Ո՞վ սպանեց իմ պապին
Վանուհի Թովմասյան
Բաց նամակ Ստեփան Վարդանյանին
Հարգելի պարոն Վարդանյան,
Մեկ տարի առաջ ես էլ չիմացա թե ինչպե՞ս, ի՞նչ մղումով ոտքերս կանգնեցրին ինձ Ձեր տան դռան առջեւ։ Գուցե ենթագիտակցաբար մեջս ամբարված բազում հարցադրումներիս գոնե որեւէ մեկի պատասխանն էի փնտրում։ Չէ որ տարիներ շարունակ Դուք էիք տնօրինում մեր գրողի եւ գրականության բախտը։
Միշտ փորձել ու չեմ ըմբռնել, թե ինչո՞ւ այսքան անարդար հալածվել է մի գրական մշակ, ով աշխարհ էր եկել միայն ուրախացնելու իր ժողովրդին։
Դուք ինձ հավաստիացրիք, որ Լեռ Կամսարի հետ առնչություն ունենալ չէիք կարող, քանի որ Կենտկոմի գաղափարական բաժնի վարիչ եղել եք 1964- 1965 թվերին։
Եթե մինչ այդ պահը մտածում էի, թե ինչո՞ւ եմ եկել եւ ի՞նչ եմ ուզում այս ծերունազարդ ու հիվանդ մարդուց, 65թ-ը լսելուց հետո կարկամեցի եւ հասկացա, որ դա նախախնամության ձեռքի գործն էր մեզ հանդիպեցնելը։
Արդ, Դուք վերջակետ կդնեք իմ հոգու տվայտանքներին…
Ահա այն դիմումի պատճենը, որ Լեռ Կամսարը ուղղել է Ձեզ`
Հ Կ Պ Կենտկոմի գաղափարական բաժնի վարիչ ընկ. Ս. Վարդանյանին
Չգրող Լեռ Կամսարից
Դ Ի Մ Ո ւ Մ
Հարգելի ընկ. Վարդանյան
Ես Ձեզ անձամբ ճանաչելու բախտ չունեմ: Չգիտեմ կտրուկ մարդ եք, թե տատանվող։ Ուստի գրում եմ Ձեզ խարխափելով։
Եթե Դուք լինեիք հասակավոր եւ հետեւած լինեիք իմ 35 տարվա գրական գործունեությանը, դիմումս կլիներ կարճ։ Բայց իմանալով, որ Դուք երիտասարդ եք, թույլ եմ տալիս Ձեզ հետ մի փոքր երկար խոսել։
Ես պարտաճանաչ կոլխոզնիկի նման հանձնել եմ իմ «պետպարտավորությունը» ստալինյան դարաշրջանին։ Տաժանակրության եմ գնացել ամբողջ 20 տարի։ 20 տարի քայլել եմ, երկու կողմս ունենալով երկու սվինավոր պահակներ։ Եվ ազատվելուց հետո էլ, դեռ երկար չկարողանալով ազատվել այդ մղձավանջից, քայլել եմ նրանց ուրվականների հսկողությամբ, ինքնակալանավորման ենթարկելով ինքս ինձ։
Ազատվեցի վերջապես։ Գերագույն դատարանը չեղյալ համարեց չգործածս հանցանքը եւ վերադարձրեց իմ ազատությունը, մոռանալով, սակայն, վերադարձնել նաեւ իմ 20 տարվա գրական բեղուն կյանքը։
Ինչեւէ։ Ազատվեցի ու դրանում համոզված լինելու համար շարժեցի մարմինս, ձեռներս երկու կողմերս տարածեցի, աջ տարա, ձախ տարա, քայլեցի մեկ-երկու, մեկ-երկու` տեսա, որ իրոք ազատ եմ։
Իսկ գրող մարդը, որ ազատվի, ինչ պիտի անի։ Բնական է, պիտի վերցնի գրիչը եւ շարունակի իր ընդհատված աշխատանքը։
Բայց ավաղ…
Գրիչս նոր էի թաթախել, ուզում էի գրել, մեկ էլ հանկարծ հայտնվեցին երկու նոր սվինավոր պահակներ եւ գրիչս կալանքի վերցրին։
- Չգրես, եթե ոչ… - սպառնաց մամուլը մի կողմից։
-Ինչքան ուզում ես գրիր, միեւնույնն է քեզ տպագրող չկա,- ասաց մյուս կողմից կանգնած Պետհրատը, եւ ես գրիչս վայր դրի։
-Միայն «Ոզնին» տոն օրերին հագնելու համար գրիչը ձեռքս էր տալիս, որ մի ֆելիետոն գրեմ, հետո էլ գրիչը վերցնում էր ձեռքիցս ու կախում պատից։
Պարզ դարձավ ինձ, որ հիմա էլ հոգիս է բռնելու տաժանակրության ճանապարհը…
Ո՜վ երկինք… մարդ գրելիք ունենա եւ թույլ չտան գրելու։ Այն էլ ինձ նման գրողի…
Ընկեր Վարդանյան, Դուք որովհետեւ տարիքով երիտասարդ եք, գուցե հարց տաք ինձ.
-Ինչո՞ւ, դու ի՞նչ տեսակ գրող ես, որ քեզ չի կարելի լռեցնել։
Այստեղ արդեն ես ստիպված եմ ինձ գովել, եւ գովել ոչ իմ բերանով, այլ ինձնից ավելի հեղինակավոր մարդկանց բերանով։
Ես պիտի գովեմ, որպեսզի դրանով մեծացնեմ մամուլի եւ Պետհրատի իմ հանդեպ գործած սխալը։
Օհ, սկսում եմ գովել ինձ։
1910 թվականին Վանում տպված իմ անդրանիկ ֆելիետոնը բունտ հանեց ողջ քաղաքը եւ քաղաքացիք երկար ժամանակ չէին կարող դադարեցնել իրենց քրքիջը։
1915 թվի գաղթին, երբ Կովկաս եկա, ընդամենը մի տարի թերթերին աշխատակցելուց հետո, Բաքվի «Արեւ» թերթի տեսաբանը գրեց. «Մեր բոլոր թերթերն ունեն իրենց ֆելիետոնիստը, բայց դրանցից միակ օժտվածը Լեռ Կամսարն է (այսինքն ես)»։
Մի ժամանակ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր Ս. Լուկաշինը օրը-օրի տպագրում էր իմ գրածները։
1921 թվականին, երբ Սովետական կառավարությունը հաստատվեց Հայաստանում եւ ուզում էր իր թերթը հրատարակել, այնքան կարիք զգաց ինձ, որ իմ փախած տեղից` Թավրիզից, Հայաստան հրավիրեց եւ ամեն տեսակ ազատություն խոստանալով լծեց իր թերթին, ուր ես եղա իր միակ ֆելիետոնիստը ամբողջ 15 տարի։
Երեսնական թվականներին Ավետիք Իսահակյանը գրում էր Փարիզից.
«Դու արտասահմանում միակ կարդացվող հեղինակն ես։ «Խորհրդային Հայաստանում» քո տպված ֆելիետոններն արտատպվում են արտասահմանյան հայ թերթերի մեջ եւ ձեռքից- ձեռք անցնում»։
Ամերիկահայ ժուռնալիստ Սիմեոն Կյուլոն ամբողջ տարիներ, աշխարհի չորս կողմերն է դիմել իմանալու համար, ողջ եմ, թե մեռած։ Ու երբ պատահմամբ իմացավ, որ կենդանի եմ, ինձ գրեց.
- Գալիս եմ քեզ տեսնելու, նոր մեռնելու։
Եվ իրոք էլ եկավ ինձ տեսավ ու անմիջապես «հանկարծամահ» եղավ…
Նա Բոստոնում հրատարակվող «Ծիրանի գոտիում» հոդվածաշարք ունի գրած իմ մասին, որի մեծ վերնագիրն է «Պահպանենք մեր հանճարները», իսկ փոքր վերնագիրը «Լեռ Կամսարը ապրող մեծագույն հայ երգիծաբանն է»։
Այնտեղ նա, հակառակ Գուրգեն Մահարու կարծիքին, ինձ հանճարեղ երգիծաբան է անվանում եւ մեղադրում Հայաստանի ղեկավարությանը, ասելով.
- Կարծես հատուկ ճիգ մը կգործադրվի, զայն ստվերի մեջ պահելու համար։
Հետո ցավում, որ ամբողջ 20 տարի հայությունը զրկվեց իմ պատճառած պոռթկուն ծիծաղի հաճույքը վայելելուց։
Նույն ափսոսանքը, նույն բառերով հայտնում է նաեւ մեր քննադատ Թամրազյանը իմ գրքի առթիվ գրած իր ռեցենզիայում, գրում եւ ավելացնում` «Ինչպես կարելի է այսպիսի գրողին 20 տարի լռության դատապարտել»։
Եթե շարունակեմ այսպես ինքզինքս գովել, դա հատորներ կարող է կազմել։ Ուստի վերջացնում եմ այն, հարց տալով մամուլին ու Պետհրատին.
- Ի՞նչ պատասխան պիտի տաք հայ գրականության պատմությանը, այսպես կալանք դնելով նրա ընդամենը երեք երգիծաբաններից մեկի գրչի վրա։ Ո՞ր փաստաբանը պիտի կարողանա փրկել ձեզ պատմության դատաստանից։
Բայց պատասխանի համար ներկա Պետհրատի դիրեկտորները չեն էլ մտածում։ Նրանք խոսելիս իրենց բերանը բաց են անում, եւ սպասում, որ մի ուրիշը խոսի իրենց բերանով։
Երրորդ տարին է ես հիսուն մամուլ գործ եմ ներկայացրել Պետհրատին տպագրելու համար, իսկ նա ոչ տպում է, ոչ չի տպում։ Անատամ ծերունու նման այս խնդիրը գցել է բերանը լմլմում է, ոչ դուրս է թքում, ոչ էլ կուլ տալիս, ստիպելով ինձ` 76-ամյա ծերունուս անվերջ գնալ-գալ ու տանջվել։ Մի հոգեկան տանջանք, որն իր բնույթով գերազանցում է ստալինյան տանջանքներին։ Այնտեղ սրի մի հարվածով էր լուծվում հարցերը, իսկ այստեղ ծամծմվում։ Պետհրատի վրա ժողովուրդը առած է հորինել. գրելու համար տաղանդ է հարկավոր, իսկ Պետհրատում տպվելու համար հանճար։
Ընկեր Վարդանյան, ուզում եմ Ձեզ հավաստել, որ ես այն մարդը չեմ, որ արժանի լինեմ այս ոչ մարդկային վերաբերմունքին։
Ես` որպես գրող, սովետական իշխանությանն արել եմ այն, ինչ չեն արել այժմ անվերջ տպվող մի շարք գրողներ։
Իշխանության ծննդյան առաջին օրից աշխատանքի լծվելով` իմ հատու գրչով հարվածել եմ Սովետական իշխանության բոլոր գաղափարական հակառակորդներին։
Ես` ի ծնե անկուսակցականս, ոչ մի քաղաքական կուսակցության հետ այնքան ընդհանուր բան չեմ ունեցել, ինչպես կոմունիստական կուսակցության հետ, որը հնարավորություն է տվել ինձ ամբողջ 15 տարի աշխատակցել նրա կենտրոնական օրգանին։
Եվ այսպիսի նվիրված բարեկամի վեր կենալ 20 տարի մարմնապես տանջել, ցմահ` հոգեպես։
Գիտեք ի՞նչ է ասում ինձ Պետհրատը։ Մեզ տրված է այսքան մամուլի իրավունք, այն բաժանել ենք բոլոր գրողներին, քեզ հասել է ընդամենը 10 մամուլ…
Սա պատասխա՞ն է։
Այսպես պատասխանում է սոցապ մինիստրությունը իրեն ձեռք կարկառած կարոտյալներին։
Եվ կարոտյալները թոշակն ստանալուց հետո մաղթում են մինիստրությանը երկար կյանք, իսկ մահվանից հետո էլ արքայություն։
Պետհրատը չլինի՞ ուզում է արքայություն գնալ…
Թող իմացած լինի Պետհրատը, որ ես տասը մամուլի համար ոչ թե արքայություն կմաղթեմ նրան, այլ դժոխք…
Նա ինձ` վերոհիշյալ գովված Լեռ Կամսարիս, դնում է այն գրողների շարքին, որոնց վեպերը, ինչպես ասում է Խրուշչովը, կարդալիս պետք է ասեղով ծակել իրեն, չքնելու համար։
Այն գրողների շարքին, որոնց վեպերը տպարանից դեռ գլուխը դուրս չհանած խփվում են մեր քննադատներից եւ գնում Պետհրատի պահեստում մեռնելու… առանց հիշատակի։
Տպել գիրք, որ չի ծախվում, չտպել գիրք, որ անմիջապես սպառվում է։ Սա՞ է Պետհրատի պրակտիկան հիմա։
Լավ, այս բոլորը թողնենք մի կողմ։
Հիմա մի ուրիշ բան։
Ես թեեւ ծեր եմ, բայց չգիտես ինչու չեմ մեռնում եւ ունեմ դեռեւս աշխատելու մեծ կորով։
Ի՞նչ անեմ այդ կորովը։
Եթե երիտասարդ լինեի, գլուխս մեկ կողմ կնետեի եւ ինքզինքս ֆուտբոլի կտայի։ Գլխի փոխարեն ոտք։
Այդ էլ չեմ կարող։
Բավական է։ Շատ գրեցի։ Դուք կարդալով ձանձրացաք, ես` գրելով։ Հիմա խոսքի կարճը։
Ընկեր Վարդանյան, կարո՞ղ եք ներշնչել Պետհրատին, որ առանց ծվատելու ամբողջությամբ տպագրի իմ իրեն ներկայացրած 50 մամուլ երկերիս ժողովածուն։
Այդ ժողովածուն կարդացել եւ նրա պատասխանատվությունը գրական ու քաղաքական տեսակետից երաշխավորել է ռեցենզիստ Ադո Ադոյանը։
Այս հարցը, ընկեր Վարդանյան, դնում եմ Ձեր առջեւ եւ սպասում պատասխանի։
Ցանկալի էր, որ այդ պատասխանը լիներ գրավոր, որ ես այն կցելով ներկա գրությանս պատճենին, թողնեի պատմությամ դատաստանին։
Հարգանքներով` Լեռ Կամսար
Հասցես` Թումանյան 15
5. 10. 64թ.,Երեւան
Այս դիմումի գրավոր պատասխանը այդպես էլ չեղավ, պարոն Վարդանյան։ Բայց այնուհանդերձ 10 մամուլը դարձավ` 20 ։ Չգիտեմ կա՞ր արդյոք Ձեր միջամտությունը։
1965-ին, երբ պատրաստ էր 20 մամուլանոց «Մարդը տանու շորերով» գրքի ամբողջ տպաքանակը եւ հեղինակը սրտատրոփ սպասում էր ազդանշանային օրինակին, «Հայաստան» հրատարակչությունից «ավետեցին, որ գիրքը կալանքի տակ է։ Պապիս բեզարած սիրտը այլեւս չդիմացավ, եւ Լեռ Կամսարը սրտի կաթվածից մահացավ (Տես `«Լեռ Կամսարն ու Խորհրդային մտայնությունը»):
Մինչ տպարանը կհասցներ ստանալ արգելանքի որոշումը, արդեն հասցրել էր մի փոքրիկ մաս ուղարկել գրադարաններին եւ թերթի կրպակներին։ Բավականաչափ էլ օգտվեց տպարանի պահեստապետը` 59 կոպեկանոց գիրքը 3 ռուբլով վաճառելով։ Պահեստապետը որքան էլ ճարպիկ գտնվեր, չէր սպառի ամբողջ տպաքանակը։
Արդ, պարոն Վարդանյան, տարիների հեռավորությունից ես կփափագեի իմանալ`
- Ի՞նչ եղավ 10000 տպաքանակի ճակատագիրը (տարբերակներ` այրեցին, թափոնի վերածեցին, այլ տարբերակ),
- Ի՞նչն էր գրքի կալանավորման պատճառը (միակ տարբերակը` «Թատրոնի դիրեկտորը» ֆելիետոնը. Տե՛ս, «Մարդը տանու շորերով» գիրքը, 1965թ., էջ 85 ). քաղաքական մոտիվները բացառվում են, որովհետեւ Գլավլիտը հավեսով էր աշխատել),
- Ո՞վ էր գլխավոր պատվիրատուն` (միակ տարբերակը` Սունդուկյանի թատրոնի դիրեկտոր Ղազար Ղազարյան եւ տեղակալ Սուրեն Բադալյան)
- Ինչպե՞ս դա կազմակերպվեց (տարբերակներ` զանգ վերեւից, «զանգ ընկերոջը», խաշի սեղանի շուրջ կամ այլ տարբերակ),
- Եվ ամենագլխավորը` ու՞մ «թեթեւ» ձեռքով է որոշումը կայացվել`
վերջապես ես որպես թոռ իրավունք ունեմ իմանալու, թե ով է ստորագրել պապիս մահվան դատավճիռը…
Հարգանքներով` Վանուհի Թովմասյան
22, հունիս 2006թ.
Թումանյան 30/36
հեռ։ 541846
Խնդրում եմ միայն նորից չասել, որ Լեռ Կամսարին չգիտեիք, թե չէ կմտածեմ, որ Ձեր պաշտոնում լավ չեք աշխատել։
«Ակամա ոճրագործությունս ինչպե՞ս հաշտեցնեմ խղճիս հետ»
Հ.գ. Այս նամակն էլ Լեռ Կամսարի նամակի պես անպատասխան մնաց: (Հավանաբար, ցույց չէին տվել հասցեատիրոջը): Եվ դա լավ է, գիտե՞ք: Ինչ կարիք կար, անցյալը փորփրելով, հիվանդ մարդուն կյանքի ավարտին ցավ պատճառել:
Նույն տրամաբանությամբ շատ ավելի լավ կլիներ, որ Լեռ Կամսարին էլ Անդին ուղարկելիս՝ այս գրքի արգելանքի պատմությունը չլիներ, և հեռանալիս գրողն այսչափ դառնացած չլքեր էս Մեղավոր Աշխարը...
Ասա մարդուն խեղդել, պրծել էիք՝ էս անիմաստ չարագործությունը ինչների՞դ էր...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել