
Գառնու կամուրջը վերականգնվեց՝ առանց «ինչո՞ւ» հարցը տալու
Հարցազրույց ճարտարապետության տեսաբան Եվա Սարգսյանի հետ
Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան, «ՌեԱրկ» ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի համահիմնադիր և նախագահ
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ դեսպանատան ծրագրերից մեկի շրջանակներում վերականգնվել է Ազատ գետի վրա գտնվող 11-13 դդ. Գառնու հայտնի կամուրջը, որը բացի պատմամշակութային հուշարձան լինելուց նաև զբոսաշրջիկների սիրելի վայրերից էր: Ինչու եմ ասում «էր», քանի որ «վերականգնումից» հետո, այն, շատերի, այդ թվում՝ հեղինակավոր ճարտարապետների կարծիքով՝ կորցրել է իր պատմական, գեղարվեստաճարտարապետական և մշակութային նշանակությունը և այժմ, փաստորեն, կատարում է միայն մեկ գործառույթ՝ ապահովում է մարդկանց տեղափոխությունը գետի մյուս ափ:
Ի՞նչ անվանում կտաք սրան՝ վերականգնում, հուշարձանի փրկում քանդվելուց, ինչպես նշում է մշակույթի նախարարությունը, թե վերակառուցում կամ ապականում: Դա կարելի՞ է անվանել ռեստավրացիա:
Ռեստավրիացիան մասնագիտական գործունեություն է, որի, ինչպես և ցանկացած այլ ճարտարապետական ենթաոլորտի գործունեության համար պահանջվում է մասնագիտական պատրաստվածություն: Ինչպես գիտության բոլոր ճյուղերում, այնպես էլ ճարտարապետության մեջ կան ենթաճյուղեր, և մի ճյուղի մասնագետը պարտադիր չէ, որ կոմպետենտ լինի մյուսով զբաղվել: Նախագծող ճարտարապետ լինել՝ դեռ չի նշանակում կոմպետենտ լինել նաև քաղաքաշինության կամ վերականգման ոլորտներում ծրագրեր հղանալու, նախագծեր պատրաստելու և իրականացնելու աստիճանի:
Այսինքն՝ ռեսուրսի խնդիր չկա: Ռեստավրատորներ կան Հայաստանում:
Իհարկե:
Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ է 3 անգամ քննարկման դրվում կամրջի վերականգնման նախագիծը մշակույթի նախարարության կողմից, ու արդյունքում վերականգնումը հանձնարարվում մի ճարտարապետական խմբի, որը վերականգնողական գործունեության փորձ չունի:
Այդ հարցն ինձ հետաքրքրում է նույնքան, որքան որ Ձեզ: Ինչո՞ւ է ընտրվել հուշարձանի «վերականգնման» այդ տարբերակը: Ինչ վերաբերվում է նախագիծն իրականացնող ճարտարապետին, ես նրան չեմ ճանաչում և հիմքեր չունեմ նրա փորձի և պատրաստվածության վերաբերյալ եզրահանգումներ անելու: Ի դեպ, կուզենայի, որ մարդկանց մասնագիտական կենսագրությանը նման որակավորում տալու դեպքում հստակ և հավաստի փաստեր լինեն, թե այս խնդրի պարագայում, թե ընդհանրապես:
(Մի փոքր շեղվելով հարցազրույցի ֆորմատից, մեջբերում անենք՝ հիշեցնելով հետաքրքրական մի հանգամանք: Խոսքը 110 հազ. դոլար կամ մոտ 33 միլիոն դրամ գումարի մասին է, որը դրամաշնորհի տեսքով տրամադրվել է ԱՄՆ դեսպանատան կողմից կամուրջը վերականգնելու համար՝ չհաշված մինչ այդ պետբյուջեից երկու անգամ տրամադրված գումարը- Ն. Ա.):
Կոմպետենտ մասնագետներ ներգգրավվե՞լ են այս գործընթացին:
Կա գիտամեթոդական խորհուրդ, որտեղ ռեստավրատորներից մի քանի հոգի միշտ ներգրավված են լինում են: Իրենց կոմպետենտության վրա կասկածել պետք չէ, այստեղ ուրիշ հարց է առաջանում: Ի՞նչ հիմնավորմամբ է ընտրվել հուշարձանի վերականգնման հենց այս մեթոդը: Սրա պատասխանը, թերևս, կարելի է գտնել գիտամեթոդական խորհրդի նիստի կամ նիստերի արձանագրությունների մեջ:
Անզեն աչքով էլ երևում է, որ վերականգնումից հետո կամուրջը կորցրել է իր հինավուրց տեսքը, ինչը այդ պատմամշակութային արժեքի, այսպես ասած, հաղթաթուղթն էր: Ի՞նչ գնահատական կտաք կատարված աշխատանքին:
Ռեստավրացիան, ինչպես և մարդու ցանկացած գործունեություն, նախևառաջ փիլիսոփայություն է: Հնարավոր է մի քիչ զարմանալի հնչի, բայց մինչև տեխնիկական և զուտ մասնագիտական քայլերին անցնելը պետք է մի շարք տեսական հարցեր առաջ քաշես, օրինակ՝ իսկ ո՞րն է տվյալ երևույթի, հուշարձանի արժեքը:
Նաև գործառո՞ւյթը:
Ոչ միայն: Գործառույթն ավելի հեշտ ֆիքսվող, օբյեկտիվորեն որոշվող պարամետր է, այս դեպքում խոսքը գնում է առավել վերացական և փիլիսոփայական կատեգորիաների մասին, ինչպիսիք են ինքնությունը, աուտենտիկությունը և այլն:
Ցանկացած հուշարձան որպես այդպիսին համարելու կամ վերականգնելու համար նախ և առաջ պետք է հասկանալ՝ որն է դրա արժեքը և հետո` կարևորությունը: Հուշարձանը կարող է արժեք ունենալ որպես ճարտարապետական, գեղարվեստական, յուրօրինակ տեխնիկական արտեֆակտ կամ չունենալ դրանցից և ոչ մեկը, բայց լինել «վկա» և «մասնակից» որևիցէ կարևոր պատմական փաստի, իրադարձության: Թվարկվածները մասնագիտորեն որոշվող պարամետրեր են, որոնց էությունը ֆիքսելը տեխնիկայի հարց է, բայց ինչո՞ւ ենք մենք այդ պարամետրը կարևորում մեր մշակույթի համար` այլ հարց է: Եթե հուշարձանը առավելապես պատմական արժեք ունի, քան ճարտարապետական, ապա մենք դրա արժեքը կարևորում ենք որպես երևակայական, միֆական պատմության, թե կենդանի, հիշողության մեջ մնացած, արդի մշակույթի մաս դարձած պատմության մասնիկ: Հուշարձանի դերի կարևորման հարցը իրականում գլոբալ մենթալիտետային հարց է, կեղծի, շինծուի և իրական ինքնության միջև ընտրություն և տարբերակում կատարելու ունակության խնդիր: Իսկ վերականգնումն ինքը, ինչպես ասացի, տեխնիկայի հարց է, որը մասնագիտական կրթվածության և փորձի դեպքում պետք է ապահովվի:
Սրանք հարցեր են, որոնց մասնագետները սովորաբար չեն անդրադառնում, քանի որ, թերևս, մեր մենթալիտետի համար «ինչո՞ւ» հարցը տալը բնորոշ չէ, այդ հարցը տարալուծվում է «ինչպե՞ս» հարցի մեջ:
Այսինքն՝ նախարարության կողմից կամրջի համար ձևակերպում՝ որպես պատմամշակութային արժեքի, չի՞ տրվել:
Չեմ կարող ասել, դա կարող է երևալ գիտամեթոդական խորհրդի նիստերի արձանագրությունները կարդալուց: Սակայն կամրջի վերականգնման մեթոդի ընտրությունից կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ դրա մշակութային դերին անդրադարձ կամ չի արվել, և քննարկվել են անմիջապես տեխնիկական հարցեր, որոնց մեջ, ինչպես վերում ասացի, այդ «ինչո՞ւ» հարցը առկա էր տարրալուծված ձևով, կամ էլ ի սկզբանե այդ դերի կարևորումը եղել է որպես գրքային պատմության ու մշակույթի թանգարանային արտեֆակտ, քան կենդանի և ակտուալ իրականության մասնիկ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել