եկած մարդուն կտեղավորեն այնտեղ մինչև նորմալ տան հատկացումը»,- նշում է Մհեր Պողոսյանը:

Ղամշլիից եկած Կարոն և Մհերը կարծում են, որ եթե պետության աջակցությունը չդադարի, ապա Ղամիշլիի հայերը դեռ կգան Արցախ: Ի տարբերություն Հալեպի հայերի՝ Ղամիշիի հայերը կարող են Կովսականում մնալ, որովհետև գյուղական կյանքին սովոր են:

Սիրիահայերը հետագայում չեն ծրագրում վերադառնալ Ղամիշլի, որովհետև, ինչն էլ լինի, քաղաքն առաջվա փայլն այլևս չի ունենա. «Համ էլ ապստամբների հաղթելու դեպքում՝ քրսիտոնյաներին չեն ներելու: Դա նույնն է լինելու, ինչ գնալ Բաքու ու թուրքերի մեջ ապրել»,- ասում է Մհերը:

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանն այն կարծիքին է, որ սիրիահայերի համար նախատեսված տների շինարարությունից հետո նոր ընտանիքներ կգան շրջան: Ներկայումս Կովսականում սիրիահայերի համար 12 բնակարան ունեցող շենք է կառուցվում:

Քաշաթաղի շրջանում այժմ ապրում է սիրիահայ 28 ընտանիք՝ 74 սիրիահայ:

3-րդ և 4-րդ լուսանկարները տրամադրել է Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի խմբագիր Զորիկ Ըռքոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter