HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայաստանին պետք է ազատ առևտրի գոտի. մաքսային և արժութային միությունը հետաքրքրական չեն

Հայաստան – Եվրոպական միություն

«Այսօր Հայաստանն ունի լուրջ խնդիր: Արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի այն աշխարհաքաղաքական միջավայրը, որում գտնվում ենք: Մենք իրավունք չունենք միանշանակ ընտրություն կատարել ՌԴ-ի կամ արևմուտքի միջև», - ասում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Այսօր ՀՀ-ն գոնե պաշտոնապես ԵՄ անդամկացության հարց չի դնում իր առջև, ի տարբերություն հարևան Թուրքիայի: Վերջինս տարիներ շարունակ ԵՄ անդամակցության թեկնածու է և շարունակում է մնալ բանակցությունների փուլում: Հետաքրքրական է, որ մարտի 7-ին Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի արած հայտարարության մեջ նա համեմատում էր Հայաստանն ու Թուրքիան: Միաժամանակ, նա դեմ էր արտահայտվել ԵՄ ընդլայնմանը և կասկածներ հայտնել Թուրքիայի անդամկացության վերաբերյալ:

Ն. Գալստյանը, սակայն, գտնում է, որ այստեղ ոչ այնքան Թուրքիայի համեմատության հարցն էր, այլ այն, որ կա մի երկիրը, որը «երկար տարիներ թակում է ԵՄ դուռը, բայց չի անդամագրվում»: Եվ հարցը ոչ միայն ԵՄ չափանիշներին չբավարարելն է, այլև աշխարհքաղաքան շահերը: Քաղաքագետի խոսքերով` սա զգուշացում էր, որ եթե անգամ պաշտոնական նպատակ դրվի անդամակցել ԵՄ-ին, ապա պարտադիր չէ, որ այն դառնա իրականություն:

«Գերմանիայի տեսանկյունից Հայաստանի անդամակցության հարցը Եվրոպական միությանը լուրջ խնդիր կառաջացնի Ռուսաստանի հետ, ինչը նրան պետք չէ: Դա կապված է էներգետիկ ոլորտի համագործակցության հետ», - ասում է Ն. Գալստյանը:

Հայաստանի դեպքում անդամակցությունը թե Եվրոպական, թե Եվրասիական միությանը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ: Սակայն Հայաստանը Եվրոպական միության հետ համագործակցության հարց ունի: Այսօր էլ ԵՄ-ն հակված է ոչ թե կառույցի ընդլայնման, այլ երկրների ինտեգրման:

Քաղաքագետը նշում է ինտեգրման 3 մակարդակ: Առաջինը ազատ առևտրի գոտին է, երբ պայմանագիր կնքած պետությունների միջև վերանում է մաքսահարկը: Երկրորդը` մաքսային միությունն է: Այն ներառում է ազատ առևտրի գոտին, ինչպես նաև անդամ-երկրները պետք է միանման մաքսային քաղաքականություն վարեն այն պետությունների նկատմամբ, որոնք մաքսային միության անդամ չեն: Երրորդ և բարձրագույն մակարդակը տնտեսական և արժութային միությունն է, երբ ստեղծվում է ներքին միասնական շուկա: Ինտեգրման երրորդ մակարդակին հաջողվել է հասնել միայն ԵՄ-ին:

Հայաստանի դեպքում, քաղաքագետի կարծիքով, անհրաժեշտ է ազատ առևտր գոտի երկու կողմերի հետ` ԱՊՀ-Ռուսաստան և Արևմուտք, իսկ մաքսային միությունները և միասնական արժույթը հետաքրքրական չեն: Նախատեսված ձևաչափը` ազատ առևտրի գոտին կարող է բավարարել Հայաստանի տնտեսական շահերը, և հնարավորություն է ստեղծում մուտք ունենալ դեպի մեծ շուկա: Այդ դեպքում Հայաստանին մնում է զարգացնել իր արտահանման ճյուղերը, որպեսզի առավելագույնս օգուտ ունենա: Մինչև հիմա ընթանում են ՀՀ-ԵՄ բանակցությունները ազատ առևտրի գոտու վերաբերյալ:

Մեծ Բրիտանիա – Եվրոպական միություն

Այսօր Եվրոպական միությունն ունի բազմաթիվ լուրջ խնդիրներ և ուղիներ է փնտրում ճգնաժամից դուրս գալու համար: Եվ պատահական չէ, որ Ն. Լամմեթրը հայտարարեց, որ կառույցը պատրաստ չէ ընդլայնել իր կազմը, քանի որ նոր անդամները կավելացնեն խնդիրները:

Սակայն, Ն. Գալստյանի խոսքերով, ԵՄ ընդլայնման քաղաքականությունը և անդամ-պետությունների դիրքորուշումները միշտ չէ, որ համընկնում են: Օրինակ` Մեծ Բրիատանիան միշտ ողջունում է ցանկացած նոր երկրի անդամակցություն: Գերմանիայի դիրքորոշումը կախված է տվյալ երկրից: Իսկ Ֆրանսիան դեմ է արտահայտվում նոր անդամակցությանը:

Դեռևս այս տարվա հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ իրենք կլքեն ԵՄ շարքերը, եթե կառույցը չկարողանա հաղթահարել իր 3 հիմնական խնդիրները. եվրագոտու երկարատև ճգնաժամ (թեև Մեծ Բրիտանիան չի միացել եվրագոտուն), մրցակցության նվազում և հանրային աջակցության մակարդակի անկում:

Ն. Գալստյանի խոսքերով` Մեծ Բրիտանիայի նման դիրքորոշումը նոր չէ: Այն շատ  ուշ է անդամակցել ԵՄ-ին, անդամակցել է բավականին մեծ վերապահումներով և որոշ հարցերում ունի ոչ այնքան «եվրոպական» դիրքորոշում:

Բացի այդ` ԵՄ շրջանակներում մրցակցությունը զարգանում է 3 ուղղություններով` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա, որոնք պարբերաբար քննդատում են միմյանց:

Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը վերջերս հայտարարել էր, որ եթե երկիրը լքի ԵՄ շարքերը, ապա միայն կբարդացնի ԵՄ մյուս անդամների հետ հարաբերությունները:

Քաղաքագետ Ն. Գալստյանը նախ կարծում է, որ եթե Բրիտանիան հեռանա ԵՄ-ից, ապա էական տեղաշարժ չի լինի` հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ նա ԵՄ-ի լիարժեք ինտեգրված անդամներից չէ: Չնայած Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մեծ նշանակություն ունի ԵՄ-ի համար: Եվ երկրորդ` նրա կարծիքով` առաջիկայում Բրիտանիան չի լքի ԵՄ-ն: Պարզպաես Մեծ Բրիտանիան կողմ է, որ լինի համագործակցություն, ոչ թե ինտեգրացիա: Նա միշտ դեմ է հանդես գալիս խոր ինտեգրման առաջարկություններին, ինչին հիմա կողմնակից են ԵՄ մի շարք անդամներ (Ֆրանսիա, Գերմանիա), և վարչապետի նման հայտարարությունները երկրի դիրքորոշման հերթական դրսևորումներից է:

ԵՄ - ԱՄՆ

ԵՄ ընդլայնաման հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համընկնում է ԱՄՆ-ի հետ: Վերջինս նույնպես կողմ է հանդես գալիս նոր պետությունների անդամակցությանը, որովհետև պարբերաբար ընդլայնումը բերում է ինտեգրման նվազման:

«ԱՄՆ-ի համար խիստ ինտեգրված ԵՄ-ն որպես մեկ միասնական տնտեսաքաղաքական ինքնուրույն միավոր բոլորովին ձեռնտու չէ: ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև մրցակցության հարցերը նոր չեն, ուղղակի մենք դրանց ուշադրություն չենք դարձնում», - ասում է Ն. Գալստյանը: Մրցակցություն կա բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` դոլարի և եվրոյի հարցում:  Ն. Գալստյանը նշում է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նպատակները գլոբալ հարցերում համընկնում են,  բայց տարբեր է նրանց ռազմավարությունը: Եվ անգամ ԵՄ-ի ներսում են դրանք տարբեր:

Այն հարցին, թե ի վերջո ուր է գնում ԵՄ-ն. արդյոք կկարողանա հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը, քաղաքագետ Ն. Գալստյանը կարծում է, որ դա կախված է այն հանգամանքից, թե այսօր ինչ որոշումներ կընդունեն:

«ԵՄ-ն իր պատմության ընթացքում հայտնվել է բազմաթիվ տարբեր ճգնաժամերի մեջ: Դրան գումարած գլոբալ մարտահրավերները: Նրա կենսունակությունը պայմանավորված կլինի այն հանգանամքով, թե որքանով կկարողանա արձագանքել ներքին և արտաքին մարտահրավերներին», ասում է նա:

Նրա կարծիքով` այժմ ԵՄ-ը կառաջնորդվի տարբերակված ինտեգրմամբ (երկրներն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով են ուզում համագործակցել ԵՄ-ի հետ և ինտեգրվել դրան): Առաջ նույնպես այդպես էր, բայց հիմա դա ավելի խորը կլինի:

«ԵՄ-ը շատ դինամիկ է, միատարր չէ: Նրա ներսում ընթանում են բազմաթիվ գործընթացներ:  Կան բազմամշակութային խնդիրներ, դեմոգրաֆիական խնդիրը, որը պարզապես մարդկանց տեղաշարժ չէ, այլ նաև մշակույթի փոփոխության հարց: Դա ազդում է նաև քաղաքական դաշտի վրա: Այդ պատճառով ԵՄ-ն բազմաթիվ երկրներում արագ վերելք է ապրում ազգայնականությունը», - ասում է Ն. Գալստյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter